Սբ. Ծննդյան և Աստվածհայտնության տոն. Հունվարի 6-ին
Հունվարի 6-ին մեր Տեր ՀիսուսՔրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնն է։ Հիսուս Քրիստոսի Ծննդյան պատմությունը բոլորս էլ գիտենք, սակայն մի քանի մանրամասներ կարող են մեզ համար ավելի ընկալելի դարձնել այս հրաշալի իրադարձությունը: Երբ Գաբրիել հրեշտակը Մարիամին հայտնեց Հիսուս Քրիստոսի Ծննդյան մասին, նա հարցրեց. «Ինչպե՞ս այդ կպատահի ինձ, քանի որ ես տղամարդ չեմ ճանաչում»: Աստված ընտրել էր ամենախոնարհ և ամենահեզ, ամենաառաքինի և Տիրոջը ամենահավատարիմ կնոջը, և Սուրբ Կույսի այս հարցը ոչ թե թերահավատությունից էր, այլ ճշմարտությունն իմանալու համար էր: Եվ հրեշտակի բացատրությունը լսելուց հետո Սուրբ Մաիամն ասաց. «Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը» : Այսօր, ցավոք, կան մարդիկ, ովքեր այս հարցը տալիս են առաջին հերթին թերահավատությամբ և երբեմն էլ ծաղրանքով. «Ինչպե՞ս կարող է կույսը որդի ունենալ»: Աստված միշտ նախապատրաստել է մարդկանց այսպիսի մեծ իրադարձությունների և հրաշքների, որպեսզի երբ դրանք տեղի ունենան, մարդիկ չընկնեն գայթակղության մեջ: Շատ դեպքեր, որոնք կատարվել են Հին Կտակարանում, նախօրինակը և ստվերն էին այն մեծ իրադարձությունների, որոնք կատարվելու էին Նոր Կտակարանում: Աշխարհի արարման ժամանակ առանց սերմի և առանց աշխատանքի, միայն Աստծո խոսքով երկիրը բույսեր աճեցրեց և պտղաբերեց: Ճիշտ նույն կերպ էլ այս դեպքում առանց մարդկային սերմի, միայն Աստծո զորությամբ կույսը հղիացավ և որդի ծնեց:

Որոշ Եկեղեցիներում Քրիստոսի Ծնունդը տոնում են դեկտեմբերի 25-ին: Այս տարբեր ամսաթվերի գոյության պատճառը հետևյալն է: Նախկինում Սուրբ Ծննդյան և Մկրտության տոները միասին էին տոնում` հունվարի 6-ին, բայց հետո դա փոխվեց Բեթղեհեմի և Հորդանանի` միմյանցից հեռու լինելու պատճառով: Հունվարի 6-ին մարդիկ գնում էին ուխտի Քրիստոսի ծննդյան և մկրտության վայրերը, սակայն շատերն ի վիճակի չէին լինում իրենց ուխտը կատարելու` նույն օրը երկու վայրերն էլ այցելել չկարողանալու պատճառով: Դրա համար երուսաղեմացիները Ծննդյան տոնը փոխեցին դեկտեմբերի 25-ին: Նաև հեթանոսական ժամանակներում արևին նվիրված տոն կար դեկտեմբերի 25-ին, և մարդիկ այդ օրը, ըստ հաստատված սովորության, տոնախմբություն էին անում: Եվ հեթանոսական տոնախմբությունը քրիստոնեականով փոխարինելու համար Սուրբ Ծննդյան տոնը տեղափոխվեց դեկտեմբերի 25: Իսկ հայ քրիստոնյաները, ինչպես սկզբից սովորեցին Սուրբ Գրիգոր Լուսավորչից, այդպես էլ պահեցին` շարունակելով Փրկչի Ծննդյան և Աստվածահայտնության տոները տոնել ճշգրիտ օրը` հունվարի 6-ին:

Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով մարդիկ միմյանց ավետիս են տալիս` ասելով. «Քրիստոս ծնավ և հայտնեցավ», որի պատասխանն է` «Օրհնյալ է Ծնունդը Քրիստոսի»:
Комментарии
Отправить комментарий