Հայկական ճարտարապետական հուշարձաններ

       Հաղպատի վանք

Լոռի



Հաղպատը X-XIIIդդ. Հայաստանի նշանավոր հոգևոր մշակութային կենտրոններից էր (Լոռի մարզ)։ XIIդ. 2-րդ կեսից XIVդ. Հաղպատի վանքը դառնում է Կյուրիկյան թագավորության թեմական կենտրոն, Սանահինից այստեղ է տեղափոխվում տեղական թագավորների տոհմական գերեզմանատունը։ XIդ. վերջում Տաշիրը հաճախ ասպատակում են սելջուկները, 1105թ.-ին Հաղպատը և Սանահինը կողոպտում է Ղզիլ ամիրան, իսկ 1111-1113թթ.-ին անկում է ապրում տեղական թագավորությունը։ XIIդ. 2-րդ կեսից XIVդ. Հաղպատը պատկանում էր Մահկանաբերդի Արծրունիներին, ապա` Զաքարյաններին։ Իվանե Ջաքարյանի հրամանով 1223թ.-ին վանքի միաբանության պաշտպանության համար մոտակայքում կառուցվում է Հաղպատի ամրոցը։ XI-XIIIդդ. Հայաստանում հայտնի էին Հաղպատի դպրոցը և գրատունը։ Այստեղ ուսուցանել են քերականություն, հռետորության, փիլիսոփայություն, աստվածաբանություն, երաժշտություն և այլ առարկաներ։ Հաղպատը հայտնի էր նաև իր մանրանկարչական դպրոցով։

Մի քանի տարի կրոնավորի սքեմի տակ Հաղպատում է ապրել Սայաթ-Նովան։

Հաղպատի վանքը հիմնադրվել է 976թ.-ին, Բագրատունի Աշոտ Գ-ի թագավորության ժամանակ։ Տեղադրված է կիրճերով եզերված սարահարթի վրա, որի մատույցները վերահսկել է XIIIդ. հատկապես այդ նպատակով կառուցված Կայանբերդը։ Վանքը միջնադարյան Հայաստանի խոշոր մշակութային կենտրոններից էր, ուր գործել են ժամանակի նշանավոր գործիչներ, գրվել և նկարազարդվել են բազմաթիվ ձեռագրեր, որոնց թվում 1211թ.-ի «Հաղպատի Ավետարանը»։

Համալիրի կազմում են Ս.Նշան տաճարը, երկու գավիթ, երեք փոքրաչափ եկեղեցի, երկու միջանցք-տապանատուն, սեղանատունը, գրատունը, զանգակատունը, մի քանի մատուռ-դամբարաններ և խաչքարեր։ Համալիրը շրջապատված է աշտարակավոր պարսպով։ Նրա տարածքից դուրս են աղբյուրի շենքը և մի քանի փոքր եկեղեցիներ։ Համալիրի հնագույն եկեղեցին Ս.Նշանն է, որը կառուցել է Խոսրովանույշ թագուհին` 976-991թթ.-ին։ Ս.Նշանն ամբողջությամբ փայլուն օրինակ է X-XIդդ. հայկական ճարտարապետության մեջ կազմավորված ոճական նոր ուղղության, որը դրսևորվեց այդ դարաշրջանի բազմաթիվ

կառույցներում։ Ըստ ավանդության` այն կառուցել է ճարտարապետ Տրդատը։ Տաճարին արևմուտքից կից է մեծ գավիթը, որ կառուցվել է XIIIդ. 10-ական թթ.` 1185թ.-ին իշխանուհի Մարիամի հիմնարկած տապանատան տեղում։ Գավիթը ուշագրավ է իր ներքին հորինվածքով։

Գլխավոր տաճարից հյուսիս վանահայր Համազասպը 1257թ.-ին կառուցել է ընդարձակ մի գավիթ, այսպես կոչված, «Համազասպի շենքը», որը արևելքից կցված է ոչ մեծ, թաղածածկ եկեղեցու։

«Համազասպի շենքի» արևելյան պատի հարավային մասին կից է գրատունը։ XIդ. այստեղ եղել է գրատան հին շենքը, որը XIIIդ. արմատապես վերակառուցվել է:

