Սարդարապատ 1918-2018

               

  Թող հավերժ ապրի մեր ժողովուրդը    
Մայիսը մեր ժողովրդի համար խորհրդանշական ամիս է, համազգային մաքառման, պայքարի ու փառահեղ հաղթանակների ամիս: Ավարայր, Սարդարապատ, Շուշի` մայիսյան երեք գոյամարտեր, որ հիրավի բախտորոշ եղան մեր ժողովրդի համար:
Ավելի քան ինը տասնամյակ առաջ Արարատյան դաշտավայրի սրտում` Երևանից ոչ հեռու, մեր ժողովրդի` ցեղասպանությունից մազապուրծ բեկորները կենաց-մահու գոտեմարտ մղեցին եղեռնագործ թշնամու դեմ` հանուն հայրենի երկրի վերջին թիզ հողի ազատության, հանուն ազգի գոյատևության:
Սարդարապատը մեր ժողովրդի անպարտելի ոգու, անկոտրում կամքի և անսպառ զորության հաղթանակն էր: Կարեվեր, գրեթե հոգեվարք ապրող ժողովուրդը օրհասական պահին կարողացավ ժողովել իր վերջին ուժերը և մի բռունցք դարձած վճռական ճակատամարտում անկասելի հարվածով ջախջախեց դարավոր թշնամու բազմահազարանոց բանակը:
Սարդարապատը մեր ժողովրդի միաբանության հաղթանակն էր, բանակի և հասարակության բոլոր խավերի` զինվորի և շինականի, գյուղացու, մտավորականի ու հոգևորականի համերաշխության հաղթանակը: Հերոսամարտի ողջ ընթացքում ճակատը և թիկունքը միաձույլ ամբողջություն էին. հայ ժողովուրդը լիովին զորավիգ էր իր բանակին:
Սարդարապատի փառահեղ հաղթանակը կռեց մեր ողջ ժողովուրդը` հայ զինվորի հաղթական ոգու և բազկի զորությամբ: Հայ զինվորը հաղթեց` իր հաղթանակով ամրագրելով մեր ժողովրդի` ազատ ապրելու, անկախ պետություն ունենալու իրավունքը: Մայիսյան այդ հերոսամարտից 600-ամյա ընդմիջումից հետո վերածնվեց հայոց անկախ պետականությունը` 1918-1920թթ. Հայաստանի Հանրապետությունը: Սարդարապատը մեր ժողովրդի համար համազգային հաղթանակի խորհրդանիշ է, ազատության խորհրդանիշ: Այս դաշտում հնչած խրոխտ մարտակոչի արձագանքն էր, որ հատելով ժամանակային անջրպետը` 1988-ին թևածում էր Արցախի լեռներում` համայն հայությանը ոտքի հանելով նոր հաղթական ազատամարտի: Սարդարապատը մեր գալիք հաղթանակների, մեր ժողովրդի ազատության ու հարատևության գրավականն է:





Комментарии