Կորյուն-Վարք Մաշտոցի

Կորյունը հեղինակն է հայերեն առաջին գրքի, որը նվիրված է Մեսրոպ Մաշտոցի կենսագրությանն ու գրերի գյուտի պատմությանը։ Գրքի արժանիքը առավել ևս մեծ է նրանով, որ հեղինակը ժամանակակիցն ու մասնակիցն է մշակութային այդ կարևոր իրադարձության։Կորյունի մասին կենսագրական որոշ տեղեկություններ պահպանվել են իր երկում։ Հայտնի չեն ոչ նրա ծննդյան տարին և ոչ էլ վայրը, միայն գիտենք, որ եղել է Մաշտոցի ավագ աշակերտներից Վաղարշապատի վարդապետարանում` հայկական առաջին դպրոցում։Ուսման շրջանն ավարտելուց հետո իր ընկերների հետ ուղարկվել է Հայաստանի գավառները ուսուցչության և քարոզչության, ապա, 424թ., հավանաբար Մաշտոցի առաջարկով, ընկերներից Ղևոնդի հետ մեկնել է Կոստանդնուպոլիս` հունական մատենագրությանն ու հունարենին հմտանալու, թարգմանություններ կատարելու նպատակով։ Այստեղ նրանք միացել են Մեսրոպ Մաշտոցի ավագ աշակերտներից Հովսեփ Պաղնացուն և Եզնիկ Կողբացուն, որոնք նույն նպատակով ուղարկվել էին այնտեղ, «...պատահեց, որ մեր Հայաստան աշխարհից դիմեցին, իջան հունական կողմերը մի քանի եղբայրներ, որոնց առաջինի անունը Ղևոնդես էր, և երկրորդը ես Կորյունս էի, և Կոստանդինական քաղաքում մոտեցան, հարեցին Եզնիկին, իբրև ընտանեգույն սննդակցի, և այնտեղ միասին կատարեցին հոգևոր պիտույքի խնդիրը [այսինքն թարգմանության գործը]»։Ավարտելով իրենց կրթությունը, նրանք վերադառնում են հայրենիք։ Այստեղ Կորյունը շարունակում է զբաղվել կրթական, քարոզչական գործով։
Մեսրոպ Մաշտոցի մահից հետո Կորյունը մտորում է գրել իր ուսուցչի կենսագրությունը. «Մինչդեռ ես իմ մտքի մեջ մենակ հոգում էի իրողությունները հիշելու, - գրում է Կորյունը,- ահա եկավ, հասավ ինձ Հովսեփ կոչված մի պատվական մարդու, նրա [Մաշտոցի] աշակերտի հրամանն այդ անելու համար, դրա հետ նաև ուրիշների, մեր ուսման աշակերտակիցների քաջալերությունը։ Ուստի և ես, որ բախտ էի ունեցել նրա մասնավոր աշակերտը լինելու, թեպետ և կրտսերագույնն էի նրա աշակերտների մեջ, և այդ մեր ուժից վեր էր, բայց և այնպես բռնադատվելով ինձ հասած անաչառ հրամանից, սկսեցի շտապելով և անհապաղ գրի անցնել առաջադրանքը» Եվ Կորյունը գրում է իր գիրքը` «Պատմութիւն վարուց և մահուան առն երանելւոյ սրբոյն Մաշթոցի վարդապետի մերոյ թարգմանչի», որը համառոտ կոչվում է «Վարք Մաշտոցի»։ Ամենայն հավանականությամբ այն գրվել է 443-450 թթ. միջև։«Վարք Մաշտոցի» երկը մեզ է հասել երկու տարբեր խմբագրությամբ` ընդարձակ և համառոտ։ Ոմանք համառոտն են Համարել հարզատ, նախնականը, ուրիշները` ընդարձակը։ Այժմ վերջնականապես ապացուցված է, որ Կորյունի գրչին պատկանում է ընդարձակը, իսկ համառոտը հետագա` VI-IX դարերում փոփոխությունների ենթարկված մի տարբերակ է, կատարված հիմնականում Մովսես Խորենացու «Հայոց պատմության» ազդեցությամբ։Ներածական հատվածից հետո Կորյունը գրել է ընդարձակ մի առաջաբան, որտեղ բազմաթիվ օրինակներով, մեջբերումներով ցանկանում է հիմնավորել, թե որքանով է թույլատրելի «կատարյալ մարդկանց վարքի մասին գրել»։Առաջին հայացքից թվում է, թե այդ առաջաբանը չի առնչվում բուն նյութի հետ. հավանաբար այդ է պատճառը, որ համառոտ տարբերակում հանված է։ Սակայն Կորյունն այդ հատվածը գրել է ոչ պատահական, նա ունեցել է իր նպատակադրումը։Ինչպես հայտնի է, վարքեր գրվում էին միայն սրբերի մասին։ Ընդհանուր քրիստոնեական գրականությունից հայտնի են Բարսեղ Կեսարացու, Հովհան Ոսկեբերանի, Գրիգոր Նազիազանցու, Սեղբեստրոսի և այլոց վարքերը։ Բայց չէ որ Մեսրոպը սուրբ չէր։ Կորյունը Մաշտոցին հավասար է դասում նրանց, քանի որ նա հայ ժողովրդի համար կատարել էր այնպիսի մի բացառիկ գործ, ինչպիսին գրերի գյուտն էր։Հայաստանում, մինչև