XIIIդ.-ում տաճարի, «Համազասպի շենքի» և գրատան միջև ընկած տարածքը ծածկվել է թաղով և վերածվել տապանատան։ Նրա անմիջական շարունակությունն է տաճարի արևելյան երկայնքով ձգվող թաղածածկ միջանցքանման երկրորդ տապանատունը։ Այս երկու կառույցները հուսալի կերպով ապահովել են համալիրի շենքերը բլրալանջից իջնող անձրևաջրերի հոսքից։

Համալիրի արևելյան մասում է զանգակատունը` կառուցված 1245թ.-ին։ Այն եռահարկ է` առաջին երկու հարկերում տեղավորված են յոթ աղոթարաններ, երրորդ հարկը սյունակազմ ռոտոնդա է։ Կառույցը աչքի է ընկնում իր ներդաշնակ համաչափություններով։

Հյուսիսային մասում է գտնվում XIIIդ.-ում կառուցված սեղանատունը։ Իրենց ուրույն տեղն ունեն մեմորիալ հուշարձանները։ Դրանցից են` հյուսիս-արևմտյան մասում, պարսպի մոտ կողք-կողքի տեղադրված Ուքանանց տոհմի երեք դամբարանները (XIIIդ. 1-ին քառորդ), միջանցքանման տապանատունը, Ս.Նշան տաճարի հյուսիսային մուտքի մոտ տեղադրված «Ամենափրկիչ» խաչքարը (1273թ.)` կանգնեցված աթաբեկ և ամիրսպասալար Սադունի պատվին։ Տաճարի Ավագ խորանը և պատերի առանձին հատվածները որմնանկարազարդ են եղել։ X դարից մեզ է հասել Ավագ խորանի որմնանկարների առաջին շերտը, ուր Դեիսուս կոմպոզիցիայում պատկերված է գահին նստած Քրիստոսը։ Ավելի ցած եղել են ավետման, ծննդոց, մկրտության տեսարաններ։

Քանդակագործական արվեստի հոյակապ գործ է տաճարի արևելյան ճակտոնապատի վերին մասում տեղադրված կտիտորական կոմպոզիցիան, ուր դեմառդեմ կանգնած Սմբատ և Գուրգեն թագավորները պահում են տաճարի մանրակերտը:

Շինությունների հիմնական խմբից դուրս է վանքի աղբյուրը (1258թ.):

Հաղպատի գրադարանը միջնադարում հայ ձեռագրերի գանձարաններից ամենահարուստն էր։ Հիմնվել է XIդ., Հաղպատի վանքի Ս.Նշան եկեղեցու մոտ։ Հետագայում, ապահովության համար, ձեռագրերը տեղափոխվել են վանքի մոտակա քարայրերը, որոնք ոչ միայն գրապահոցի, այլև ընթերցարանի դեր են կատարել։

* * *

Հաղպատ անվանման հետ կապված են բազմաթիվ լեգենդներ, նրանցից մեկի համաձայն Սանահինի իշխաններից մեկը հրավիրում է իր մոտ ճանաչված մի վարպետի` վանք կարուցելու համար: Վարպետը ներկայանում է իշխանին որդու հետ: Աշխատանքի ընթացքում վեճ է առաջանում հոր և որդու միջև: Ենթավարպետներից մեկը բռնում է որդու կողմը: Այսպես` կռվելով հոր հետ որդին թողնում է աշխատանքը, վեր է կենում և հեռանում: Ճանապարհին, մի ուրիշ իշխան վարձում է նրանց` իր վանքը կառուցելու պատվերով: Երբ որդու բարձրացրած պատերը հասնում են այնքան որ տեսանելի են դառնում Սանահինից, աշխատավորները հաղորդում են դրա մասին ծեր վարպետին: Ոչ աշխատանքային օրը նա որոշում է այցելել որդու շինարարությունը, մոտենում է կիսասարք վանքի պատին և երկար զննում այն: Բոլորը լուռ սպասում էին ծեր վարպետի գնահատականին: Վերջապես, նա հրեց շարվածքի քարը և ասաց. «Ախ պատ»: Այստեղ հայր և որդի գրկախառնվեցին և բարիշեցին: Իսկ վանքին մնաց «Հաղպատ» անվանումը:



* * *
   Հաղպատ գյուղը հնում կոչվել է Սրբլիս (Սուրբ Լույս), որովհետև արևը բարձրանում էր հարևան սարի հետևից և լույս էր սփռում հարևան գյուղերի վրա: Հաղպատի վանքի կառուցումից հետո գյուղը վերանվանվեց, իսկ Սրբլիս անունը անցավ հարևան սարին:

Комментарии