Վարդավառի տոն




   Հուլիսի 7-ը Վարդավառի տոնն է կամ Քրիստոսի Պայծառակերպության օրը: Այն Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է: Տոնը շարժական է, և նշվում է Սուրբ Զատիկից 98 օր հետո` հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում և քրիստոնեական ընկալմամբ մեկնաբանվում է որպես Քրիստոսի պայծառակերպություն՝ որպեսացած մարդու խորհրդանիշ:
  Միաժամանակ տոնի արմատները գնում են մինչև հեթանոսական ժամանակներ: Հնում Վարդավառի տոնը կապվում էր հայկական դիցարանի ջրի, սիրո, պտղաբերության ու գեղեցկության աստվածուհի Աստղիկի հետ: Վարդավառին մեծ տոնակատարություններ էին կատարվում, Աստղիկին վարդեր էին նվիրում, աղավնիներ էին բաց թողնում և միմյանց վրա ջուր ցողում: Ջուր ցողելու սովորությունը պահպանվել է նաև մեր օրերում:
 Պատմում են, թե ինչպես է Հիսուս Քրիստոսը բարձրացել Թաբոր լեռան վրա և իր ամենօրյա աղոթքների շնորհիվ լուսավոր կերպարանք առել:
 «Հիսուսը բացահայտեց իր աստվածային փառքը, աստվածային զորությունը: Այստեղ են լինում նաև նրա աշակերտներից, որոնք վերջնականապես համոզվում են, որ Քրիստոսը Աստծո որդին է: Տոնը Վարդավառ է կոչվում այն բանի համար, որ համեմատվում է վարդի կոկոնի հետ, որի մինչև բացվելը չենք իմանում, թե ինչ գույն ու տեսք է ունենալու: Այդպիսին է նաև Հիսուս Քրիստոսը»:
 Տոնի անվանման իմաստը քչերին է հայտնի: Այն որևէ կապ չունի վարդ բառի հետ: Տոնը գալիս է մինչքրիստոնեական ժամանակներից և կապված է բերքահավաքի շրջանի հետ: Այն իր մեջ պարունակում էր ջրի ու բնության պաշտամունք և կապված էր Նար և Աստղիկ աստվածությունների հետ:

Комментарии