Շնորհավո՛ր ձեր տոնը, սիրելի՛ ուսուցիչներ


05.10.2014թ.
Ուսուցիչ լինելը մեծ կոչում է, առավել ևս, եթե ուսուցիչը ոչ թե պարզապես մատուցում է ճշմարտությունը, այլ իր սաներին սովորեցնում է գտնել այն:
 Սիրելի՛ ուսուցիչներ, հայորդիների դաստիրակության հայրենանվեր ու անձնուրաց գործի անդու՛լ մշակներ, շնորհավորում ենք Ձեզ ամենատարողունակ և ամենամարդկային մասնագիտական օրվա՝ Ուսուցչի օրվա առիթով: 
Դուք ձեր ուսերին եք կրում մեր ժողովրդի ամբողջականության, ազգային արժեքների լիարժեք պահպանման, մեր ժողովրդի անպարտելիության ու կեցության գաղտնախորհուրդ հավատքի սերնդեսերունդ ներարկումը, դուք, որ քաջ գիտակցում եք այսօր դպրոցի առջև դրված բավականին լուրջ գործի կարևորությունը,  արժանի եք այս վեհ կոչմանը: 
: Մեծ է Ձեր վաստակը սերունդների կրթության ու դաստիարակության պատասխանատու գործում և դա է պատճառը , որ յուրաքանչյուր հայի համար ուսուցիչ և ծնող բառերը նույնացվում են: Լինելով ազգային արժեհամակարգի ձևավորողը` Դուք միաժամանակ դառնում եք տվյալ համակարգի կարևոր հիմնասյուները:
Սիրելի՛ ուսուցիչներ, մեր պետության հզորացման ու ազգային իղձերի իրականացման գործում հավասարաչափ կարևոր է յուրաքանչյուրիդ կատարած աշխատանքը:


ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ, ԽՈՆԱՐՀՎՈՒՄ ԵՄ ՁԵՐ ԱՌՋԵՎ

Ի՞նչ կմնար մարդկությունից, տե՜ր աստված,                 

Թե չունենար ուսուցիչներ, դպրոցներ:
Ահա ինչու` ամբողջ հոգով և սրտանց-
Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև:

Ամեն մարդ էլ... ունի սիրած ուսուցիչ,
Հանճարն անգամ... Ուսուցիչ է ունեցել:
Դուք`անանո՜ւն, ձեր սաները` անվանի:-
Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև:

Ախ, շա՜տ հաճախ տառապել եք անաղմուկ,
Լույս եք ցանել, բայց հալածվել ու խաչվել:
Տիրողները` շքեղաշո՜ւք, դուք` անշո՜ւք...
Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև:

Շատ դժվար էր` խավար դարում ձեզ համար:
Այս լույս դարում, օ՜, դժվա՛ր է առավել-
Երեխաներն ամե՛ն ինչ էլ գիտեն լավ...
Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև:

Թեկուզ կյանքում ապտակել եք նաև ինձ,
Թեկուզ նաև երկուսներ եմ ստացել,
Այնուհանդերձ, այնուհանդերձ, էն գլխից-
Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև:

Հողագունդը գլոբո՜ւս է հմայիչ,
Բայց ուզում են այն կործանել ու ջարդել:
Հողագնդին հարկավոր է ուսուցիչ...
Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև:

Комментарии