Անրի Վեռնոյ





Անրի Վեռնոյը (իսկական անուն-ազգանունը՝ Աշոտ Մալաքյան) 1924 թ-ին ընտանիքի հետ Թուրքիայից գաղթել է Հունաստան, ապա հաստատվել է Մարսելում, 1930 թ-ին՝ Փարիզում: Վաղ տարիքում երգել է Մարսելի հայկական եկեղեցում, հաճախել կաթոլիկական դպրոց:
Վեռնոյն ավարտել է Էքս ան Պրովանսի ֆրանսիական լիցեյը, այնուհետև ստացել բարձրագույն կրթություն, դարձել լրագրող: Ֆրանսիական մամուլում հոդվածաշար է տպագրել Հայկական հարցի, ռադիոհաղորդումներ վարել կինոյի մասին: 1948 թ-ից աշխատել է կինոյում. եղել է ռեժիսորի ասիստենտ, ապա` բեմադրող ռեժիսոր, նկարահանել է շուրջ 20 կարճամետրաժ կինոնկարներ: 
1948 թ-ին նկարահանել է իր առաջին ֆիլմը՝ «Հայոց վշտի և ազատության երգիչը» (նվիրված է գրող Ավետիս Ահարոնյանին): Առաջին լիամետրաժ՝ «Սեղան մեռածների համար» (1951 թ., ըստ Մարսել Էմեի) կինոնկարով Վեռնոյը դասվել է Ֆրանսիայի լավագույն ռեժիսորների շարքը: Նրա ֆիլմերում նկարահանվել են նշանավոր դերասաններ Ֆեռնանդելը, Ժան Գաբենը, Ժան-Պոլ Բելմոնդոն, Ալեն Դելոնը, Էնտոնի Քուինը, Հենրի Ֆոնդան, Իվ Մոնտանը և ուրիշներ: Վեռնոյն ստեղծել է շուրջ 60 լիամետրաժ կինոնկարներ. լավագույններից են՝ «Արգելված պտուղ» (1952 թ.), «Կառնավալ» (1953 թ.), «Կովը և զինվորը» (1959 թ.), «Նախագահը» (1961 թ.), «Ճակատամարտ Սեն Սեբաստիանում» (1968 թ.), «Սարսափ քաղաքում» (1975 թ.), «Հազար միլիարդ դոլար» (1982 թ.) և այլն:
Վեռնոյը 1988 թ-ի Սպիտակի երկրաշարժին նվիրված «Քեզ համար, Հայաստան» երգի (տեքստը՝ Շառլ Ազնավուրի, երաժշտությունը՝ Տիրան Կառվարենցի) տեսահոլովակի ռեժիսորն է: Հայկական թեմային անդրադարձել է վերջին երկու՝ «Մայրիկ» (ըստ  իր «Մայրիկ» վեպի, նաև սցենարի հեղինակն է) և «Պարադի փողոց, տուն 588» (երկուսն էլ՝ 1991 թ.) կինոնկարներում, որտեղ ներկայացնում է իր ընտանիքի պատմությունը:
Վեռնոյն արժանացել է ԳլխավորՀնգոտանի ոչխարը», 1954 թ., Լոկառնո), «Օսկար» («Այսպիսի տարբեր ճակատագրեր» ֆիլմի սցենարի համար, 1956 թ.), «Ոսկե արմավենու ճյուղ» («Հարյուր հազար դոլար արևի տակ», 1964 թ., Կանն), «Սեզար» (կինոյում ունեցած ներդրման համար, 1996 թ., Ֆրանսիա) մրցանակների:
Վեռնոյը Ֆրանսիայի գեղարվեստի ակադեմիայի անդամ էր:
Վեռնոյը պարգևատրվել է Հայ եկեղեցու «Սբ Գրիգոր Լուսավորիչ» I աստիճանի շքանշանով (1980 թ.):

Комментарии