К основному контенту
Ծնվեց մահկանացու, թողեց՝ անմահ հիշատակ
Ծովի հանդեպ սիրո և փայլուն տաղանդի շնորհիվ նկարիչը բացառիկ ճշգրիտ է փոխանցել ծովի շարժումներն ու շունչը ավելի քան 6000 կտավում:
<<Ծովն իմ կյանքն է»,- խոստովանում էր Իվան Այվազովսկին՝ անգերազանց ծովանկարիչ, որի մասին գիտեն բոլորը, նույնիսկ մարդիկ, որոնք շատ հեռու են արվեստից: Վարպետ, որի կտավներում ծովը կենդանի է՝ արևով ողողված, հանդարտ, խիստ կամ ալեկոծված: «Բախտը ժպտաց ինձ»,- կյանքի ավարտին ասում էր մեծ նկարիչը: Հուլիսի 29-ին լրանում է նրա 197-ամյակը։Հովհաննես Այվազովսկին ծնվել է Մոլդովայից գաղթած հայ մանր առևտրական Գևորգ Այվազի (Հայվազ, ապա՝ Կոստանդին Հայվազովսկի) ընտանիքում: Թեոդոսիայի հայկական եկեղեցու ծննդյան և մկրտության մատյանում Այվազովսկու ծնունդը գրանցված է՝ Գևորգ Այվազյանի որդի Հովհաննես:Այվազովսկու հարազատ Թեոդոսիայում մինչ օրս կենսունակ են լեգենդները տղայի մասին, որն ածուխի կտորով նկարներ էր անում հայկական թաղամասի տների ճերմակ պատերին:Այվազովսկու մանկությունն անցել է աղքատության մեջ, սակայն նրա տաղանդն աննկատ չմնաց: Կազնաչեևի աջակցությամբ տաղանդավոր տղան 1831-ին ընդունվեց գիմնազիա, իսկ հետո՝ Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա, որն Այվազովսկին ավարտեց ոսկե մեդալով: Իր վաղ շրջանի բնանկարների ու ծովանկարների համար արժանանալով պարգևների, նա սկսեց նկարել Ղրիմի ծովափնյա քաղաքների պատկերների շարքը։ Այնուհետև Այվազովսկին մեկնեց Եվրոպա։ Գարնանը նա վերադարձավ Թեոդոսիա, որտեղ արհեստանոց բացեց ու սկսեց աշխատել:1840-ին ակադեմիան նրան գործուղեց արտասահման` կատարելագործվելու. նա եղավ Իտալիայում (նաև Սբ Ղազար կղզում), Իսպանիայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Հոլանդիայում, մասնակցեց ցուցահանդեսների, արժանացավ համընդհանուր ճանաչման:
«Ձկնորսները ծովի ափին», 1852
Նրա կտավները մեծ հետաքրքրություն էին առաջացնում: Այվազովսկուն ողջունում էին Իտալիայում ապրող գրող Գոգոլը, նկարիչ Իվանովը, Պետեբուրգի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր Իորդանը, հայտնի անգլիացի ծովանկարիչ Ջ. Թըրները:1844-ին, արտերկրում 4 տարի մնալուց հետո, Այվազովսկին վերադարձավ հայրենիք արդեն որպես ճանաչված վարպետ, Հռոմի, Փարիզի ու Ամստերդամի գեղարվեստի ակադեմիաների ակադեմիկոս: Վերադարձից հետո նա դարձավ Պետերբուրգի ակադեմիայի ակադեմիկոս, նշանակվեց Ծովային գլխավոր շտաբի ծովանկարիչ: 1845-ից մշտապես բնակվում էր Թեոդոսիայում, ստեղծում 1853–56 թթ-ի Ղրիմի պատերազմին նվիրված մարտանկարներ («Ծովամարտ»՝ 1855, «Սևաստոպոլի պաշտպանությունը»՝ 1859), պաշարված Սևաստոպոլում բացեց ցուցահանդես, նաև ոգևորում ու օգնում էր քաղաքի պաշտպաններին:Այվազովսկին շրջագայում էր նաև Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի երկրներում, ԱՄՆ-ում, 1868-ին ուղևորվում է Կովկաս. նա ստեղծել էր լեռնային բնանկարներ՝ «Գունիբ լեռան ամրոցը», «Դարիալի կիրճը», «Թիֆլիսի տեսարան» և այլ գործեր: 