
Նա հերոսացավ, դարձավ պատմություն:
Սասուն Մկրտչյանի մայրը՝ տիկին Նարինեն, պատմում է, որ մանուկ հասակից որդին աշխույժ, բայց խելոք, լսող երեխա է եղել: 10 տարեկանից Սասունը սկսել է զբաղվել բռնցքամարտով, ունի բազմաթիվ պատվոգրեր, մեդալներ, մրցանակներ: «Մուայ թայ» ֆեդերացիայի պատվավոր անդամ էր:

«Չնայած իմ սրտով չէր՝ երեք տարով պայմանագիր կնքեց: Ասում էի՝ տղա՛ ջան, մարդիկ նույնիսկ երկու տարով իրենց երեխաներին բանակ չեն ուղարկում: Մեր տունը դարձել էր զինվորական զորամաս, որտեղ նայում էիր՝ իր շորերն էին: Ինքն էլ այնքան էր սիրում իր զինվորական լինելը»,- ասում է տիկին Նարինեն:
Արցախում Սասունը տարբեր հատվածներում է եղել, սակայն վերջին շրջանում Թալիշում է եղել:
«Մինչև Ղարաբաղ հասնելը զանգեցինք, խոսեցինք, հորդորեցինք զգույշ լինել: Արդեն լուրեր էին տարածվել, տեսնում էինք, որ այնտեղ կռիվ է, բայց արդեն գնացել էր: Կամ ո՞վ կարող էր իրեն պահել, որ չգնար: Իրենք ապրիլի 1-ին եկել էին, հենց այդ գիշերը սկսվել է, ու սկսվել է Թալիշով, թուրքերը գրավել են երկու դիրքեր, իջել Թալիշ: Երբ իրենք գնացել են, ճիշտ է՝ Թալիշն ազատված է եղել, բայց իրենց դիրքերը թուրքերի ձեռքում են եղել: Իրենք ազատագրել են մի դիրքը: Ինքը շատ անվախ էր: Ընկերները եկել, պատմել են, ասել՝ երբեք չէինք պատկերացնի, որ Սասունի հետ պիտի նման բան լիներ, այդքան անվախ լինելով՝ նա մեզ միշտ ասում էր՝ տղե՛րք, զգո՛ւյշ եղեք, բայց նա փրկել է մեր կյանքը: Սասունը հետախույզ-գնդացրորդ էր: Հիմա միայն իր թղթերից եմ կարդում, իմանում իր ով լինելը: Շատ բաներ են ասում, որ մենք չենք իմացել, ասում են՝ շատ բաներ դուք դեռ կիմանաք իր մասին, բաներ կան, որ գաղտնիք են, երբեք չենք էլ իմանա, որովհետև հենց այնպես չէ, որ երկրի նախագահը պետք է գար և խոնարհվեր իմ տղայի առջև:
Պատմում են, որ թուրքերն այնքան են մոտեցել, որ իր գնդացրով վեր է կացել ու հնձելով՝ առաջ գնացել: Շատ ծանր վիրավորվել է, պտտվող գնդակ է եղել: Ընկերներն իջեցրել են ներքև, տվել շտապօգնությանը: Ասում են՝ մենք արդեն ապահով էինք, որ Սասունը կփրկվի, բժիշկների ձեռքում է, բայց արդեն շատ ուշ է եղել: Ոչինչ չեն կարողացել անել: Բոլորն ասում են՝ գլուխներդ բա՛րձր պահեք, ձեր տղան ազգի հերոս է:
«Ասում են՝ այդ օրը, երբ գնում էինք, շատ տխուր էր: Ամենքս մտամոլոր գնում էինք, ասացինք՝ Սասո՛ւն, գոնե դու մի բան ասա՛, ժամանակն անցնի, շուտ հասնենք: Չուզենալով՝ մի կատակ արեց ու էլ ձայն չհանեց: Ասում են՝ այն, ինչ արեց Սասունը, ոչ ոք չէր անի»:

Սասուն Մկրտչյանը զոհվեց Ապրիլյան քառօյա պատերազմում, բայց իր մահով վերածնեց անմահությունը և հերոսացավ հանուն հայրենիքի:
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ Սասուն Մկրտչյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով:
Комментарии
Отправить комментарий