Ղևոնդ Ալիշան


Աղբյուրը 

http://www.findarmenia.com

Ղևոնդ Ալիշան

(1820—1901)
Գրականություն. Ղևոնդ ԱլիշանՂևոնդ Ալիշանը (իսկական անուն-ազգանունը՝ Քերովբե Ալիշանյան Պետրոս–Մարգարի, 1820—1901), հայ բանաստեղծ, բանասեր, պատմաբան, աշխարհագրագետ և թարգմանիչ է։ Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ 1838-ից։ Ծնվել է հուլիսի 6–ին, Կ. Պոլսում, դրամագետ-հնագետի ընտանիքում։ Սկզբնական կրթությունը տեղի Չալըխյան վարժարանում ստանալուց (1830—32) հետո ուսումը շարունակել է Վենետիկի Մխիթարյանների դպրոցում (1832—41)։ Հետագայում աշխատել է Վենետիկի Ռափայելյան վարժարանում որպես ուսուցիչ (1841—50, ապա՝ 1866—72), տեսուչ (1848-ից), «Բազմավեպ»–ի խմբագիր (1849—51), ուսուցիչ Փարիզի Մուրատյան վարժարանում (1859—61)։ 1872-ից ամբողջովին նվիրվել է գիտական գործունեության։ Եղել է ֆրանսիական ակադեմիայի Պատվո լեգեոնի դափնեկիր (1886), Ենայի Փիլիսոփայական ակադեմիայի պատվավոր անդամ և դոկտոր (1897), անդամակցել է իտալական, ռուսական և այլ գիտական ընկերությունների։ Մահացել է նոյեմբերի 9–ին և թաղվել Վենետիկի Ս. Ղազար կղզում։
Ալիշանը գրական ասպարեզ է իջել որպես բանաստեղծ։ Շարունակելով Մխիթարյանների գրական ավանդները՝ սկզբում գրել է կրոնական թեմաներով, գրաբարով։ Հայ ժողովրդի ազգային ինքնագիտակցության և համախմբման շրջանում, երբ ժողովրդի ազատագրական ձգտումները նոր մարմնավորում էին ստանում, Ալիշանի ստեղծագործությունը դարձավ դրա արձագանքն ու արտացոլումը։ Այդ երկերում, որոնք գրված են աշխարհաբարով, նա պատկերել է հայ ժողովրդի պատմական անցյալի հերոսական դրվագները։ 1847–60-ին «Բազմավեպ»–ում Նահապետ ստորագրությամբ Ալիշանը հրատարակել է մի շարք բանաստեղծություններ և պոեմներ («Ողբամ զքեզ, Հայոց աշխարհ», «Հրագդան», «Մասիսու սարերն», «Հայոց աշխարհիկ», «Վերջին երգ վիրավոր բամբռահարին», «Աշոտ Երկաթ ի ծովուն Սևանա», «Պլպուլըն Ավարայրի», «Շուշանն Շավարշանս»), որոնք նրա պոեզիայի բարձրակետն են։
Ալիշանը իր ուժերը փորձել է նաև գեղարվեստական արձակում՝ հրատարակելով «Յուշիկք հայրենեաց հայոց» (հ. 1—2, 1869—70) պատմա-գեղարվեստական ստեղծագործությունը։ Հայ ժողովրդի հերոսական անցյալի օրինակով նա երիտասարդ սերնդին սովորեցրել է սիրել հայրենիքը, չխնայել կյանքը նրա փրկության համար («Կարմիրն Վարդան»), գնահատել ու պահպանել ժողովրդի մշակույթը («Աբգար Դպիր») և այլն։
Տիրապետելով եվրոպական ու ասիական բազմաթիվ լեզուների՝ Ալիշանը կատարել է մի շարք թարգմանություններ, օր. Ջ. Միլտոնի «Դրախտ Կորուսյալ»–ը (հատված, «Ծաղկաքաղ քերդողաց Անգղիացւոց», 1852), Ջ. Բայրոնի «Իտալիա»–ն («Չայլդ Հարոլդ» պոեմի չորրորդ երգը, 1860), Ֆ. Շիլլերի «Երգ ի զանգակն» (1871), Հ. Լոնգֆելլոյի «Հնձողն և ծաղկունք»–ը («Քնար Ամերիկյան», 1874) և այլն։
Ալիշանը եղել է հայ ժողովրդական բանարվեստի առաջին գնահատողներից և բանահավաք-ուսումնասիրողներից։ «Հայոց երգք ռամկականք» (1852, համատեղ արված են հայերեն բնագիրն ու անգլերեն թարգմանությունը) ժողովածուն մեր գիտական բանագիտության առաջին աշխատություններից է։
Իր լավագույն ստեղծագործություններով Ալիշանը հաղթահարել է կլասիցիզմը և ուղի հարթել ռոմանտիզմի համար՝ դառնալով այդ ուղղության հիմնադիրներից մեկը հայ գրականության մեջ։
