
«Արվեստը նրանց ճիչն է, ովքեր կրել են մարդկության ճակատագիրը, ովքեր չեն հաշտվում ճակատագրի հետ, այլ պայքարում են նրա դեմ»:
Առնոլդ ՇՅՈՆԲԵՐԳ
Թոթովենցը՝ Սիամանթոյի մասին
Քերթողահա՛յր, Դու չկաս, բայց գիտեմ, կը հավատամ, որ Դու պիտի գաս, պիտի երևիս մեր բաց աչքերուն առջև` մրրկածուփ քնարը Քուդողդոջյուն ձեռքերուդ մեջ:

Ես կըսեմ ինքնիրենս. «
Եթե Սիամանթոն չպիտի գա իր իսկ կերպարանքով, իր իսկ հասակով, իր իսկ խորացած մանկությամբ, բայց պիտի գա Մեկը, որ անոր Քնարը պիտի բերե իր հետ, անոր սարսափները, զարհուրանքն ու հույսերը: Ես կը հավատամ, որ դու կաս և պիտի հառնես, որովհետև մեր վեհագույն Վիշտը կա:
Մենք լուռ և անկառույց կսպասենք Սիամանթոն, հա´յր: Մենք չենք ուզեր լսել ուրիշ երգեր, մեր աղոթքները և մեր ապշահար ունկնդրությունը չենք շռայլեր ցավագին քնարներու: Մենք կսպասենք, որ Սամանոթոն գա և երգե:

Թերևս հիմա, որ մեզմե շատերը չեն հասկնար մեր վշտի էությունը, այն ատնե, անոր երգի առաջին թրթռումներեն պիտի հասկնան մեր պատմությունը և գիտակից պիտի ըլլան մեր անպարտելի անհասկացողության: Մենք չենք հասկնար, կըսեմ, թե ի՜նչ է եղած և կըսենք անհասկանալի բաներ: Ես գիտեմ, Քու սաղմդ աստվածորեն կը խորանա մեր այսօրվան որբերու մեկուն կամ մեկ քանիներուն մեջ, և մենք
Քու երգդ,
Քու քնարդ պիտի ունենանք` իբրև վերջին
Մխիթարություն: Դու սերը` «երկբայելի և սնոտի», սերը չերգեցիր մեր հոգիներուն համար, որովհետև, սերե ավելի մենք վիշտ ունեինք` մեր լույսը, մեր բարձրությունը. վաղը Դուն դարձյալ պիտի երևիս միևնույն մրրիկներով և զարհուրանքով:
Դու կաս, Քերթո´ղ,
Քու քնարդ կը քնանա` գիշերի մը մեջ զարթնելու համար ավելի պայծառ, ավելի ալեկոծ, ավելի կարմիր:
Քնացի՛ր, ո՜վ քնար, Ծաղիկին պես, որ գիշերվան մեջ կստանա ավելի թարմություն, ավելի զովություն` պատրաստ առավոտյան …
Նո՛ր Սիամանթո, մենք կսպասենք Քեզի, որովհետև աղքատ ենք, մերկ ենք և արյունոտ: Ոգին, որ պայծառ էր, թևաբաց, որ կը սավառներ …
Ոգին, որ Դու կերգեիր, քերթողահայր Սիամանթո, որ կը ճախրեր երկինքե-երկինք, սրտե-սիրտ, նայվածքե-նայվածք և սերե-սեր: Ես գիտեմ, ես կը հավատամ, ոչինչ իմ մեջ այնքան հզոր է, որքան այդ հավատքը, որ Դու կաս և պիտի երևիս ավելի փոթորկահույզ քնարով և գեղեցիկ:
Կը զգամ, որ կերգես: Չեմ լսեր, բայց կունկնդրեմ … Իմ սև օրերուս որոշ ժամերուն ես հանկարծ կը բաղձամ ծունկի գալ: Մեղեդի մը կը հոսի, գիտեմ, բայց ինչո՞ւ չեմ լսեր …
Այսպես են բոլոր գեղեցիկները, այսպես են բոլոր սարսուռները, որ պիտի գան, պիտի գան …
