Երկաթե շերեփի խորհուրդը

Երբ հայկական պատվիրակությունը     Խրիմյան Հայրիկի ղեկավարությամբ մեկնելու էր Եվրոպա Բեռլինի կոնգրեսին մասնակցելու, նրա շրջապատի մոտիկ մարդիկ նրան հարցնում են.
-Սիրելի՛ Հայրիկ, դու եվրոպական լեզուներ չգիտես, ինչպե՞ս ես արտահայտվելու, Հայկական հարցը եվրոպական տերությունների ղեկավարների առջև ինչպե՞ս ես բարձրացնելու:
-ճիշտ է, ես չգիտեմ նրանց լեզուն, բայց գիտեմ մի լեզու, որ ընդհանուր է և հասկանալի բոլոր ազգերի համար, դա լացն է: Ես կբարձրանամ ամբիոն ու խոսելու փոխարեն հոնգուր - հոնգուր լաց կլինեմ, և եվրոպական պատվիրակները կզգան իմ ազգի ողբալի վիճակը:
Իհարկե, Խրիմյան Հայրիկին և նրա պատվիրակությանը ոչ միայն ձայն չտվին վեհաժողովում, այլև ներս չթողեցին:
Հայկական հարցը չլուծվեց, և մեր պատվիրակությունը հուսախաբված վերադարձավ:
Երբ Խրիմյան Հայրիկին հարցնում էին Բեռլինի վեհաժողովի մասին, նա հուզված ասում էր, որ այնտեղ կաթսայով հարիսա էին բաժանում, և ուրիշ պետություններ եկել էին երկաթե շերեփով ու վերցրին իրենց հասանելիք հարիսան, իսկ մենք հայերս, գնացել էինք թղթե շերեփով, և դրա համար մեզ հարիսա չհասավ:
<<Դուք ինձ շերեփի տեղը թուղթ տվիք,այդ թղթի կտոր որչափ որ խոթեցի տաք հարիսայի մեջ,թուղթ թացացավ,լխկեցավ, մեջն ընկավ,ես ալ թողի ետ եկա.մոռացա առաջուց մի քանի հատ զեյթունցի տանեի հետս,անոնք շերեփ ունեին...ժողովուրդ ,ամենեն առաջ քո ազատության հույսը քո վրա դիր,քո խելքին,բազկին ուժ տուր, մարդ ինքն իրմե պետք է աշխատի,որ փրկվի>>,- գրել է Խրիմյանը:
 Այս խոսքերով իմաստուն հոգևորականը ողջ հայության մոտ ուզում էր այն գիտակցությունը արթնացնել,որ ազատությունը ձեռք է բերվում ոչ թե խնդագրերի,այլ երկաթե շերեփի՝ զինված պայքարի գնով:




Комментарии