Հայ Առաքելական Ս. Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին:


Հնագույն ավանդության և ավետարանական հաշվարկներին հավատարիմ է մնացել միայն Հայ Առաքելական Ս. Եկեղեցին` հունվարի 6-ին միասնաբար նշելով Քրիստոսի Ծննդյան և Աստվածհայտնության տոները:

Հունվարի 6-ին` Ս. Ծննդյան Ս. Պատարագից հետո, կատարվում է Ջրօրհնեք, որը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը: Խաչով և Սրբալույս Մյուռոնով օրհնված հրաշագործ ջուրը բաժանվում է ժողովրդին` ի բժշկություն հոգևոր և մարմնավոր ախտերի:
Ս. Ծննդյան տոնակատարությունների շարքում կատարվում է նաև Տնօրհնեքի արարողություն: Ս. Ծննդյան և Ս. Հարության տոներից հետո մարդիկ հոգևորականին իրենց տուն և աշխատավայր են հրավիրում` տոնի կենարար ավետիսը և աստվածային օրհնությունը ստանալու նպատակով: Տնօրհնեք կատարվում է նաև այն ժամանակ, երբ տանը խախտվում է խաղաղությունը կամ զգացվում է դիվային ուժերի ներկայությունը:
Հունվարի 7-ը, ինչպես և բոլոր տաղավար /մեծ, գլխավոր/ տոներին հաջորդող օրերը, հանգուցյալների հիշատակության օր է` Մեռելոց: Հունվարի 7-ին` Ս. Պատարագից հետո, բոլոր եկեղեցիներում կատարվում է հոգեհանգստյան արարողություն, որից հետո մարդիկ այցելում են հարազատների շիրիմները:
Комментарии
Отправить комментарий