Հայոց Մեծ Եղեռնը






    Մեծ եղեռնը Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18 թթ.) ու դրան հաջորդած տարիներին Օսմանյան կայսրության և քեմալական կառավարության՝ Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում և կայսրության մյուս հայաբնակ վայրերում տեղահանության ու բնաջնջման պետական քաղաքականությունն է: Բնորոշվում է որպես XX դարի առաջին ցեղասպանություն:
     Հայերի, ինչպես նաև Օսմանյան կայսրության մյուս քրիստոնյա բնակչության դեմ իրագործված ցեղասպանության թուրքական քաղաքականության հիմքում պանիսլամիզմի և պանթուրքիզմի պետական դարձած գաղափարախոսություններն են:
 Երիտթուրքական կառավարությունը, մտնելով Առաջին համաշխարհային պատերազմի մեջ, «Մեծ Թուրան» ստեղծելու հեռահար ծրագրեր ուներ: Մասնավորապես, նախատեսվում էր կայսրությանը կցել Անդրկովկասը, Հյուսիսային Կովկասը, Միջին Ասիան, Ղրիմը և Պովոլժիեն: Այդ նպատակի իրականացման ճանապարհին անհրաժեշտ էր առաջին հերթին ոչնչացնել հայ բնակչությանը` նրանց մեղադրելով ռուսական կողմնորոշման և պանթուրքիստների զավթողական ծրագրերը խոչընդոտելու համար: Հայերի բնաջնջումը միաժամանակ օրակարգից կհաներ նաև Հայկական հարցը, որով վերջ կդրվեր եվրոպական տերությունների միջամտություններին Թուրքիայի ներքին գործերին:
Ցեղասպանության ծրագիրն ուներ նաև ակնհայտ նյութական դրդապատճառներ. այն է` ձերբազատվել հայերի տնտեսական մրցակցությունից և բռնազավթել նրանց անշարժ ու շարժական գույքը:
  Դեռևս Առաջին աշխարհամարտից առաջ հայ բնակչության բնաջնջման ծրագիրը մշակել էին կայսրության ներքին գործերի նախարար Թալեաթ փաշան, ռազմական նախարար Էնվեր փաշան, ծովային նախարար Ջեմալ փաշան, երիտթուրքական կուսակցության կենտկոմի անդամ Բեհաէդդին Շաքիրը և ուրիշներ: Առաջին աշխարհամարտի սանձազերծումը պատեհ առիթ է ստեղծել հայերի զանգվածային ոչնչացման ծրագրերի իրագործման համար: 1914 թ-ի հոկտեմբերին Թալեաթի նախագահությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ կազմվել է հատուկ մարմին՝ «Երեքի գործադիր կոմիտե» (Սելանիկլի Նազիմ, Բեհաէդդին Շաքիր, Միդհատ Շյուքրի), որին հանձնարարվել է կազմակերպել հայ բնակչության տեղահանությունն ու կոտորածը: «Երեքի գործադիր կոմիտեն»ստացելէմեծլիազորություններ, զենք ու դրամ:Իրենց ծրագիրն իրականացնելու նպատակով իշխանությունները նախ փորձել են հայերին զրկել դիմադրելու հնարավորությունից: Հայերի ցեղասպանության ծրագիրն իրականացվել է 3 փուլով:
  Առաջին՝ պատերազմի սկզբին բանակ զորակոչված 18–45 տարեկան 60 հզ. հայ զինվորները, Սարիղամիշի մոտ թուրքական բանակի ջախջախումից հետո, որպես քավության նոխազ, զինաթափվել են և 1915 թ-ի փետրվարին Էնվերի հրամանով ոչնչացվել: Սկզբում նրանց ռազմաճակատից տեղափոխել են թիկունք՝ բանվորական գումարտակներ, ապա խմբերով դուրս բերել տեղակայված վայրերից ու կոտորել: Այդ ընթացքում բռնագրավել են հայ բնակչության սակավաթիվ զենքն ու զինամթերքը:
