Միսաք Մեծարենցի մասին

Երիտասարդ Միսաքը ուշադրություն էր գրավում իր բնավորությամբ և արտաքինով։ Պոլսի թերթերից մեկում այսպես է նկարագրվում Մեծարենցի արտաքինը. «Հելլեն դասական ձուլվածք մը՝ հայեցի արտահայտությունով, իր դեմքը՝ ողորկ կիսափայլ մորթով մը քողքված։...Ձվաձև կզակը ընդեզերող սև մորուսիկ մը երկու մատ...»։ Իսկ ժամանակակիցներից մեկը Մեծարենցի էության մասին գրում է. «Անմեղուկի պես անուշ, նոր հարսի մը պես շիկնոտ ու հրապուրոտ, նազանքոտ տղա մըն է Մեծարենց,մերթ ժպտուն, մերթ տխուր ու գրեթե միշտ բանաստեղծությունը շրթունքին, կը հևա, կը կարմրի, կը սպառի...»։ Մեծարենցը գնում էր դեպի մահը և ընկերներից մեկին ուղղված նամակում գրում է. «Թոքախտը իր բոլոր նոպաները փորձեց իմ վրաս ու հաղթական եղավ...»։


Միսաք Մեծարենցի բանաստեղծությունները չէին ունենա իրենց ազդեցիկ ուժը, եթե դրանց ասելիքի խորությունն ու նրբությունը չզուգակցվեին ձևի կատարելության հետ։ Անսպասելի պատկերները յուրահատուկ գրավչություն են հաղորդում նրա ասելիքին և օգնում են, որ իրերն ու իրերի փոխհարաբերությունը տեսանելի լինի մի նոր լույսի տակ։ Մեծարենցի բանաստեղծություններում տրամադրություն ստեղծողները մակդիրներն են, համեմատությունները և փոխաբերությունները։ Մեծարենցի ստեղծագործություններում գերակշռում են առարկաներ ու հատկանիշների անսովոր և հետաքրքիր համադրությամբ ստեղծված փոխհարաբերությունները։ Օրինակ՝գինով վարդերսև հեշտանքբոցե թևերբազմալեզու տենդհոսող գիշերհոսող լույսբոսոր իղձեր։ Մեծարենցի բանարվեստի առանձնահատկություններից են վերնագրերի կրկնությունը։


  • Արյուն է եղել աշխարհում։- Եղել է եղեռն ու կռիվ։
Լեռնացել են ուժեր վիթխարի՝ ամեհի ելած իրար դեմ:
Աշխարհից հեռու մի գյուղում, եղեգնյա մի սրինգ կտրած,
Արև՜ է երգել ու գարուն այս հիվանդ, հանճարեղ պատանին:
                                                                                                  Եղիշե Չարենց
  • Մեծարենցը գավառական պատանեկության պաշտամունքի առարկան էր։ Մենք ատելությամբ հետևում էինք նրա դեմ սկսած պայքարը թեթևսոլիկ, անարժեք գրողների կողմից, նամակներ էինք գրում Միսաքին գոտեպնդելու համար։ Ես ստացա «Նոր տաղերը» Միսաքից նվեր։ Այդ նվերից հետո, ճիշտն ասած, հպարտ էի զգում ինձ։
Ժամերով նայում էի Միսաքի լուսանկարին և հափշտակվում, ժամերով կրկնում. «Ու կը փոթի ծովակն հոգվույս մեղմավար»:
  • Բանաստեղծությունների իմ առաջին գրքույկը ինձ համար մի արժեք ունի. նվիրված է Միսաք Մեծարենցի գերեզմանին։ Նվերն անարժեք էր, բայց այն ժամանակվա իմ ամբողջ սիրտն էր։
Տարիներ հետո, երբ Պոլսում կռացա Միսաքի ցուրտ շիրիմը համբուրելու, ինձ թվաց, որ Միսաքը խոսեց ինձ հետ, խոսեց արևի համար տածած բուռն կարոտով:
Գույների այս չնաշխարհիկ երգիչը քնում էր անգույն տարածության մեջ:
  • Այժմ ես մեծացել եմ, դարձել չափահաս, դու մնացիր պատանի։ Այժմ իմ չափահաս ձեռքով և չափահասի խորին գուրգուրանքով շոյում եմ քո պատանի գլուխը, չքնաղ գլուխը, և արցունքներս վազում են քո երգերի վրա։
Երբ մրսում եմ այս աշխարհում, մե՛ծ պատանի, գրկում եմ քո երգերը, և ահա արևը սուզվում է իմ ցուրտ հոգու մեջ կաթիլ առ կաթիլ:
                                                                                                              Վահան Թոթովենց
  • Միսաք Մեծարենցը առանց որևէ տարակուսանքի հանդիսանում է արևմտահայ քնարի առաջնակարգ դեմքերից մեկը և հարազատ արտահայտիչը իր ժամանակաշրջանի։
                                                                                                                   Զապել Եսայան
  • Միսաք Մեծարենցը իր տրամադրություններով, բնութապաշտական, հումանիստական գաղափարներով, թարմ շնչով և խոսքի մշակված, բարձր արվեստով գրավեց արևմտահայ գրականության մեջ ինքնուրույն ու առաջնակարգ տեղերից մեկը։
Նրա ստեղծագործությունը նոր էջ բացեց արևմտահայ բանաստեղծության մեջ և գեղարվեստական խոսքը դրեց մի նոր բարձրության վրա:
                                                                                                           Վաղարշակ Նորենց
  • ...«Ծիածանը» մեկ, հիմա ալ՝ «Նոր տաղեր»-ը։ Մեկ տարվան մեջ երկու հատոր, երկու հարձակում, և արդեն հափշտակված է արդի պոլսահայ բանաստեղծության գլխավոր մեկ աթոռը։
...Կատարելապես ինքնատիպ է, ինքնաստեղծ է իր նկարագիրը մեր մեջ:
                                                                                                              Հակոբ Տեր-Հակոբյան
  • Ստեղծագործական խառնվածքը, տաղանդի յուրահատկությունը Մեծարենցին ստիպել են այլ ուղիներով մոտենալ թե՛ հասարակական և թե՛ անձնական ողբերգություններին։ Բողոքի, ընդվզման ուղին չէ դա։ Մարդկության, գեղեցկության որոնման ճանապարհն է, որ իր հետ բերել է մի ծնկաչոք աղոթք, որ վսեմ է և լուսավոր։ Մեծարենցի պոեզիան ազնիվ մի կոչ է մարդուն՝ վերադառնալու ինքն իրեն։ Եվ որքան հեռանանք մենք բնությունից, որքան հեռանանք ինքներս մեզանից, այնքան ավելի սիրելի ու մոտիկ պիտի դառնա մեզ Մեծարենցը, այնքան ավելի կարոտենք պիտի նրա ստեղծած բանաստեղծական աշխարհը։
                                                                                                                      Վահագն Դավթյան

Комментарии