ԱՊՐԵԼ




Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,
Որ սուրբ հողըդ երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը:
Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,
Որ դու ինքդ էլ երբեք չզգաս քո սեփական մանրությունը:
ՈՒ թե հանկարծ անպետքություն քեզ համարես,
թե ինքըդ քեզ արհամարհես ու համառես,
քեզ հետ վիճի՛, քեզ չզիջի՛,
համբերատար քեզ հետ խոսի՜,
հակառակո՛ւմ քեզ համոզի ինքը... հզոր Հանրությունը...

Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,
Որ ուրիշի խինդով խնդաս,
Որ ուրիշի ցնծությունով
Ինքդ էլ ցնծաս, ինքդ էլ թնդաս:
Լինես, մնաս ամենքի հետ,
Նրանց կամքին հպատակվես,
«Ես»-ըդ խառնես մեծ «մենք»-ի հետ,
Նրանց ցավով լուռ տապակվես:
Տրվես նրանց լույսի նման
Եվ չխաբես՝ հույսի նման:
Արշալույսի նման բացվես նրա՛նց համար,
Վերջալույսի նման բոցվես նրա՛նց համար:
Թե լաց լինես՝ նրանց համար,
Թե բաց լինես՝ նրանց համար:
Եվ հա՜ց լինես նրանց համար՝ հոգևոր հա՛ց,
Քեզ նրանցով կյանքում զինես
Եվ նրանցով կյանքում լինես ոգևորվա՜ծ:
Եվ նրանցով կյանքում լինես թույլ կամ ուժեղ,
Եվ նրանցով կյանքում լինես բույլ կամ մժեղ:
Թշվառ՝ ինչպես անապաստան,
Հարուստ՝ ինչպես լայն տափաստան...

Ապրե՜լ, ապրե՜լ, ապրել այնպե՛ս,
Որ նրանց հետ մթնես-ամպես,
Եվ նրանց հետ շանթարձակվես.
Մեկտեղ հանկարծ ընդարձակվես,
Մեկտեղ դառնաս գունդուկծիկ.
Մեկտե՜ղ բացվես, մեկտե՜ղ փակվես՝
Ինչպես նամակ և կամ բացիկ...

Ապրե՜լ, ապրե՜լ, ապրել մեկտե՛ղ,
Կյանքդ խառնել նրանց կյանքին,
Տառապանքդ՝ տառապանքին,
Ջանքդ՝ ջանքին,
Ցանքդ՝ ցանքին,
Եվ ենթարկվել նրանց կամքին,
Նրանց կամքն էլ քեզ ենթարկել,-
Դառնալ և՛ շանթ, և՛ շանթարգել...


***

Ու եթե հարցնես կտակասերին,
Ճարպոտ կժպտա ու կհռհռա,
Թե աքաղաղը
Զուրկ է ձեռքերից լոկ ա՛յն պատճառով,
Որ հավն էլ չունի իրան ու հագուստ:
Իսկ ես (ի՜նչ կատակ)... տնքոցով մի բութ
Ասում եմ, ինչպես պաղատում են գութ.
-Առե՛ք ձեռքերըս, խնդրեմ, կտրեցե՛ք,
Որովհետև ես, ահա՛, տնկած եմ
Պարտականության ու սիրո միջև՝
Ուղեփակոցի գերանի նման,
Եվ որովհետև ես այսուհետև
Կարի՜ք չունեմ իմ այս ձեռքերի,
Եթե նա՛ չկա,
Ում մի ժամանակ «իմս» էի ասում,
Եվ ասում այնպե՛ս,
Որ բուդդայական պպզած գորտերը
Առվի եզերքին
Պլշած աչքերով ինձ էին նայում
Եվ, հավանաբար, ջանք էին անում միտը պահելու
Կարճ, բայց և կրակված այդ բառը («ի՜մըս»)...

Հիմա դու իմն ես, որքան որ իմն է... Մադագասկարը,
Հիմա դու իմն ես,
Որքանով իմն է... Հաբեշստանի արքայադուստրը,
Որովհետև ե՛ս,
Ես ի՜նքս եմ տնկված պարտականության ու սիրո միջև՝
Ուղեփակոցի գերանի նման...
Այսպես չե՜ն սիրում:
Այսպես...մեռնում են մի դանդաղությամբ,
Որով փետում են հին նավակները ծովախորշեր
ո

Комментарии