Այցելություն Օշականի Սբ. Մաշտոց եկեղեցի

Դպրոցի կոլեկտիվը այցելեց Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի: Հոկտեմբերի 14-ին նշվեց Թարգմանչած տոնը:Հայաստանի ճանաչված եկեղեցիներից է: Հուշարձանը գտնվում է Օշական գյուղում, կառուցվել է 1873-1879 թթ. Գևորգ Դ Կոնստանդնուպոլսեցի կաթողիկոսի կողմից, հայ ժողովրդի մեծագույն երախտավոր Մեսրոպ Մաշտոցի դամբարանի վրա:
Դամբարան. Գտնվում է եկեղեցու ավագ խորանի տակ: Կառուցվել է 440 թ. Վահան Ամատունու կողմից: Ուղղանկյուն թաղածածկ խուց է արևելյան կողմից խորշով, արևմտյանից` բացվածքով, հարավային և հյուսիսային կողմերից մուտքերով, վերջինս փակված է, իսկ հարավայինը բացվում է դեպի ավանդատուն:Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցի. Դամբարանի հիմնումից հետո Վահան Ամատունին որոշում է 443 թ. դամբարանի վրա կառուցել նաև բազմախորան, բազիլիկատիպ եկեղեցի, որը, ցավոք, երկար կանգուն չի մնում: 12 դար հետո Փիլիպոս Ա. Աղբակացի կաթողիկոսի կողմից եկեղեցին ենթարկվում է վերակառուցման, որը 200 տարի անց ևս փլուզվում է:1873-1879 թթ. ի բարեբախտություն Գևորգ Դ Կոնստանդնուպոլսեցի կաթողիկոսի նախաձեռնության` եկեղեցին հիմնովին վերակառուցվում է` ստանալով ներկայիս տեսքը:Նոր եկեղեցին միանավ, թաղածածկ` երեք թաղակիր կամարներով հագեցված, դահլիճատիպ, գլխավոր աբսիդի երկու կողմերում ավանդատներով կառույց է: Մուտքերը երեքն են` հարավային, հյուսիսային և արևմտյան կողմերից: Արտաքին ճակատները զարդարված են դեկորատիվ կամարաշարով:Գեղարվեստական արտահայտչամիջոցներից առանձնանում են եկեղեցու ներսում 1964-1966 թթ.` նկարիչներ Հ. Մինասյանի և Հ. Մամյանի կողմից արված` «Փառք հայ գրի և դպրության» եռապատկեր հորինվածքով որմնանկարները, որոնք իրավամբ հանդիսանում են XX դարի հայ մոնումենտալ արվեստի լավագույն ստեղծագործություններից:

Զանգակատուն. Կառուցվել է 1884 թ., երկհարկ, ութ սյուներով պսակված գմբեթով կառույց է: Զանգակատունը իր ճարտարապետական լուծումներով բացառիկ է հայկական եկեղեցաշինության մեջ` վեր է խոյանում եկեղեցու արևելյան կողմին կցված:
1880 թ. Վահան Ամատունու գերեզմանի վրա կանգնեցվել է կոթող, իսկ 1913 թ. եկեղեցու հարավային կողմում կառուցվել է դպրոցի շենք:

Комментарии