Ծաղկազարդ

Տոնը հայտնի է նաև Ծառզարդար, Ծառկոտրունք անուններով: Սա շարժական տոն է և նշվում է Զատիկից մեկ շաբաթ առաջ: Համաձայն քրիստոնեական եկեղեցու` տոնը խորհրդանշում է Քրիստոսի մուտքը Երուսաղեմ: Երբ Հիսուսն ավանակի վրա նստած մտնում է Երուսաղեմ, համաձայն Աստվածաշնչի, դիմավորողները նրա առջև փռում են իրենց զգեստներն ու ձիթենու, արմավենու ճյուղեր: Հագուստներ փռելը հին աշխարհում խորհրդանշել է մեղքերից քավություն ստանալը, իսկ ծառի ճյուղերը` փառքը, հաղթանակը Իրականում այս տոնը նույնպես նախաքրիստոնեական արմատներ ունի և նվիրված է եղել գարնան զարթոնքին, հարություն առնող բնությանը: Բնության և գարնան պաշտամունքը հայոց հին դիցարանում կապված էր Արա Գեղեցիկի պաշտամունքի հետ:Ինչպես ավանդությունն է պատմում, Արա Գեղեցիկի սպանությունից հետո Շամիրամը նրա դին դնում է բարձր լեռան գագաթին, որպեսզի արալեզները նրան կենդանացնեն: Այսինքն` Արա Գեղեցիկը խորհուրդն է մեռնող և հարություն առնող բնության, և Ծաղկազարդը ի սկզբանե նվիրված էր հենց նրան:Ծաղկազարդը կոչվում է նաև Ծառազարդ և անմիջականորեն կապված է եղել նաև Կենաց ծառի պաշտամունքի հետ: Հայաստանում ծառի պաշտամունքը ամուր արմատներ է ունեցել: Պաշտամունքի առարկա են եղել հատկապես բարդին, սոսին: Արմավիր մայրաքաղաքի մոտակայքում էր նշանավոր Սոսյաց սրբազան անտառը, որտեղ նաև հայոց աստվածների բագիններն էին կանգնեցված: Ծառերին անգամ նվերներ ու զոհաբերություններ էին մատուցում:Քրիստոնեության ընդունումից դարեր անց, անգամ Ներսես Շնորհալու ժամանակներում` XII դարում, Հայաստանում կային արորդիներ, որոնց մոտ պահպանվել էր ծառի, տվյալ դեպքում` բարդու պաշտամունքը: Նմանատիպ մի համայնքի մասին, որն ապրել է Ծոփքում` Սամոսատում, գրում է ինքը` Շնորհալին:Ծաղկազարդի նախօրեին աղջիկները դաշտ ու անտառ էին գնում` կանաչի հավաքելու: Ծաղկազարդի տոնին անպայման պետք է նոր դուրս եկած կանաչեղեն ուտեին: Շատերը տապակած կամ հում կանաչեղենը եկեղեցում բաժանում էին որպես մատաղ: Լոռվա ձորում այդ օրը հատկապես բանջար (եղինջ) են եփել, որպեսզի նրա ծակող զորությունը վերանա, քանզի հավատացած էին, թե Հիսուսին բանջարով են ծեծել:Ծաղկազարդի նախօրեին բացվում են եկեղեցիների խորանի վարագույրները, իսկ բուն տոնին կատարվում է պատարագ` բաց վարագույրներով: Ծաղկազարդի առավոտյան եկեղեցում օրհնվում են ուռենու, ձիթենու ոստերը և բաժանվում հավատացյալներին: Օրհնված ճյուղերը համարվում էին չարխափան: Այս ճյուղերով խփում էին անասուններին, որ չար աչքից հեռու լինեին, կախում էին խնոցուց, որ կաթը յուղոտ լիներ, կախում էին տան պատերից, որպեսզի տնեցիք հաջողակ լինեին: Նաև հարվածում էին միմյանց` ասելով. «Մեջքը տեղը, կամքը տեղը»: Չնայած ծաղկազարդը պահքի ժամանակաշրջան է, այդ օրը թույլ էր տրվում նշանադրության արարողություն կատարել, սակայն պարել կարող էին միայն տղամարդիկ, որ պարում էին Ծաղկազարդի վերվերի պարը:Ծաղկազարդը, ըստ էության, բխում է նաև բնության, հատկապես ծառերի և կենաց ծառի պաշտամունքից: Ծաղկազարդի տոնին հնում պաշտամունքային վայրերում ծառերը զարդարում էին զանազան գունավոր լաթերով:Եթե Ամանորին չոր ճյուղերից ծառը զարդարում էին մրգերով և չրերով, ապա Ծառզարդարի ծառը զարդարվում էր փնջած ձվերով, որոնք աչքխափան հուռութք են եղել. ձուն եղել է կյանքի սկզբնավորության, նաև տիեզերքի խորհրդանիշ:



Комментарии