1869-ին Թիֆլիսում բացեց հայ իրականության մեջ առաջին ցուցահանդեսը: 1873-ին Ֆլորենցիայի ակադեմիայի պատվերով Պիտտի պալատի պատկերասրահի համար, որպես օտարերկրյա մեծ նկարիչ, ստեղծեց իր «Ինքնանկարը»: 1890-ականներին` հայերի կոտորածների ծանր օրերին, Այվազովսկին «Հայերի ջարդը Տրապիզոնում 1895 թվին», «Նավերի բեռնումը», «Թուրքական նավերը Մարմարա ծովն են թափում հայերին» կտավներով իր ցասումն արտահայտեց ընդդեմ թուրք ջարդարարների: Նա նյութապես օժանդակում էր Ղրիմ փախած հայ գաղթականներին:Այվազովսկին մի քանի պատկեր էր նկարել նաև Օսմանյան սուլթանի համար, որոնք ներկայումս թուրքական թանգարաններում են։ Թուրքական սուլթանը շքանշանով էր պարգևատրել Այվազովսկուն, սակայն երբ Թուրքիայում 1890-ականներին հայերի կոտորածներ էին, նկարիչը թուրքական շքանշանը կապեց իր շան վզին, իսկ հետո տարավ և նետեց ծովը։Ապրելով երկարատև ստեղծագործական կյանք, Այվազովսկին դարձավ ժամանակի առավել հայտնի ռուսական նկարիչը։ Նա թողեց 6․000-ից ավելի ստեղծագործություն․ այդ գլուխգործոցներից են՝ «Իններորդ ալիք» (1850), «Սև ծովը» (1881), «Փոթորիկ Նիսի ափերին» (1885), «Ալիքների մեջ» (1898), «Փոթորիկ Ազովի ծովում» (1889) և այլ կտավները: Հայաստանի նկատմամբ նկարչի սերն արտահայտվել է «Արարատ» (1868, 1887), «Արարատ լեռան հովիտը» (1882), «Նոյն իջնում է Արարատից» (1889), «Հայ մարտիկի երդումը» (1891), «Հայ ժողովրդի մկրտությունը» (1892), «Խրիմյան Հայրիկն Էջմիածնի շրջակայքում» (1895.) և այլ կտավներում:
«Նոյն իջնում է Արարատից», 1889
Այվազովսկու գործերը պահվում են աշխարհի նշանավոր թանգարաններում, Հայաստանի ազգային պատկերասրահում և Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում: Այվազովսկու գործերն աճուրդով վաճառվել են մինչև $2 միլիոն 125 հազար ամերիկյան դոլարով:Թեոդոսիայի բնակիչներն աստվածացնում էին Այվազովսկուն: Նա ոչ միայն իր կտավներով փառաբանում էր քաղաքը, այլև մկրտում բնակիչների երեխաներին, ամուսնացնում օժիտ չունեցող աղջիկներին, ֆինանսավորում հուղարկավորությունները… Բացի այդ Այվազովսկու միջոցներով քաղաքն ունեցավ ջրագիծ ու երկաթուղի, հիանալի շատրվան: Զարմանալի չէ, որ ամեն մի առիթով քաղաքի բնակիչներն իրենց բարերարի տունը պատում էին ծաղիկներով, որոնք այդտեղ էին բերում սայլերով:Այվազովսկու անունով է կոչվում Թեոդոսիայի փողոցներից և մոտակա բլուրներից մեկը, զբոսայգին: Երևանում և Թեոդոսիայում նրա հուշարձանները կան:
Երբ Այվազովսկին մահացավ, Թեոդոսիան սգի մեջ էր: Փակվեցին դպրոցները, խանութները, շուկան: Հարյուրավոր մարդիկ լալիս էին: 1999-ի մայիսի 2-ին Այվազովսկուն հուղարկավորեցին զինվորական պատիվներով՝ Թեոդոսիայի հայկական Սբ Սարգիս եկեղեցու բակում, որտեղ նա մրկտվել էր ու պսակադրվել: Նրա շիրիմին գրաբարով գրված է. «Ծնվեց մահկանացու, թողեց՝ անմահ հիշատակ»:
Շատ արվեստագետներ են սիրել և պատկերել ծովը, սակայն միայն մեկը՝ Հովաննես Այվազովսկին է իրեն ամբողջությամբ նվիրել ծովին:
Комментарии
Отправить комментарий