Ամանորյա շնորհավորանքներ




Մի քանի օրից Ամանորն է ու մենք նոր երազանքներ ենք կապում գալիք տարվա հետ:  Սիրում եմ Ամանորը նրա համար, որ բոլորը հավատով են դիմավորում նոր տարին, բոլորը հոգու խորքում հավատում են իրենց երազանքների իրականացմանը…

Թող որ 2014-ին ոչ ոք չզգա տխրություն ու միայնություն…

Թող որ 2014-ին ոչ մի երազանք անկատար չմնա…

Թող որ 2014-ն իր հետ երջանկություն, խաղաղություն ու հաջողություն բերի…

Թող որ 2014-ն իր հետ լույս բերի և վերացնի խավարը…

Թող որ 2014-ն իր հետ շատ ժպիտներ բերի…

Թող որ 2014-ն իր հետ անկեղծություն ու մաքրություն բերի…

Հավատում եմ հրաշքներին, թող  Ամանորը նոր հրաշքներ պարգևի մեզ:

                                                 
Կարծում եմ` շատերն են անհամբերությամբ սպասում այդ տոնին, ես նույնպես սպասում եմ գալիք Նոր տարուն: Այս տոնն ինձ համար յուրահատուկ է,  տարբեր անակնկալներ են սպասվում և գեղեցիկ նվերներ մատուցվում: Միշտ հիշարժան է լինում այդ օրն ինձ համար. բազմաթիվ նվերներ, շնորհավորանքներ:

Ես հավատում եմ հրաշքներին, հավատում եմ Ձմեռ պապին: Եվ վստահ եմ, որ այս տարի Ձմեռ պապը կիրականացնի իմ երազանքները: Կգա Նոր տարի, և ամեն ինչ նորովի կսկսվի: Մոռանանք վատ հիշողությունները և դրանք թողնենք անցյալում:

Երբ գալիս է նոր տարին, ես դեռ շարունակում եմ հավատալ, որ յուրաքանչյուր Ամանոր ամեն ինչ նոր ու ավելի լավ էջից սկսելու ևս մեկ հնարավորություն է: Թող չթվա, որ դժգոհ եմ ներկայիս վիճակիցս, պարզապես յուրաքանչյուրս էլ շտկելու բաներ ունենք մեր կյանքում, մեր մտքերում, մեր մեջ: Ամանորին ամփոփում եմ տարվա ընթացքում ապրածս, ձեռքբերումներս ու ամենակարևորը` բացթողումներս: Երբ գալիս է Նոր տարին, պարզապես ցանկանում եմ լինել ընտանիքիս հետ, առանց կողմնակի մարդկանց ու վերջ:

Նոր տարվա մասին մտածելիս ամենահաճելի բանը մեզ  համար` տոնածառ զարդարելն է:: Այս տարի առավել ևս շատ եմ սպասում Նոր տարվա հեքիաթային գիշերվան` հրաշքին: Այս տոնն իր էությամբ շատ եմ սիրում: Ամեն ինչը` իմ սիրած տոնածառը, տոնական տրամադրությունը, հրավառությունները, նվերները, ուտելիքները::

Երանի¯ բոլոր Նոր տարվա գիշերներն անցնեն այնքան թեթև, երջանիկ ու պայծառ:

Շուկաներ վազող մեծեր ու փոքրեր, լիքը տոպրակներ, ընկույզ, կաղին, մանդարին… Տոնածառի խաղալիքներ ու փայլեր, ցրտից կարմրած քթեր ու փայլող աչքեր… Ինչ-որ կախարդական մեղեդի, հեքիաթ կա օդում: Սա սովորական չէ, ինչ-որ բան այն չէ, խենթություն, հրաշք կա…

Ու զարմանք կա… Տարին թռչում է… Թվում է` երեկ էին շամպայնն ու հրավառությունը, երեկ էին պահած երազանքն ու խենթ ձյունը… Մարդիկ էլ կան, որոնց դու հոգսեր, ծախսեր ես բերում…Երևի չգիտեն` ո~րն է խորհուրդդ… Բայց բեր, ինչ էլ բերես, այն նվեր է, հեքիաթ է, խենթ է: Դու սեր ես, ժպիտ ես, ծիծաղ ես… Գալդ բարի¯… Լուսաշո¯ղ, հեքիաթայի¯ն իմ տարի…

Ձմռան շունչն արդեն զգացվում է… Ցրտից կարմրած այտերով, սառած ձեռքերով ու նախատոնական ժպիտով մարդիկ շտապում են ու շտապում: Յուրաքանչյուրը սպասում է իր ամանորյա հրաշքին ու փնտրում այն դիմավորելու լավագույն միջոցը:

