Մեծ Պահք


 Այս տարի Մեծ Պահքի շրջանը սկսվում է փետրվարի 27-ից և տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն:

 Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք:
Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից:
Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու` անօգուտ է: «Սատանան միշտ պահքի մեջ է, ոչինչ չի ուտում, բայց մեղք գործելուց չի դադարում և չի հոգնում», - ասում է Ս. Գրիգոր Տաթևացին: «Լեռան քարոզում» Քրիստոս պահքի մասին ասում է. «Երբ ծոմ պահեք, տրտմերես մի լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսներն այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երևան, թե ծոմ են պահում, ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը, այսինքն` մարդկանց երևալը և նրանցից գովվելը: Այլ երբ դու ծոմ պահես, օծի քո գլուխը և լվա քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց ծոմ պահող, այլ քո Հորը, գաղտնաբար, և քո հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ» (Մատթ. 6:16-18): Մեր Տերը սովորեցնում է, թե ինչ ոգով է պետք այն կատարել: Ինչպես հիվանդությունն է ազդում մարմնի վրա, այնպես էլ մեղքն է ազդում հոգու վրա: Պահեցողությունը չէ, որ մեղքը քավում է: Աստված է քավիչը: Սակայն պահեցողությունը կարևոր է քավչարար այս սրբագործության մեջ: Զղջումը, աղոթքը, ապաշխարանքը հիմնական պայմաններն են Աստծո բուժիչ և քավիչ զորությունն ստանալու:
 Պահքի 40 օրը խորհրդանշում է անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության և ապաշխարության շրջանը: Իր մկրտությունից հետո Հիսուս «հոգով անապատ առաջնորդվեց ու քառասուն օր փորձվեց սատանայից: Չկերավ ու չխմեց այն օրերին» (Ղուկ. 4:1-3): Հիսուս Իրեն ծոմապահության ենթարկեց մարդկային ցեղի փրկության համար, մարդկության փոխարեն Ինքն ապաշխարեց, որպեսզի բոլոր պահեցողություն անողների ապաշխարանքն իմաստ և իրականություն ստանան շնորհիվ իր ծոմապահության: Քառասնօրյա պահքին հաջորդում է պահոց ևս մեկշաբաթյա շրջան` Ավագ շաբաթը: Այդ է պատճառը, որ քառասնօրյա կոչվող պահքը 48 օր է տևում:
Մեծ Պահքն ունի յոթ կիրակի, յոթ հիշարժան օրեր. Բուն բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդ:
Մեծ Պահքը կիսվում է միջինքով: Պահքն այդ օրը չեն ընդհատում: Պարզապես ժողովրդական սովորության համաձայն` այդ օրը բաղարջից պահոց գաթա են պատրաստում:
Մեծ Պահքի շրջանում վաղնջական կանոններով արգելված են եղել պսակադրությունները և մատաղը: Սակայն Վազգեն Ա կաթողիկոսի շրջաբերականով խիստ անհրաժեշտության դեպքում թույլատրվեց պսակադրություն կատարել Մեծ Պահքի շաբաթ և կիրակի օրերին, բացառապես Ավագ շաբաթվա բոլոր օրերի:
Եկեղեցական տոնացույցի համաձայն տարին բաժանվում է տոնական և պահոց օրերի: Պահոց 158 օրերի մեծ մասը կարճատև պահքեր են` օրապահքեր (չորեքշաբթի և ուրբաթ օրերը` ի հիշատակ Հիսուս Քրիստոսի մատնության և չարչարանքների) և շաբաթապահքեր, իսկ առավել ժողովրդականություն վայելող և ամենաերկարատև պահքը Մեծ կամ Քառասնորդական պահքն է: Ի՞նչ է պահքը: Առաջին իմաստով այն կամավոր ինքնազրկումն ու զսպվածությունն է սննդի նկատմամբ: Եկեղեցական ավանդության համաձայն` երեք տեսակի պահքեր գոյություն ունեն: Առաջինը սովորական պահքն է` կենդանական ծագում ունեցող սննդից (բացառությամբ մեղրի) և ոգելից խմիչքներից հրաժարումը: Երկրորդը սրբապահքն է` հրաժարումը նաև բուսական ծագման` ընդհուպ մինչև սոսկ աղուհացով սնվելը (Մեծ պահքի շրջանը կոչվում է նաև Աղուհացի շրջան): Երրորդը ծոմն է` միառժամանակ ընդհանրապես հրաժարումը սննդից և անգամ ջրից:
Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ և ընդգրկում է Փրկչի երկրային կյանքի վերջին կարևորագույն իրողությունները` հաղթական մուտքը Երուսաղեմ (Ծաղկազարդ), Վերջին Ընթրիքը, Մատնությունը, Չարչարանքները, Խաչելությունը, Մահը, Թաղումը և ի վերջո հրաշափառ Հարությունը` Ս. Զատիկը:

Комментарии