Կոչ անելով հայությանը «զենքն ի ձեռին» ազատագրել հայրենիքը, պայքարով ձեռք բերել սեփական ազատությունն ու անկախությունը՝ Ալիշանը, սակայն, ապագա Հայաստանի հասարակական-քաղաքական կառուցվածքը պատկերացրել է որպես լուսավորյալ միապետություն («Ցուշիկք...»–ի «Ըսկիզբն տարւոյ և մարդկութեան ի Հայս», «Աշոտ Ա և Հայաստան հազար տարի առաջ» գլուխները)։
Գիտական հոդվածներով Ալիշանը հանդես է եկել 1843-ից՝ «Բազմավեպ»–ի էջերում։ «Տեղագիր Հայոց Մեծաց» (1855) աշխատության մեջ տեղագրել է պատմական Հայաստանի գավառները, տվել նրանց համապատասխան գիտա-աշխարհագրական բնութագրությունը։ Ալիշանը նախատեսել էր գրել պատմական Հայաստանի բոլոր տասնհինգ նահանգների մասին պատմա–աշխարհագրական բնույթի աշխատություններ, որոնք պետք է զետեղվեին 20–22 մեծադիր հատորներում։ Շարքի առաջին գործն է «Շիրակ»–ը (1881), որտեղ նա, բնավ Հայաստանում եղած չլինելով, հանգամանալից քննության է ենթարկել այդ գավառի պատմությունն ու աշխարհագրությունը։ Այնուհետև իրար են հաջորդել «Սիսուան» (1885), «Այրարատ» (1890) և «Սիսական» (1893) աշխատությունները, որոնք չհնացող կոթողներ են հայագիտության գանձարանում։ Այդ գործերում Ալիշանը մասնագիտական մանրակրկիտությամբ տեղագրել է Հայաստանի պատմական նահանգների լեռները, գետերը, լճերը, ձորերը, արժեքավոր տեղեկություններ հաղորդել քաղաքներում, շեներում ու գյուղերում եղած մեծ ու փոքր պատմական հուշարձանների մասին։ Նրա տեղագրական երկերում հավաքված են բազմաթիվ մեծարժեք նյութեր հայկական վանքերի, զանազան հուշարձանների վրա եղած արձանագրություններից, ամփոփված են իր նկարագրած տեղավայրերից մինչ այդ հրատարակված բոլոր արձանագրությունները։ Ալիշանը հետևել է ժամանակին լայն տարածում ստացած «աշխարհագրական ուղղությանը», ըստ որի մարդկային հասարակության զարգացման հիմնական ազդակը աշխարհագրական միջավայրն է։ 1881-ին Վենետիկամ կայացած աշխարհագրագետների համաշխարհային երրորդ կոնգրեսում նա կարդացել է «Հայկական աշխարհագիտություն» թեմայով զեկուցում (իտալերեն, հայ. հրտ. 1881), որտեղ, ի թիվս Հայաստանի աշխարհագրության հետ առնչվող բազում հարցերի, պաշտպանել է այդ տեսությունը։
Ալիշանը կարևոր ներդրում ունի մի շարք հայ պատմիչների գործերի գիտական հրատարակման բնագավառում։ Դրանցից են՝ Կիրակոս Գանձակեցու «Համառօտ պատմութիւն» (1865), Լաբուբնա ասորի մատենագրի «Թուղթ Աբգարու...» (թրգմ. անգլերենից 1868), Խոսրով Անձևացու «Մեկնութիւն աղօթից պատարագին» (1869), «Սմբատ Գունդստաբլ հայոց և Անսիզք Անտիոքայ» (հայերեն բնագրով և նրա ֆրանսերեն թարգմանությամբ, 1876), «Կամենից, Տարեգիրք հայոց Լեհաստանի և Ռումենիոյ» (1896) երկերը, «Սոփերք հայկականք» մատենաշարի 22 հատորիկները  (1853-61)։
Ուշագրավ են Ալիշանի «Հայբուսակ կամ հայկական բուսաբառութիւն» (1895) աշխատությունը, ուր հեղինակը հավաքել, դաս–դասել և գիտականորեն բնութագրել է հայկական բնաշխարհի ավելի քան 3400 բույսեր ու ծաղկատեսակներ (150-ից ավելի նկարներով), «Հին հաւատք կամ հեթանոսական կրօնք հայոց»–ը (1895), ուր քննվում են հայկական հեթանոսության ծագումնաբանական ակունքները և այլն։
Իր գիտական հսկայական ժառանգությամբ (ավելի քան 45 հատոր) Ալիշանը մեծապես նպաստել է հայրենական գիտության զարգացմանը։ Նրա գործերից շատերն այսօր էլ ունեն ճանաչողական արժեք և սկզբնաղբյուրի նշանակություն։

Комментарии