Դռները բացեք, գարուն է գալիս

                      Գարուն                        Վ. Տերյան

Գարունը այնքան ծաղիկ է վառել,
Գարունը այնպես պայծառ է կրկին.
-Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին:

Այնպես գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
-Շուրջս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտս մրրկում...

Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Իմ բացված սրտում հնչում է մի երգ.
-Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք...


                     Գարուն է գալիս

Ծիլերն են դաշտում կանաչին տալիս,
Դռները բացեք գարուն է գալիս:

Ժպտալուց առաջ բողբոջն է լալիս,
Դռները բացեք, գարուն է գալիս:

Ողջ բնությունն է հրճվանքից լալիս,
Դռները բացեք, գարուն է գալիս:

Լեռներն իրարու ողջույն են տալիս,
Դռները բացեք, գարուն է գալիս:

Երկինք ու երկիր մեզ ձայն են տալիս,
-Դռները բացեք, գարուն է գալիս...
                                                              Հ. Սահյան


Արդեն գարուն է, չնայած ժամանակ առ ժամանակ տեղացող ձյանը:
Կարող ենք ասել, որ գարունն արդեն ստանձնել է իր պարտականությունները: Արդեն տեսնում ենք գարնան ավետաբեր ձնծաղիկը: Այն կախարդում է ցանկացածին և ժպտալ ստիպում բոլորին:

              ***

 Առաջին սերս ձնծաղիկի պես
Ձնհալի միջից մի անգամ ժպտաց,
Ինձ ոտից գլուխ մի անգամ չափեց
Եվ իսկույն փակեց աչիկները թաց:
 Գարնան ավետաբեր ձնծաղիկը

Комментарии