Երեխաների պաշտպանության միջազգային օր

Շնորհավո՜ր ձեր տոնը, մեր հրա՜շք փոքրիկներ…

    Այսօր երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է…
Ամբողջ աշխարհում, ինչպես նաև Հայաստանում, հունիսի 1-ն իր շուրջ է հավաքում և կարծես թե համախմբում բոլոր մանուկներին…
1925թ.-ին Շվեյցարիայում տեղի ունեցավ Երեխաների բարեկեցության համաշխարհային համաժողով, որտեղ հունիսի1-ն ազդարարվեց որպես երեխաների պաշտպանության միջազգային օր:
Երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող բազմաթիվ միջազգային փաստաթղթեր են ստորագրվել, որոնց թվում են 1959թ.-ի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված Երեխաների իրավունքների հռչակագիրը և 1989թ.-ի Երեխաների իրավունքների մասին կոնվերցիան, որով, ըստ էության, երեխաները համարվեցին խոցելի հատուկ խումբ:
Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվերցիան վավերացրել է 1992թ-ին, որից հետո` 1996թ-ին, ընդունվել է «Երեխաների իրավունքների մասին» ՀՀ օրենքը:
Մանկության տարիները մեր կյանքի ամենաքաղցր տարիներն են, և որքան հեռանում ենք դրանից, այնքան ավելի մեծ է դառնում այնտեղ վերադառնալու ձգտումը:
Յուրաքանչյուր տարի` այս օրը, հանրապետության տարբեր մարզերում, ինչպես նաև մայրաքաղաքում, բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում ` ի պատիվ մեր փոքրիկների:Սակայն երեխաների իրավունքների մասին մենք պետք է հիշենք ոչ միայն հունիսի մեկին, այլև ամեն օր, որովհետև առողջ և ազատ սերունդն է, որ կարող է դառնալ Հայաստանի պատվարժան և սեփական իրավունքներն ու պարտականությունները գիտակցող առողջ քաղաքացի:
Թող աշխարհի բոլոր մանուկները մեծանան տաքուկ ընտանիքներում` պարուրված ծնողական անփոխարինելի սիրով…Եվ թող որ իրենց վառ աչուկներով լուսավորեն մեր շրջապատը, մեր «այսօրն» ու «վաղը» …
Ձեզ անհոգ մանկություն և խաղաղ օրեր, մեր անուշի՜կ բալիկներ…

Комментарии