  Ցեղասպանության երկրորդ փուլը հայ մտավորականության և հայությանը կազմակերպող ուժի ձերբակալությունն ու ոչնչացումն էր: Զեյթունում խոշտանգվելով սպանվել է ազատագրական շարժման գործիչ Նազարեթ Չաուշը (Նորաշխարհյան), Վանում՝ Իշխանը (Նիկողայոս Պողոսյան), օսմանյան խորհրդարանի պատգամավոր Արշակ Վռամյանը (Օնիկ Դերձակյան) և շատ ուրիշներ: 1915 թ-ի ապրիլի 24-ին և հաջորդ օրերին Կոստանդնուպոլսում ձերբակալվել և Անատոլիայի խորքերն է աքսորվել մոտ 800 մտավորական. նրանց թվում էին կոմպոզիտոր Կոմիտասը, գրողներ Գրիգոր Զոհրապը (նաև խորհրդարանի պատգամավոր էր), Ռուբեն Սևակը, Դանիել Վարուժանը, Սիամանթոն, Ռուբեն Զարդարյանը, բժիշկ Նազարեթ Տաղավարյանը և շատ ուրիշներ: Մեծ մասն սպանվել է: 1915 թ-ի հունիսին Կոստանդնուպոլսի հրապարակներից մեկում կախաղան են բարձրացվել հնչակյան գործիչ Փարամազը (Մատթեոս Սարգիսյան) և նրա 19 կուսակից ընկերները:
    Երրորդ փուլում սկսվել է տասնյակհազարավոր անպաշտպան կանանց, երեխաների ու ծերերի զանգվածային տեղահանությունը: Որոշ վայրերում հայ բնակչությունը փորձել է դիմադրել: 1915 թ-ի մայիս-հունիսին սկսվել են Վանի, Էրզրումի, Բիթլիսի, Խարբերդի, Սեբաստիայի, Դիարբեքիրի նահանգների, Կիլիկիայի, Արևմտյան Անատոլիայի և այլ վայրերի հայ բնակչության տեղահանությունն ու կոտորածը: Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուն արդեն կռահել էր, որ հայ բնակչության տեղահանությունը հետապնդում է մեկ նպատակ` հայերի զանգվածային ոչնչացում: Տեղահանության իսկական նպատակը հայտնի էր նաև Թուրքիայի դաշնակից Գերմանիային, որի դեսպան Հանս Վանգենհայմը 1915 թ-ի հուլիսին այդ մասին տեղեկացրել է իր կառավարությանը:
  Մշտական բնակության վայրերից բռնի տեղահանված հայերը կարավաններով ուղարկվել են կայսրության խորքերը, Միջագետք և Սիրիա, որտեղ նրանց համար ստեղծվել էին հատուկ ճամբարներ: Ճանապարհին նրանք ենթարկվել են թուրքական խուժանի ու քրդական ավազակախմբերի հարձակումներին, կոտորվել. տեղահանվածների չնչին մասն է հասել ճամբարներ: Այսպես՝ Տրապիզոնի 3 հզ. հայ աքսորականներից Հալեպ է հասել միայն 35-ը: Միջագետքի անապատներ հասած աքսորականներին հաճախ խմբերով հանել են ճամբարներից և կոտորել ավազուտներում: Հարյուրհազարավոր մարդիկ էլ դարձել են սովի, հիվանդությունների և համաճարակների զոհ: Հալեպի նահանգապետին ուղարկած գաղտնի հեռագրով Թալեաթը պահանջել է վերջ տալ հայերի գոյությանը՝ ուշադրություն չդարձնելով «ո՜չ սեռին, ո՜չ խղճի խայթին»:
Պահպանվել են ցեղասպանությունը վերապրած հայերի և իրադարձությունների ականատես օտարերկրյա դիվանագետների, միսիոներների ու լրագրողների՝ հայ բնակչությանը բաժին ընկած ահավոր տառապանքների հազարավոր հաղորդագրություներ ու նկարագրություններ: Կոտորածը շարունակվել է նաև հետագա տարիներին: Հազարավոր հայեր ոչնչացվել են Ռաս ուլ Այնի, Դեյր էզ Զորի և այլ ճամբարներում:
