ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՍՈՒՑՉԻ ՄԱՍԻՆ


ՍԻՐԵԼԻ ՈՒՍՈՒՑԻՉ

Սիրելի ուսուցի՛չ, տեսնում եմ ձեզ նորի՛ց,
Բայց արդեն ճերմակա՛ծ ավելի:
Եվ գիտեմ, որ մեկն էլ՝ այդ ճերմակ մազերից,
Եղել է իմ մեղքով երևի...

Աչքերիդ լույսերը, լույսե՜րը հարազատ
Անցել են իմ ջահել աչքերին:
Ես գիտեմ, որ դուք ինձ հիշե՛լ եք անընդհատ,
Ինչպես որ հիշում եք բոլորին:

Ինձ նորից հարցրեք այն անցած դասերից,

Այն անցած խոսքերից անհամար,
Ու եթե սխալվեմ, ուղղեցե՛ք ինձ նորից,
Ես հավե՜րժ աշակերտ ձեզ համար:

Ես եկել եմ այցի, և թող ձեռքըդ հոգնած
Համբուրեմ որդու պես անձնվեր,
Եվ ասեմ, որ կյանքում բոլոր լուսե մարդկանց
Ուսուցիչ անունն են միշտ տվել:



ՄԱՔՈՒՐ ԱՐՄԱՏ

Սիրտդ ինչպե՞ս ազնի՜վ մնաց նենգ աշխարհում,
Ոգիդ ինչպե՞ս անմե՜ղ մնաց մեղք աշխարհում:
Նրանից է, որ դու ունես մաքո՛ւր արմատ:
Այդ արմատո՛վ պիտի ապրենք մենք աշխարհում:


ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Մենք կարող էինք չլինել հիմա...
Բայց որովհետև եղա՛նք աշխարհում՝
Հենց դրա համար, հենց դրա համար
Արժե, որ հայտնենք շնորհակալություն:

Մայր բնությանը և մեր մայրերին,
Ուսուցիչներին և ընկերներին -
Որպես հարգանքի շարունակություն՝
Միասին հայտնենք շնորհակալություն:

Հերթո՛վ ենք եկել և կանցնենք հերթով:
Եվ նրանց, ովքեր մեր մահից հետո
Մեր անունները կհիշե՛ն կյանքում -
Նախապես հայտնենք շնորհակալություն:

ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆ

Արդյոք ինչո՞վ է կյանքը գեղեցիկ.
Մանուկներո՜վ է կյանքը գեղեցիկ:

Գեղեցիկ է նա և հրաշալի՝
Սիրահարներո՜վ ամբողջ աշխարհի:

Գեղեցիկ է նա ուսուցիչներո՜վ՝
Հոգեկան ու նուրբ սնուցիչներով:

Գեղեցիկ է նա ուսանողներո՜վ,
Մեր ծնողներո՜վ, մայրակա՜ն սիրով:

Եվ ճերմակահեր, նաև ազդեցիկ
Ծերուկներո՛վ է կյանքը գեղեցիկ...


ՅՈԹ ԱԶՆԻՎ ՊԱՏԳԱՄ

Ուսուցչուհին ասաց մեզ.
-Ձեզ յոթ սեր եմ պատգամում -
Նախ՝ Հայրենի՛ք սիրեցեք,
Ուրիշ մեծ սեր չի լինում:

Ծնողներին սիրեցեք -
Նրանցի՛ց եք ծնվել դուք:
Եվ մայր լեզուն սիրեցեք -
Նրանո՛վ եք սնվել դուք:

Բնությունը սիրեցեք -
Մա՛րդ կպահի նա միշտ ձեզ:
Ազնվությունը սիրեցեք -
Վա՛րդ կպահի նա միշտ ձեզ:

Միշտ սիրեցեք աշխատանք
Ու մեծ արվե՛ստ սիրեցեք:
Եվ այս հավերժ լուսնի տակ
Մեկին հավե՛րժ սիրեցեք...

Ով իրեն է լոկ սիրում՝
Նա դժբախտ է աշխարհում:
Յոթ սրբություն թե սիրեք -
Յոթնապատիկ կսիրվեք...

Ո՞Վ Է ՀԱՅՈՑ ԱՄԵՆԱՄԵԾ ՈՒՍՈՒՑԻՉԸ

Ո՞վ է հայոց ամենամեծ ուսուցիչը,
Զորավարը, դերասանը և գրիչը:
Ես կարծում եմ՝ հայ մեծագույն երևույթը
Այդ մեծերին ծնող-սնող ժողովուրդն է:

ՄԱՇՏՈՑ

Երախտապա՜րտ ենք, Մեսրոպ Մաշտոց,
Տառերի համար քո ստեղծած:
Դրանով փրկվե՛ց ազգը հայոց,
Եվ այդ տառերով հայը մնա՛ց:

Բայց ահա ոմանք նույն տառերով
Զրպարտությո՜ւն են գրում հիմա:
Եվ վախենում եմ, որ դրանով
Հայ համարվողը հայ չմնա:

Բայց դու քանի կա՛ս՝ նա կմնա՛:

ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒՆ

Ով ցանկանում է, որ հավերժ ապրի,
Մայրենի լեզուն պետք է պահպանի:
Իսկ ով չի կարող՝ վաղը կամ հիմա
Իր ժողովրդին պատասխա՛ն կտա:




Комментарии

  1. Իմ կողմից ակրոստիկոս.

    Ուրախ աչքերիդ լույսով ենք սնվում,
    Սիրալիր ժպիտդ ընդմիշտ վայելում.
    Ուսուցանում ես մեզ մեր դպրոցում
    Ցանում բարության իմաստը կյանքում.
    Չափազանց մեծ է ներդրումը քո
    Ուղիներում մեր կյանքի դպրության,
    Հարազատի պես խնամք ես տալիս
    Իրականացնում հույսն ապգայիս.


    ОтветитьУдалить
  2. Շատ հետաքրքիր ակրոստիկոս է ստացվել ինձ շատ դուր եկավ և շատ օգնեց նոր ակրոստիկոս մտածելու վերաբերյալ

    ОтветитьУдалить

Отправить комментарий