Ես քայլում եմ լայն ժպիտով ու հիացած և ինչ-որ տեղ զարմացած նայում այս բոլոր մարդկանց. վաղուց է, ինչ ուրախ ու ժպտացող անցորդների չէի հանդիպել: Ուղղակի քայլում եմ, մտքում բարևում մարդկանց, էլի ժպտում ու անցնում:

Սառը օդում զգում եմ մոտակա հրաշքի բույրը, պատկերացնում նրա պարգևած ուրախ պահերը, իրական ժպիտն ու հրաշքներին հավատալ ստիպող կախարդական գիշերը: Մտածում եմ, թե ինչպես պետք է զարդարեմ ամանորյա գեղեցկուհուն` տոնածառը, ու, օդում նկարելով այդ պատկերը, գոհ ժպտում եմ… Քայլում եմ ու քայլում: Ես էլ յուրաքանչյուրի նման գնում եմ իմ տոնի հետևից, փնտրում եմ գեղեցիկ հեքիաթն ու սպասում հրաշքների:

Ձյան առաջին փաթիլներն սկսեցին իջնել տոնական երկնքից: Ուրախ եմ. սա տոնի իմ առաջին հրաշքն է: Ի¯նչ գեղեցիկ էր այդ վայրկյանը, այդ պահը, երբ փափուկ ու փխրուն այդ հրաշքն ընկնում էր ձեռնոցիս, թարթիչներիս ու գլխարկիս վրա: Վերցնելով հրաշքը` դնում եմ գրպանս ու շարունակում»փնտրտուքս» : Հաջորդը նորածին փոքրիկի` զարմանքից երջանկացած դեմքն ու ժպիտն էին, երրորդը` ծեր տատիկին օգնող պատանու արարքը ու փաթիլների տակ գրկախառնված սիրահարների աչքերը…

Հրաշքներն իմ կողքին են` գրպանումս, ավելի ճիշտ` իմ կախարդական գիշերը պատկերող կտավի մեջ: Ի¯նչ գեղեցիկ է աշխարհը: Որքան հրաշքներ կան յուրաքանչյուր վայրկյանում, իրենց տոնին սպասող մարդկանց աչքերի ու ժպիտի մեջ:

Ես գտա իմ տոնը, գտա տոնական գիշերվա խորհուրդը, գտա իմ հրաշքը… Իսկ մարդկանց ուզում եմ նվիրել պարզապես մի բուռ հավատ, մի բուռ երջանկություն և մի բուռ ժպիտ…

Ուզում եմ, շատ եմ ուզում, որ ձեր Ամանորը լինի հեքիաթային ու անմոռաց, ուզում եմ, որ տեսնեք Նոր տարվա ամեն մի հրաշք ու հավատաք, որ երազանքներ կարելի է պահել ոչ միայն աստղ ընկնելիս, այլև կախարդական գիշերվա պայծառ երկնքից թափվող ամեն մի փոքրիկ փաթիլի հետ…

Ճերմակ ձյան թևերով գալիս է Ամանորը… Ձյունը ծածկում է փոշոտ քաղաքի տխրությունը` խորհրդանշելով ճերմակ էջից սկսված մի նոր կյանք:

Ամանորը քեզ գույներ է տալիս. սառը երկնքի կապույտը, եղևնու հավերժական կանաչը, անուշաբույր մանդարինների դեղինը ու տոնածառի ժապավենների ալ կարմիրն ու բազմապիսի խաղալիքների փայլը, որպեսզի դու այդ ճերմակ էջին նկարես քո երազանքները:

Իսկ երբ Նոր տարվա գիշերը տասներկուերորդ անգամ զարկի ժամացույցը, այդժամ Ամանորը կխոստանա, որ կիրականացնի քո բոլոր իղձերը:

Իսկ դու հավատա, հավատա և ժպտա… Չէ՞ որ հենց ինքը` Ամանորը, հրաշքներով ու կախարդանքներով օծված մի մեծ երազանք է…

Ասում են` տարվա ընթացքում չիրականացած երազանքներն իրականանում են Ամանորի գիշերը կամ իրականացվում: Ես արդեն նամակ եմ գրել այն բարի ծերուկին, ով իրականացնում է իմ և քո երազանքները, և խնդրել եմ, որ ինձ բերի փոքրիկ` երկու սանտիմետր տրամագծով արեգակներ: Գիտե՞ս թե ինչու արեգակներ, որովհետև ուզում եմ, որ ձյունը հալչի, որ հանկարծ սառույցի չվերածվի: Չէ~, դրսի մաքուր ու սպիտակ ձյունը նկատի չունեմ, այլ ներսի ձյունը, մեր ներսի ձյունը, որը առատ տեղում է մեր սրտերի վրա:

Комментарии