  Չնայած օրհասական դրությանը՝ 1915 թ-ին Արևմտյան Հայաստանում և կայսրության մի շարք շրջաններում հայությունը դիմել է ինքնապաշտպանության: Հերոսամարտեր են տեղի ունեցել Վանի վիլայեթում (Շատախ, Հայոց ձոր, Գյավաշ, Թիմար և այլ վայրերում), Վան քաղաքում, Մուշում, Սասունում, Շապին-Գարահիսարում, Մուսա լեռան վրա, Ուրֆայում, ինչպես նաև Բյուրիքում (Շապին-Գարահիսարի գավառ), Սինջարում (Դիարբեքիրի վիլայեթ), Ֆունջակում, Ֆռնուզում, Կիշելֆիլում, Բերեկոյում (Ադանայի վիլայեթ), Գուվաթ-Շափայում (Տրապիզոնի վիլայեթ) և այլ վայրերում:
1918 թ-ին արշավելով Այսրկովկաս՝ թուրքական զորքերը հայերի կոտորածները շարունակել են Արևելյան Հայաստանում ու Ադրբեջանում: Սեպտեմբերի 15-ին, երբ անգլիական ուժերը լքել են դիրքերը, թուրքերը գրավել են Բաքուն և ադրբեջանական ազգայնամոլների հետ կոտորել 30 հզ. հայի:
1918–20 թթ-ին հայ բնակչության ջարդեր են կազմակերպվել Շուշիում: 1919 թ-ի հունիսի 5-ի գիշերը քաղաքում և շրջակա գյուղերում սրի է քաշվել ավելի քան 500 հայ: 1920 թ-ի մարտի 23-ին թուրք-մուսավաթական ավազակախմբերը կոտորել են ավելի քան 30 հզ. մարդու, հրդեհել քաղաքի հայկական մասը:
1920 թ-ի թուրք-հայկական պատերազմի (սեպտեմբերի 28 – նոյեմբերի 18) ընթացքում թուրքական զորքերը Ալեքսանդրապոլում և գավառի գյուղերում զանգվածաբար ոչնչացրել են խաղաղ հայ բնակչությանը, կողոպտել ունեցվածքը:
1915–16 թթ-ին Եղեռնից մազապուրծ Կիլիկիայի հայերը, որոնք ապաստանել էին արաբական երկրներում, Թուրքիայի պարտությունից հետո սկսել են վերադառնալ իրենց բնակության վայրերը: Ըստ դաշնակիցների գաղտնի համաձայնության (1916 թ.)՝ Կիլիկիան մտնելու էր Ֆրանսիայի ազդեցության գոտի: 1919 թ-ին Կիլիկիայում հայերի թիվը 120–130 հզ. էր, 1920 թ-ին հասել է 160 հզ-ի: Այդտեղ տեղաբաշխված ֆրանսիական զորքերի հրամանատարությունը միջոցներ չի ձեռնարկել՝ ապահովելու հայ բնակչության անվտանգությունը, որից օգտվելով՝ քեմալականները բռնություններ են սկսել հայերի դեմ: 1920 թ-ի հունվարին, 20 օրվա մարտերի ընթացքում, Մարաշում զոհվել է 11 հզ. հայ, մնացածները հեռացել են Սիրիա:
Շուտով թուրքերը պաշարել են Հաճնը. տեղի 6 հզ. հայերը 7 ամիս համառորեն դիմադրել են, բայց հոկտեմբերին թշնամուն հաջողվել է գրավել քաղաքը: 1920 թ-ի սկզբին Հալեպ են հասել Ուրֆայի հայության խլյակները՝ մոտ 6 հզ. մարդ: 1920 թ-ի ապրիլի 1-ին քեմալական զորքերը պաշարել են Այնթապը: Շնորհիվ 15-օրյա հերոսական պաշտպանության՝ այնթապցիները խուսափել են կոտորածից: Բայց երբ ֆրանսիական զորքերը թողել են Կիլիկիան, 1921 թ-ի վերջին Այնթապի հայերն ստիպված անցել են Սիրիա: 1920 թ-ին քեմալականները ոչնչացրել են Զեյթունում մնացած հայերին:
