Գրիգոր Նարեկացի-Մատյան ողբերգության

Հոկտեմբերի 20-ին 10-Ա դասարանի աշակերտների հետ հայ գրականություն առարկայից անցկացվեց բաց դաս: Դասը վարում էր Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Վ. Հարությունյանը: Դասի թեման Գրիգոր Նարեկացու <<Մատյան ողբերգության>> պոեմն էր: Համառոտ ներկայացվեց Գր. Նարեկացու կյանքն ու ստեղծագործությունը: Հետո խոսելով պոեմի մասին, նշվեց, որ այն հետագայում կոչվել է Նարեկ, բաղկացած է 95 գլուխներից/բան/ , որոնք վերնագրված են <<Ի խորոց սրտի խօսք ընդ Աստուծոյ>>: Ամբողջ երկը բանաստեղծի սրտի խոսքն է,աղոթքը, ներքին մենախոսությունը՝ ուղղված երկնային տիրոջը: Նարեկացին միստիկ է, որը ձգտում է հասնել և միավորվել աստվածային էությանը: Ըստ միստիկական մտածողության , Աստված ամենուրեք է՝ թե բնության, թե մարդու հոգու մեջ: Բայց մարդն անկատար է, նրա հոգին թաթախված է ծով մեղքերի մեջ: Ուստի աստվածային էությանը հասնելու համար մարդը պիտի անդադար մաքրի իր հոգին աղոթքների միջոցով, հրաժարվի մեղքերից: Նարեկացին ողբում է և աղոթում ոչ թե իբրև առանձին անձ, այլ խտացնում է իր մեջ ողջ մեղսագործ մարդկությանը: Բանաստեղծի նպատակն է եղել մաքրել, կատարելագործել ողջ մարդկությունը: Իր մեղքերը բանաստեղծը ներկայացնում է իբրև խոստովանություն, հարցերով ու պարսավանքներով դիմելով իր անձին, մեղա գալով ու սաստիկ տոչորվելով: Նա զգում է մարդու անկատարությունը, որն ավելի լավ է երևում կատարյալ Աստծո հետ համեմատվելիս:
                         Դու լույս ես ու հույս,
                         Իսկ ես՝ խավար ու խենթ.
                         Դու ի բնե բարի ու գովելի,
                         Իսկ  ես՝ չար համակ ու ապիկար.
Նարեկացու տագնապներին հետևում է հույսի  լույսը: Նա հավատում է ,որ Աստված բարեգութ կլինի մարդու հանդեպ: Հավատում է նաև մարդու ներքին ուժին, որով նա կկարողանա մաքրագործվել:  Մարդը եզակի պատկերն է Աստծո ,մինչև մեղքերի մեջ թաղվելը, եղել է աստվածանման, ստեղծարար ու մաքուր: Մեղավոր մարդուն դատապարտելուց հետո՝ նա գովաբանում է մարդ արարածին: Մարդուն տեսնել աստվածացած, այսինքն՝ կատարյալ, անթերի և ազատ: Այս է պոեմի հիմնական գաղափարը:
  Յուրաքանչյուր գլուխ մեկնաբանելուց հետո աշակերտները արտասանում էին  պոմից հատվածներ : Հնչեց նաև տրամադրություն ստեղծող հոգևոր երաժշտություն: Աշակերտները պատրաստել էին նաև սալիկաշար Գրիգոր նարեկացու <<Մատյան ողբերգության>> պոեմի մասին, որը ցուցադրվեց ողջ դասի ընթացքում:
 Դասն ավարտվեց Նարեկացու աղոթքով:

Комментарии