Վահան Տերյան /1885 - 1920 /

 1908 թվականին լույս տեսավ Վ. Տերյանի <<Մթնշաղի անուրջներ>> ժողովածուն, որով սկսվեց արևելահայ պոեզիայի նոր շրջանը: Տաղանդավոր բանաստեղծ Վահան Տերյանն անմիջապես ճանաչվեց որպես գրական նոր սերնդի առաջնորդ:

Հովհ. Թումանյանը և Ավ. Իսահակյանը ջերմորեն ընդունեցին նոր բանաստեղծին:   Հովհ. Թումանյանը ասել է,- <<Նրա երգերը շատ գեղեցիկ են և գրեթե մեր լիրիկայի մեջ բոլորովին նոր բաներ>>:  <<Նա մի նոր գույնով, մի նոր ձայնով երգեց և սերը, և հայրենիքը, և բնությունը: Նա թարմացրեց հայ պոեզիայի և նյութը, և լեզուն>>,- այսպես բարձր է գնահատել Տերյանի պոեզիան Ավետիք Իսահակյանը:

Նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու և հասարակական-քաղաքական գործիչ Վ. Տերյանը ծնվել է 1885 թ-ի փետրվարի 9-ին Ախալքալաքի Գանձա գյուղում: Հայրը՝ սեր Սուքիասը, մեծ սեր ուներ գիտության և կրթության նկատմամբ և երեխաների մեջ ևս արթնացնում էր հետաքրքրություն դեպի գիրքը: Տերյանին մանկուց գերել է հայրենի եզերքը: Կյանքի դառն ու տխուր պահերին նա տենչացել է իր պայծառ ու արևոտ ծննդավայրը.

                    Ինձ տարեք մեր դաշտերը պայծառ,



                    Մեր սարերն անառիկ, վեհանիստ,



                    Մեր արտերն արևոտ ու հանգիստ:

Վ. Տերյանը գրել է վաղ հասակից: Նկատելի էր նրա մոտ Թորմանյանի և Իսահակյանի ազդեցությունը: Բայց մի երկու տարվա ընթացքում  նա գտնում է իր ոճն ու ձայնը, իր նյութն ու աշխարհը: Իսահակյանը գրել է. <<Երկու տարվա ընթացքում հրաշքը կատարվել էր, Վահանը գտել էր իրեն և արվեստի գաղտնիքը>>: Հասունանում է նաև բանաստեղծ քաղաքացին, որը ամբողջ հոգով ձգտում էր ազատության ու երջանկության

                            Մարդոց երկրում անտարբեր,

                            Ցուրտ աշխարհում, արդյոք ով

                             Կընդունե ձեզ գգվանքով,

                             Իմ երազներ, իմ երգեր...

Տերյանը հյուսում է թախծոտ ու քնքուշ երգեր, մեծարում է կնոջը, նվիրագործում ճշմարիտ գեղեցիկը: Սերը տանջվող հոգու նեցուկն է չար աշխարհում.

                             Եթե սեր չկա  -ինչի համար

                            Պիտի չարչարվեմ չար աշխարհում.-

                            Կգնամ հողի գիրկը խավար,

                            Կլռեմ որպես քարն է լռում...

Ամբողջովին հայրենիքի գալիքով ապրող բանաստեղծն ուներ նաև մեծ դժբախտություն: Նա տառապում էր թոքախտով: Ժամանակի հետ սպառվում էին նրա ուժերը, Տերյանը ամեր օր զգում էր մահվան ծանր շունչը: Հիվանդ բանաստեղծը պայծառ թախիծով իր սիրտը բացում է աշխարհի դեմ և բաժանման խոսք ասում մարդկանց, բնությանը, բոլոր արարածներին.

Ամեն անգամ սիրով տրտում ասում եմ ես մնաս բարով.

Բորբ արևին իմ բոց սրտում ասում եմ ես մնաս բարով:

Մնաք բարով. ասում եմ ես, բոլոր մարդկանց չար ու բարի,

Տանջվող ու որբ Ադամորդուն ասում եմ ես մնաս բարով:

Մնաք բարով , ասում եմ ես, ընկերներիս մոտ ու հեռու,

Ոսոխներինս չար ու արթուն, ասում եմ ես մնաք բարով:

Երկնի մովին, կանաչ ծովին, անտառներին խոր ու մթին,

Գարնան ամպին լույս ոլորտում ասում եմ ես մնաք բարով:

Խոր դրամայից, ցաված սրտից, ներքին խռովքից ու այրումից ծնվում է նաև բանաստեղծի երգի անանձնական ,մարդասիրական ոգին,որ նրան կապում է մեծ աշխարհի հետ...



Комментарии