Գրգոր Նարեկացի-Տաղեր


 Գրիգոր Նարեկացի-Տաղ Վարդավառի

«Գոհար վարդն վառ առեալ
ի վեհից վարսիցն արփենից:
Ի վեր ի վերայ վարսից
ծավալէր ծաղիկ ծովային:
Ի համատարած ծովէն
պղպջէր գոյնն այն ծաղկին,
Երփին երփնունակ ծաղկին
շողշողէր պտուղն ի ճղին:
Քրքում վակասիր պտուղն
սնանէր խուռն տերևով.
Տերևն տաւիղ տուողին
զոր երգէր Դաւիթ հրաշալին:
Ի փունջ խուռներամ վարդից
գոյնզգոյն ծաղկունք ծաղկեցան:
Այդ սօս ու տօսախ ծառերդ
վարդագոյն ոստս արձակեցին:
Այդ նոճ ու բողբոջ արօսդ
զարդ առեալ վարդն շուշանին.
Շուշանն շողէր հովտին,
շողշողէր դէմ արեգականն.
Այն հիւսիսային հովէն
հով հարեալ գոհար շուշանին.
յԱյն հարաւային լեռնէն
քաղցր օդով ցօղէր շուշանին:
Շուշանն շաղով լցեալ,
շող-շաղով և շար մարգարտով:
Ծաղկունքդ ամէն շաղ առին,
շաղն յամպէն, ամպն յարեգակնէն.
Աստեղքդ ամէն շուրջ առին,
դէմ լուսնին գունդ-գունդ բոլորին:
Գունդ-գունդ խաչաձև գնդակ,
յօրինուած երկնից շուրջանակ:
Փառք Հօր և Որդւոյն յաւէտ,
սուրբ Հոգւոյն այժմ և յաւիտեանս:»

Տաղ Հարության
Փա՜ռըք Քրիստոսի ամենազօր յարութեան։
Սայլն այն իջանէր ի լեռնէն ի Մասեաց.
Եւ ի վերայ նորա աթոռք են կարգեալ,
Եւ ի վերայ նորա՝ գահոյք ոսկեղէնք,
Եւ ի վերայ նորա՝ բեհեզք ծիրանիք,
Եւ ի վերայ նորա՝ Որդի արքայի,
Եւ յաջմէ նորա վեցթևեան սերովբէքն,
Յահեկէ նորա՝ բազմաչեայ քերովբէքն,
Առաջի նորա՝ մանկունք գեղեցիկ,
Ի գիրկս նոցա՝ խաչն տէրունական,
Ի ձեռին նոցա՝ սաղմոսարան և քնար,
Որք երգէին զերգս՝ ասելով.
  -Փա՜ռըք Քրիստոսի ամենազօր յարութեան։

Ածեալ են, ածեալ,
Զսայլիկն ածեալ են, կացուցեալ.
Ի Մասեաց յաջ կողմանէն
Զ սայլիկն ածեալ են, կացուցեալ.
Եւ ահա չշարժէր սայլիկն այն,
Եւ ահա չխաղայր անիւն այն։
Եթէ հարիւր բարդ խոլրձան, վեց կորընկան,
Մին մանուշակ՝ խրձադիզեալ
Զսայլիկն ածեալ են, կացուցեալ.
Եւ ահա չշարժէր սայլիկն այն,
Եւ ահա չխաղայր անիւն այն։
Եթէ սամիքն են արծաթի, լուծն էր ոսկի,
Եւ սամոտիքն՝ ապրիշիմի,
Փոկեր շարած շարանման հոյլ մարգարիտ,
Եւ խարազան՝ փնջեալ ծաղիկ.
Եւ ահա չշարժէր սայլիկն այն,
Եւ ահա չխաղայր անիւն այն։
Եթէ եզինք են սաթ ու սպիտակ,
Ծաղկախայտուցք, արագաքայլք, ընթացականք,
Եղջևրն ամէն խաչանման,
Եւ մազն ամէն՝ հոյլ մարգարիտ.
Եւ ահա չշարժէր սայլիկն այն,
Եւ ահա չխաղայր անիւն այն։
Այն ճորտն ճոճ էր և ճապուկ,
Ուռամիջակ, հաստաբազուկ,
Լայնաթիկունք, խարտիշագեղ, ահեղագոչ.
Նա ձայն ածէր եզնամոլին,
Կանչիւն առնէր աթոռակին.
Դարձեալ խաղայր եզնամոլը՛ն,
  Խաղայր, ցնծայ աթոռակըն.
Եւ ահա շարժէր սայլիկն այն,
Եւ ահա խաղայր անիւն այն։
Ի յառեղէն առեալ շարժումն կուրծն սայլին,
Այսօր անուշահօտ բուրմամբ ընթանայր.
Եւ ահա շարժէր՝ սայլիկն այն,
  Եւ ահա խաղայր անիւն այն։
Սայլն՝ ի Սինեայ
Երկրորդ օրէնքն էր Մովսէսի.
Եւ այն հարիւր բարդ խոլրձանն՝
Այն նահապետքն են՝ մարգարէք.
Եւ այն վեց բարդ կորնկանն՝
Վեցօրեայ գործքն Աստուծոյ.
Եւ այն մին մանուշակ՝
ՄիաւորեալԵրորդութիւնն.
Եւ այն մանուկ խարտիշագեղն՝
Այն Յովհաննէսն էր Մկրտիչն.
Եւ այն չորս կուրծն սայլին՝ Աւետարանն էր Քրիստոսի։


