Սահմանադրության օր

                                 ՀՀ Սահմանադրության օր



Անկախության հռչակումից կարճ ժամանակ անց ՀՀ-ն ստացավ համընդհանուր միջազգային
ճանաչում: Սկսվեց Հայոց անկախ հանրապետության պետական շինարարությունը:

Հանրապետության պետական-քաղաքական կյանքի ամենակարևոր իրադարձություններից էր ՀՀ Սահմանադրության ընդունումը, որը տեղի ունեցավ 1995թ. հուլիսի 5-ին։ Նոր սահմանադրությունը պետության կայացման գործընթացում շատ կարևոր երևույթ էր։ Այն դրեց ամբողջատիրական համակարգից դեպի ժողովրդավար պետության անցնելու իրավական հիմքերը։
ՀՀ Սահմանադրությունը իրավական ձևակերպում տվեց քաղաքական նոր համակարգին, սահմանեց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները։ Ըստ Սահմանադրության՝ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն է։
ՀՀ Սահմանադրությամբ հաստատվեցին Հայաստանի երրորդ հանրապետության խորհրդանիշերը՝ դրոշը, զինանշանը և հիմնը։ Դեռևս 1990թ. օգոստոսի 24-ին հանրապետության պետական դրոշ ճանաչվեց եռագույնը՝ կարմիր, կապույտ և նարնջագույն, որը Առաջին հանրապետության դրոշն էր։ Այնուհետև ընդունվեց ՀՀ զինանշանը, որի կենտրոնում վահանը պահող արծիվն ու առյուծն են. պատկերված է Արարատ լեռը՝ Նոյան տապանով։ Որպես օրհներգ ընդունվեց Առաջին հանրապետության պետական հիմնը՝ «Մեր Հայրենիք» հայրենասիրական երգը։
Սկսեցին ձևավորվել պետաիրավական նոր կառույցներ։ ՀՀ Սահմանադրությունը նախատեսում էր նախագահական հանրապետության համակարգը՝ գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների տարանջատումով։ Բարձրագույն օրենսդիր մարմինը՝ Գերագույն խորհուրդը, վերանվանվեց Ազգային ժողով։
ՀՀ տարածքային կառավարման կառուցվածքի բարելավման նպատակին էին ծառայում 1995թ. դեկտեմբերին կատարված վարչատարածքային փոփոխությունները և նոր միավորումների՝ մարզերի ու համայնքների հիմնումը։ Հանրապետության շուրջ չորս տասնյակի հասնող շրջանների միավորման միջոցով ստեղծվեցին 10 մարզեր՝ Արագածոտնի, Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի, Տավուշի։ Դրանց գումարվեց մարզի կարգավիճակ ստացած քաղաքամայր Երևանը։ Մարզերը բաժանվեցին համայնքների։
Ձեռնարկվեց նոր դատական համակարգի կազմավորումը, որը հիմնականում ավարտվեց 1999 թվականին։
Հանրապետությունում կատարված տեղաշարժերը առաջացրին Սահմանադրության մեջ բարեփոխումներ կատարելու անհրաժեշտություն։ Դրանցից էին ՀՀ նախագահին ընձեռված բացառիկ լիազորությունները սահմանափակելը, ՀՀ Ազգային ժողովի կողմից գործադիր իշխանության նկատմամբ վերահսկողության ուժեղացումը և այլն։ Նախապատրաստական աշխատանքներ կատարվեցին, և 2005թ. նոյեմբերի 25-ին ընդունվեց ՀՀ Սահմանադրության բարեփոխված նոր տարբերակը։
        «Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը», - ասված է ՀՀ Սահմանադրության Նախաբանում:

Комментарии