հայերեն այբուբենի ստեղծումը, եկեղեցիներում արարողությունը լինելով ասորերեն և հունարեն, մեծ դիրքի էր հասել օտար, մանավանդ, ասորի հոգևորականությունը, որ վայելում էր պարսից արքունիքի հովանավորությունը։ Գրերի ստեղծումը և հայերեն լեզվով քարոզելը մեծ չափով հեղինակազրկել էր նրանց, բայց և իրենց նախկին իրավունքների համար պայքարի հանել։ Եվ քանի որ նրանց ազդեցությունը մեծ էր, Կորյունն էլ ըստ երևույթին ցանկացել է կանխել անխուսափելի հարձակումները և գրել է այդ առաչաբանը։Վերոհիշյալ հատվածից հետո սկսվում է գրքի բուն մասը` Մեսրոպ Մաշտոցի վարքը, ուր տրվում է Մաշտոցի կենսագրությունը` ծննդյան վայրը, ում որդի լինելը, կրթություն ստանալը և այլն, Մաշտոցի գործունեությունը արքունիքում, քարոզչությամբ զբաղվելը Գողթն գավառում, ապա` գրերի գյուտը։Կորյունը գրերի գյուտը նկարագրել է մանրամասնորեն, լիովին գիտակցելով նրա մշակութային ու քաղաքական մեծ նշանակությունը։Գրերի ստեղծմամբ մտահոգված էր ոչ միայն հոգևոր, այլև աշխարհիկ իշխանությունը։Երբ Մեսրոպը և Սահակը Վռամշապուհ թագավորին հայտնում են իրենց մտադրության մասին, թագավորը տեղեկացնում է, թե իրեն հաղորդել են, որ Դանիել անունով մի ասորի հոգևորականի մոտ կան հայերեն գրեր։ Վռամշապուհը Վահրիճ անունով մեկին ուղարկում է Հարել երեցի մոտ, որը Դանիել եպիսկոպոսի մերձավորներից էր, և բերել է տալիս արդ գրերը։ Սակայն, ինչպես պարզվում է կարճ ժամանակ այդ գրերով ուսուցանելուց հետո, դրանք չէին բավարարում հայերենի հնչյունական համակարգին։ Եվ Մեսրոպ Մաշտոցը հանձն է առնում ստեղծել հայերեն տառերը։
Այդ նպատակով նա իր աշակերտների հետ մեկնում է Եդեսիա և Սամոսատ, որտեղ ձեռնամուխ է լինում այդ տքնաջան գործին։ Եդեսիայում էլ, ինչպես գրում է Կորյունը, Մաշտոցը «իր սուրբ աչով հայրաբար ծնեց նոր և սքանչելի ծնունդներ-հայերեն լեզվի նշանագրերյ»։ Սամոսատում էլ Հռոփանոս անունով մի հույն գրագրի հետ միասին «նշանագրերի բոլոր զանազանությունները` բարակն ու հաստը, կարճն ու երկայնը, առանձինն ու կրկնավորը ամբողջապես հորինելուց և վերջացնելուց հետո` ձեռնարկեց թարգմանություն անելու երկու մարդու, իր աշակերտների հետ, որոնց առաջինի անունը Հովհան էր, Եկեղյաց գավառից և երկրորդը` Հովսեփ, Պաղնական տնից»։Կորյունը հատկապես նկարագրում է Մաշտոցին ցույց տրված այն հանդիսավոր ու ջերմ ընդունելությունը, երբ նա վերադառնում է Սամոսատից` բերելով հայերեն նշանագրերը. «Երբ եկավ, մոտեցավ թագավորական քաղաքին, իմաց տվեցին թագավորին և սուրբ եպիսկոպոսին։ Նրանք նախարարագունդ ավագանու բոլոր բազմությունն առնելով` քաղաքից դուրս եկան, Ռահ գետի ափին դիմավորեցին երանելիին։ Եվ ցանկալի ողջույնը միմյանց տալուց հետո` այնտեղից ցնծության ձայներով և հոգևոր երգերով ու բարձրաձայն օրհնություններով ետ դարձան քաղաքը, և տոնական ուրախությամբ անց կացրին օրերը» ։Այնուհետև Կորյունը պատմում է Մաշտոցի` ինչպես Վաղարշապատում, այնպես էլ Հայաստանի գավառներում ծավալած ուսուցչական գործունեության և թարգմանչական աշխատանքի մասին։Գրերի գյուտից հետո Մաշտոցը նախ ուղևորվում է դեպի Արարատ լեռան հյոլսիս-արևելյան շրջանները, ուր բնակիչների համար գրերի ուսուցումը «դժվար մատչելի էին ոչ միայն իրենց դիվական, սատանայակիր, ճիվաղական բարքի, այլև խեցբեկագույն և կոշտ ու կոպիտ լեզվի պատճառով»։ Հեթանոսության «հայրենական սովորություններն» էին իշխում Գողթնում, Սյունիքում և այլ վայրերում։Ինչպես երևում է Կորյունի այս վկայությունից, հայ նոր դպրությունը կոչված է եղել ոչ միայն ծառայելու քրիստոնեության ամրապնդմանը, այլև դեռևս հեթանոսական հավատք ունեցող գավառներում նոր կրոնի տարածմանը։

Комментарии