 

Ի գիլ գայր, ի գիլ, սայլիկն ի գիլ,
Ի Մասեաց յաջ կողմանէն
Սայլիկն ի գիլ գայր, ի գիլ.
Եւ ճռընչալով գայր, մտանէր յԵրուսաղէմ.
Եւ որդիք նոր Սիովնի ելին ընդառաջ,
Որք երգէին զերգս ասելով.
-Փա՜ռըք Քրիստոսի ամենազօր յարութեան,
Այսօր արձակեցաք ի կապանաց նախնոյ
Եւ վերստին նորոգմամբ
Յաւիտենական կենացն եղաք ժառանգորդք։
Փա՜ռըք Քրիստոսի ամենազօր յարութեան։
Մեղեի ծննդյան

Ծավալվել են աչքերը ծով
Առավոտվա ծովի վրա ծիծաղախիտ,
Ինչպես երկու փայլակնաձև արեգակներ.
Շողն է նման լուսացնցուղ այգաբացի:
Թափվում էին այտերից՝ վառ
Դափնեվարդի ու նռնենու ծաղկաթերթեր.
Գեղաշիտակ իրանից սիրտն էր կարկաչում
Հուզավարար կենսատու սեր:
Կամար կապած թևերը գիրգ՝
Երգում էր նա ախորժալուր ու գեղգեղուն,
Ելևեջներն հյուսում իրար.
Շարժվում հանդարտ ու ճեմում էր թիկնեթեկին:
Բերանն երկթերթ, շրթունքներից վարդն էր կաթում.
Լեզվի տավիղն էր քաղցրերգում հուզումնահորդ.
Շողում էին նույն կենսավառ
Սիրով չքնաղ ու գինեթույր
Ծամերն իրենց գիսակներով խոպոպավոր:
Այդ վարսերը համերամ զա՜րդ, համորեն զա՜րդ,
Ոլորք առած եռահյուսակ՝
Բոլորվել են այտերի շուրջ.
Լուսափայլ է ծոցը, կարմիր վարդով լցված,
Դաստակներն են մանուշակի ծիրանի փունջ:
Բուրում էր նա կնդրուկի պես
Աստվածային հրով լցված մի բուրվառի.
Ձայնն էր մեղուշ, քաղցրանվագ:
Զարդարված էր պատմուճանով գեղեցկատես,
Որ բեհեզի կապույտ, որդան ու ծիրանի
Գույներով էր ոսկեշողում.
Գոտին կամար, արծաթափայլ,
Ոսկետտուն ու նրբակերտ՝
Պաճուճված էր ակնեղենով շափյուղայի:
Երբ շարժվում էր մարգարտափայլ գեղեցկությամբ,
Քայլերի հետ շողն էր կաթում իր ոտերից:
 Քեզ պսակող թագավորին
Ու նորածին այն Փրկչին փա՜ռք
Հավիտյանս հավիտենից. ամեն:

Տաղ Հայտնության

Ավետիս մեծ՝ սուրբ խորհրդի,

 Գաղտնի խորհուրդն հայտնվեց մեզ.
Ավետիս, Հոր լույսն է ծագել
Իր ծոցածին էությունից.
Ավետիս, որ հայտնվեց Աստված
Էակներիս մեջ հողեղեն,
Ավետիս, պետն հրեշտակաց
Գաբրիելն երկիր է ուղարկվել,
Որ ավետիս տա սրբուհուն՝
Դստեր Դավիթ թագավորի.
Ավետիս քեզ, Աստվածամա՜յր,
Ուրա՛խ եղիր, Տերն է քեզ հետ:
 
Ավետիս քեզ, Աստվածամա՜յր,
Սերովբեի նման անբիծ,
Քերովբեի պես բարձրաթոռ,
Եռյակին մերձ լույս գերազանց,
Որից իջավ բյուրերի մեջ
Լույսի արփին եթերաճեմ,
Շողշողենի, փողփողենէջ
Մանրահեղեղ գաղտնի շավիղ
Անծանոթի ճանապարհին:
 
Ավետիս քեզ, Աստվածամա՜յր,
Կույսդ Մարիամ, տաճար Աստծո.
Ավետիս տուր և Ադամին,
Լուծվեց մեղքի անեծքն այսօր.
Ավետիս ձեզ նահապետնե՛ր,
Ձեր անձկալուն ահա տեսաք.
Ավետիս ձեզ մարգարենե՛ր,
Եղավ լրումն օրենքների.
Ավետիս և քե՛զ, Բեթղեհե՛մ,
Երկիրդ Հուդա, Եփրատի տուն:
 
Ավետիս ծառ-ծաղիկներին
Բողբոջախիտ, սաղարթավետ,
Գեղեցկաթույր, պտուղներով
Ակնահաճո, ախորժահամ,
Զվարթաբույր հոծ-խուռնախիտ
Փթթինազարդ վարդերի փունջ շափրակներին,
Որ բացվել են ոսկեճաճանչ թերթիկներով
Ու կանաչել տերևազարդ...






Комментарии