Մենք ամեն բան տեսանք, բայց մեր երգը չլսեցինք. մենք չենք երգեր, Դու պիտի գաս և Դու պիտի բերես Մեր երգը, Սիամանո՜թ …
Յարճանյանի գրական ու մարդկային կերպարին անդրադարձել են Շիրվանզադեն («Կյանքի բովից»), Վահրամ Փափազյանը («Հետադարձ հայացք»): Նրա մասին գնահատող բարձր խոսքեր են գրել Դանիել Վարուժանը, Ռուբեն Զարդարյանը, Վրթանես Փափազյանը, Արշակ Չոպանյանը, Վալերի Բրյուսվը, Եղիշե Չարենցը, իսկ գրականագիտությունը հանգամանորեն ուսումնասիրել է նրա ժառանգությունը՝ լույս ընծայելով հոդվածներ ու մենագրություններ:
Յարճանյանը միեւնույն նյութի տարբեր արծարծումների բանաստեղծ է: Նա չփոխեց իր քնարի լարերը, որովհետեւ նրա ապրած ժամանակը ինքն էր թելադրում ինչ անել եւ ինչ գրել: Նրա ամբողջ ստեղծագործության նյութը հայրենիքի ճակատագիրն է` պատմականորեն որոշակի ժամանակի մեջ, որն սկսվում է համիդյան ջարդերից՝ 1894–1896–ից եւ հասնում մինչեւ 1915–ի Մեծ եղեռնը: Քսան տարվա պատմություն՝ ազգային կյանքի դժվարին ընթացքով՝ ազատության հույս, պայքար, հաղթանակի հասնելու սպասում, խանդավառության բերկրանք, բայց երազանքների փլուզում, մահվան տեսիլ ու կոտորած:
Յարճանյանի բանաստեղծությունները, որպես սկզբունք, ունենք որոշակի դիպաշար, գործողություն, ներքին շարժում, որոնց միջոցով ստեղծվում են հոգեբանական առանձին վիճակներ. բանաստեղծը մի կողմից պանծացնում է հաղթանակը, մյուս կողմից՝ ողբում պարտությունը: Յարճանյանն ստեղծում է որոշակի խորհրդանշաններ, որոնք դառնում են բանաստեղծության հիմնական ասելիքը կրող գաղափարներ: Այդ խորհրդանշաններն առանձին իմաստակիր բառեր են, որոնք նա գրում է մեծատառ եւ դրանցով ու դրանց շուրջ հյուսում իր ազատ ու ընդարձակ պատկերները: Այդ բանաստեղծությունները գաղափարների մարմնացումներ են՝արտահայտված պատկերավոր լեզվով: Հեղինակը կարողանում է սերտորեն միահյուսել մի կողմից՝ քնարական ապրումը, մյուս կողմից՝ ասելիքի պատմողական կողմը: Դա է պատճառը, որ նրա շատ բանաստեղծություններ թողնում են փոքր պոեմների տպավորություն:
Հարուստ երևակայության և նուրբ զգացումների տեր բանաստեղծը երգում է հայրենիքի զավակների արյունոտ ճակատագիրը, ստեղծում ցնցող տրամադրությունների մթնոլորտ։ Նրա էությունը հասկանալու համար շատ բնորոշ է «Արցունքներս» բանաստեղծությունը։ Բանաստեղծները ծնվում են` երգելու կյանքի գեղեցկությունները, հայրենական հողի և բնության քնքշանքները, ապրելու պայծառ երազներով. 1908թ. վերադառնալով Պոլիս՝ Սիամանթոն գրում է նոր բանաստեղծություններ. լույս են տեսնում «Կարմիր լուրեր բարեկամես» և «Հայրենի հրավեր» ժողովածուները։