Հայոց ցեղասպանության վերջին արարը 1919–22 թթ-ի հույն-թուրքական պատերազմի ընթացքում հայերի կոտորածն էր Թուրքիայի արևմտյան շրջաններում: 1921 թ-ի օգոստոս-սեպտեմբերին թուրքերը, բեկում մտցնելով պատերազմի մեջ, ընդհանուր հարձակման են անցել հունական զորքերի դեմ: 1922 թ-ի սեպտեմբերի 9-ին նրանք մտել են Իզմիր (Զմյուռնիա) և կազմակերպել հայերի ու հույների ջարդը, խորտակել են Իզմիրի նավահանգստում կանգնած հայ և հույն փախստականներով լեփ-լեցուն, ինչպես նաև փախստականներին փոխադրելու պատրաստ նավերը:
Թուրքական իշխանությունների իրականացրած Հայոց ցեղասպանության հետևանքով կայսրության 2,5 մլն հայերից զոհվել է 1,5 մլն-ը: Շուրջ 800 հզ. հայեր գաղթական են դարձել և ցրվել աշխարհով մեկ: Արևմտյան Հայաստանը զրկվել է իր բնիկ հայ բնակչությունից: Բռնի մահմեդականացվել է 200 հզ. հայ, որոնց սերունդներն այժմ հիմնականում բնակվում են Ճորոխ գետի հովտում: Ոչնչացվել է 66 քաղաքների ու 2500 գյուղերի հայ և այլազգի քրիստոնյա բնակչությունը: Կողոպտվել և քանդվել են 2350 եկեղեցի ու վանք, 1500 դպրոց ու վարժարան: Արևմտահայությանը հասցվել է 14,6 մլրդ ֆրանսիական ֆրանկի կամ 6 մլրդ գերմանական մարկի վնաս: Թուրքական կառավարությունը կողոպտած փողերից Բեռլին է ուղարկել 100 մլն մարկ (ոսկի): Յուրացվել են նաև օսմանյան բանկերում պահվող հայերի ավանդները, ինչպես նաև նրանց պատկանող շարժական ու անշարժ գույքը:
Հայոց ցեղասպանության համար պատասխանատվություն է կրում նաև կայզերական Գերմանիայի կառավարությունը, որը ոչ միայն տեղյակ էր նախապատրաստվող ոճրագործությանը, այլև նպաստել է դրա իրագործմանը: Գերմանիայի մեղսակցությունը նշել են գերմանացի հանրահայտ մտավորականներ Յոհաննես Լեփսիուսը, Արմին Վեգները, Կարլ Լիբկնեխտը և ուրիշներ:
     Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությունից (1918 թ-ի հոկտեմբերի 30) հետո թուրքական իշխանությունները մեղադրել են երիտթուրքերի պարագլուխներին՝ Թուրքիան կործանարար պատերազմի մեջ ներքաշելու համար, և դատի տվել: Պատերազմի հանցագործներին ներկայացվել են նաև Օսմանյան կայսրության հայերի կոտորածների կազմակերպման ու իրականացման մեղադրանքներ: Սակայն երիտթուրքական պարագլուխներից մի քանիսի դատավճիռները կայացվել են հեռակա կարգով (1919 թ-ի հուլիս): Աշխարհամարտում Թուրքիայի պարտությունից հետո նրանց հաջողվել է փախչել երկրից. ոմանց (Թալեաթ, Բեհաէդդին Շաքիր, Ջեմալ, Սայիդ Հալիմ և ուրիշներ) նկատմամբ մահվան դատավճիռը հետագայում իրականացրել են հայ ժողովրդական վրիժառուները՝ «Նեմեսիս» գործողությամբ:
   1988 թ-ի նոյեմբերի 25-ին ՀԽՍՀ ԳԽ-ն ընդունել է «Օրենք Օսմանյան Թուրքիայում հայերի 1915 թ-ի ցեղասպանության դատապարտման մասին», որով Արևմտյան Հայաստանում և Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը դատապարտվել է որպես ոճրագործություն մարդկության դեմ: 1990 թ-ի օգոստոսի 23-ին ՀԽՍՀ ԳԽ-ի ընդունած Հայաստանի անկախության մասին հռչակագրում ասված է. «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թ-ին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայերի ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»:

Комментарии