Հովհաննես Թումանյան-150

                 Կա Մեծարենց, կա Տերյան , և բազում ուրիշ պոետներ կան,
                 Բայց Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության...
                                                                                                             Եղիշե Չարենց

  Այս տարի փետրվարի 19-ին լրանում է մեր ազգային մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150 ամյակը:  Բացառիկ մեծ է Թումանյանի դերը և նշանակությունը հայ գրականության պատմության մեջ: << Հեղեղի պես իջավ նա առասպելական Լոռու վայրենի լեռներից,-գրում է Ավ. Իսահակյանը,- բերելով իր հետ մի ամբողջ բնություն՝ հուռթի և բազմատարր, մի ամբողջ հինավուրց ժողովուրդ՝ իր
տոհմիկ երգով ու խոսքով, հույզերով ու երևակայությամբ... Պղտոր էր սկզբում այս տարերային հեղեղը, բայց ժամանակի մեջ զտվելով ու մաքրվելով, բյուրեղացավ ու ոճավորվեց այն սքանչելի անմահ լեգենդների ու պոեմների մեջ, որ կազմում են մեր գրի անմահ փառքն ու գոհարակերտ բարձունքը, որից այն կողմ չի անցել մեր թռիրքը>>:
  Թումանյանն իր ամբողջ կյանքով ու ստեղծագործությամբ սերտորեն կապված է հարազատ ժողովրդին. << Մարդ որքան մոտ լինի իր երկրին ու ժողովրդին,- ասում էր նա իր զրույցներում,- որքան շատ խորանա ժողովրդական ստեղծագործության մեջ, նա էնքան  ավելի մեծ է ու համամարդկային. էդ ճանապարհով միայն գրողը կարող է ընդհանուր գրականության մեջ տեղ ունենալ>>:
  Թումանյանը իր արժանի տեղն է գրավել աշխարհի գրական մեծությունների շարքում.
                 -Այս հմուտ, հանճարեղ Լոռեցին
  Հոմերի, Գյոթեի հետ մի օր՝ հավասար՝ նստել է քեֆի,
  Եվ թաս է բռնել նրանց հետ, մեծարանք տվել ու առել,
  Ինչպես  իր պապերն են արել՝իրար հետ խնջույքի նստելիս:
                                                                                        Եղիշե Չարենց
Մեծ բանաստեղծի ստեղծագործությունները ապրելու են հավերժ՝ իր ժողովրդի հետ միասին:
<< Այն անկշռելի հարուստ ավանդը, որ նա թողեց, բավական է ,որ նա հավերժացած լինի. նրա համար մահ և մոռացություն չկա,- գրել է Ավ. Իսահակյանը: - Եվ հավիտյան
 այս երկրիս վրա եկող ու գնացող հայ սերունդները պիտի կրկնեն նրա իմաստուն խոսքերը.
                    Անց են կենում սեր ու խնդում,
                    Գեղեցկություն, գանձ ու գահ,
                    Մահը մերն է , մենք մահինը,
                    Մարդու գործն է միշտ անմահ:

                    Գործն է անմահ, լավ իմացեք,
                    Որ խոսվում է դարեդար,
                    Երնեկ նրան, որ իր գործով
                    Կապրի անվերջ, անդադար>>:
 Այսօր էլ թարմ են հնչում երիտասարդ սերնդին ուղղված նրա խոսքերը.
<<Թանկագին ուսուցիչներ և սիրելի աշակերտներ. դուք եք կռվում այն լուսավոր գաղափարների համար, որոնք պիտի բերեն եղբայրություն ու ազգերի համերաշխություն, հավասարություն, լույս և աևդարություն>>:

Комментарии