Ավ.Իսահակյան - Բանաստեղծություններ


Կուզեի

Կուզեի լինել գարնան արեգակ,
Չքնաղ վարդերով կուրծքդ պճնեի.
Անդորր սրտիդ մեջ վառեի կրակ,
Մութ աչերիդ մեջ պայծառ շողայի:
Կուզեի լինել երգող շատրվան
Եվ երազներդ լուռ օրորեի,
Կամ թե շողշողուն ոսկի ծիածան
Շուշան ճակատիդ պսակ հյուսեի:
Կուզեի լինել ալիքը ծովի
Եվ ոտներիդ տակ մեղմիկ հեվայի,
Կամ թե լեռների բուրմունքը հովի
Փարթամ մազերդ շոյելու գայի:
Կուզեի լինել երկինք աստղավառ
Քեզ, ինչպես երկրի շուրջը, պատեի,
Հազար ու հազար աչքերով գոհար
Քեզ դյութված, արբած հավերժ նայեի...


Կտակ
Սիրուն մանկի՛կ, ես գնում եմ, դու գալիս ես այս աշխարհ.
Ճշմարիտն ես փորձով գիտեմ ու խոսքերս մի՛ մոռնար:

Կյանքն է ամպի փախչող ստվեր, վայրկյանն է միշտ իրական.
Բախտի կռանը կամքն է թեև, բայց դիպվածն է տիրական:

Զգացմունքն է գերիշխանը, խելքը՝ նրա լոկ ծառան.
Բայց դու՛ խելքդ վրադ պահի՛ր, ինչպես պողպատ կուռ վահան:

Մի՛ հավատար ստվերներին, հենվի՛ր միայն քեզ վրա,
Ատելու չափ սի՛րիր մարդկանց, բայց լավություն միշտ արա:

Եվ լայն օրում թե՝ ընկերներ, թե բարեկամ ճանաչի՛ր.
Իսկ նեղ օրում ընկերների ո՛չ որոնիր, ո՛չ կանչիր:

Խաղերով լի այս աշխարհում խաղդ եթե տանուլ տաս,
Զվարթ եղի՛ր, ու այդպիսով բախտի վրա կըխնդաս:

Անվախ ու վեհ ղեկդ վարե անծանոթին դեմ-դեմի.
Անզղջալի առաջ գնա՛, ինչ որ լինի՛, թո՛ղ լինի:

Լսի՛ր, տղա՛ս, ինձ կթաղես անհայտ մի տեղ, աննշան,
Որ չիմանան, մարդիկ չգան՝ շիրմիս քարը գողանան:

Ասում են

Ասում են, թե՝ դու այնպես
Մոռացել ես ինձ այնպես,
Որ երբ անունս են տալիս,
Հազիվ միտքդ եմ գալիս:

Բայց, նազելիս, ձեր բակում
Այն լորին է դեռ ծաղկում,
Որի քնքուշ բույրի մեջ
Քեզ գրկեցի սիրատենչ:

ՈՒ գրկիս մեջ այսօր դեռ
Կիզող կրակ է վառվել,
Իսկ երբ անունդ են տալիս,
Սիրս արյուն է լալիս:

Ա՜խ, իրա՞վ է՝ դու այնպես
Մոռացել ես ինձ այնպես,
Որ երբ անունս են տալիս,
Հազիվ միտքդ եմ գալիս...

Շատ մի´ տխրիր , շատ մի՝ խնդար, սիրելիս

Շատ մի´ տխրիր , շատ մի՝ խնդար, սիրելիս,
- Այս աշխարհում և ոչ մի բան հիմք չունի.
Վաղանցուկ են, կան ու չկան, սիրելիս,
Բոլոր իրերն ու աստղերը անհունի։

Լայնսիրտ եղիր, ողջը երազ համարե,
- Այս աշխարհում և ոչ մի բան միտք չունի.
Լացը՝ ժըպիտ ու սերը՝ ցավ համարե,
Թե որ ապրես, կյանքըդ ինչու՞ համար է։

Ախ, մի´ տխրիր, վիշտը կանցնի,- այդ ոչինչ,
- Այս աշխարհում և ոչ մի բան գին չունի.
Շատ մի´ հրճվիր, սերն էլ կանցնի, բայց ոչինչ,
Կյանքն էլ կանցնի,- այդ որ ոչինչ ու ոչինչ:

Տարիներ հետո քեզ տեսա նորից

Տարիներ հետո քեզ տեսա նորից,
Սիրտս արտասվեց, բայց ժպտացի ես,
Նույն աղջիկն էիր՝ չքնաղ բոլորից,
Հոգուս մտերիմ, հարազատ այնպե՛ս:
Աչքերդ մեղմով հանգչեցին վերաս,
Ես հպարտ ու վես անցա քո մոտով.
Շուրջս ծածանվեց լուսեղեն երազ.
Եվ ետ նայեցի անզուսպ կարոտով:
Սուտ է, նազելիս, չի զատել երբեք,
Երբեք չի զատել մեզ կյանքը դաժան.
Քու՛յր իմ, ամոքիր սիրտս վշտաբեկ,
Տե՛ս, քոնն եմ ես միշտ, քո՛նն եմ հավիտյան...

Комментарии