Շուշիի ազատագրումը

Շուշին պատմական Հայաստանի 15 նահանգներից մեկի` Արցախի (ներկայիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) հինավուրց բերդաքաղաքն է, վարչական, հոգևոր, մշակութային և կրթական կենտրոնը: Թեև Շուշին ունի հարուստ պատմություն, նրա անվան հետ կապված հիմնական խորհուրդը ծնվել է ոչ թե հեռավոր անցյալում, այլ մեր օրերում: 1992 թվականի մայիսի 9-ից հետո Շուշիի հետ է կապված հայ ժողովրդի նորագույն պատմության ամենապանծալի էջերից մեկը` հայ ժողովրդի հաղթանակը Ղարաբաղյան ազատագրական պատերազմում: Եվ այդուհետ ամեն հայի համար ՇՈՒՇԻ բառի առաջին և հիմնական իմաստը դարձել է մեկ բառ` ՀԱՂԹԱՆԱԿ: Շուշի քաղաք-ամրոցը Գորիս-Ստեփանակերտ մայրուղու վրա է, Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտից 11կմ հարավ, բարձունքի վրա: Քաղաք մուտք գործել հնարավոր է միայն մեկ կողմից, մեկ ճանապարհով, քանի որ Շուշին երեք կողմից շրջապատված է անմատչելի ժայռերով: Հյուսիսային և հարավային կողմում տարածվում են դաշտերը և այգիները, իսկ հյուսիս-արևելյան մասում գտնվում է Ստեփանակերտը: Հարավ-արևելյան կողմում քաղաքը գոտևորող կիրճով հոսում է լեռնային Կարկառ գետը: Քաղաք-ամրոցի աշխարհագրական դիրքը նրան կարևոր ռազմավարական դեր է տալիս: Բնական անմատչելի դիրքի շնորհիվ Մեծ Հայքի Արցախ նահանգի Վարանդա գավառի հայ բնակիչների համար այն ծառայել է իբրև պաշտպանական ամրություն, որը հետագայում պարսպապատվելով դարձել է բերդ: Բերդապարսպի մեծ մասն այժմ էլ կանգուն է: 19-րդ դարում միջնադարյան Շուշի ամրոցը հարավային Կովկասի կարևորագույն արհեստագործական, առևտրական, մշակութային և կրթական կենտրոն էր: Քաղաքում գործել են ուսումնարան, տպարան, թատրոն, լույս են տեսել երկու տասնյակ պարբերականներ: Պատմական տարբեր ժամանակահատվածներում Շուշին մշտապես ենթարկվել է թուրքերի և այլ օտար նվաճողների ասպատակություններին, որի արդյունքում հայերը մարդկային և նյութական մեծ կորուստներ են կրել, բայց փորձել են պաշտպանել իրենց հողը: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Շուշիի բնակչությունը մոտ 42 հազար էր, որոնցից 22 հազարը հայեր էին: 1920թ. հայկական թաղամասում թուրք-մուսավաթական հրոսակախմբերը կազմակերպեցին հայերի զանգվածային ջարդ: Ամբողջությամբ ավերվեց, կողոպտվեց և այրվեց քաղաքի հայկական մասը, մոխրի կույտերի վերածվեցին 7 հազար բարեկարգ տներ, պատմության և մշակույթի բազմաթիվ հուշարձաններ, գրադարաններ և տպարաններ, դպրոցներ և խանութներ: Կոտորածին զոհ գնացին Շուշիի ավելի քան 20 հազար հայ բնակիչներ: Շուշիի հայկական ջարդերը թուրք-մուսավաթական քաղաքականության շարունակության արտահայտությունն էր` հայ ժողովրդին բնաջնջել նրա պատմական հայրենիքում: Սովետական իշխանության տարիներին, Ստալինի անմիջական ղեկավարությամբ բոլշևիկյան Ռուսաստանի կոմունիստական կուսակցության մի անօրինական որոշումով Արցախը (Ղարաբաղը) բռնակցվեց Ադրբեջանին որպես Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ: Խորհրդային տարիներին Արցախի և հատկապես Շուշիի հայաթափման գործը շարունակեցին Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները: 1988 թվականին Արցախի բնակչությունը խաղաղ ցույցերով և օրինական` սահմանադրական եղանակով սովետական իշխանությունից միահամուռ պահանջեց վերականգնել արդարությունը և Արցախը վերամիավորել Հայաստանին: Ադրբեջանը հայերի խաղաղ ցույցերին և Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի օրինական որոշմանը պատասխանեց հայերի սպանություններով, ջարդերով ու կոտորածներով Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում և բազմաթիվ այլ քաղաքներում: Ամբողջ աշխարհը ցնցվեց ադրբեջանցիների կողմից Սումգայիթ քաղաքում հայերի դեմ կազմակերպված ցեղասպանությունից, երբ 5 օր շարունակ մարդկանց, այդ թվում` կանանց, երեխաներին, ծերերին դաժանաբար խոշտանգում, սպանում և հրկիզում էին ադրբեջանական ժամանակակից քաղաքների փողոցներում, բոլորի աչքի առաջ: Նման ճակատագրի կամ բռնի տեղահանման արժանացան նաև Շուշիում մնացած փոքրաթիվ հայերը. որոնց ադրբեջանական իշխանությունները դեռ չէին հասցրել տեղահանել քաղաքից: Արցախի ժողովուրդը ստիպված դիմեց ինքնապաշտպանության: Սկսվեց Ղարաբաղյան ազատագրական պատերազմը: Պատերազմի ժամանակ Շուշին դարձել էր Ադրբեջանի հիմնական ռազմական հենակետը, որտեղից դաժանաբար ռմբակոծվում էր Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը և շրջակա բնակավայրերը: Ադրբեջանցիները խաղաղ բնակչության դեմ օգտագործում էին միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակներ, այդ թվում` ԳՐԱԴ համազարկային կայանքներ: Ստեփանակերտի և հարակից գյուղերի բնակչությունը ամիսներ շարունակ ստիպված թաքնվում էր շենքերի նկուղներում, առանց լույսի և ջերմության: Շուշիի ազատագրումը Արցախի համար դարձել էր կյանքի և մահվան հարց: 1992թ. մայիսի 8-9-ին իրականացվեց հայ ռազմարվեստի ամենափայլուն գործողություններից մեկը` Շուշիի ազատագրումը: Հետագայում տարբեր երկրների բազմաթիվ զինվորական բարձրաստիճան ներկայացուցիչներ և մասնագետներ բազմիցս իրենց հիացմունքն ու զարմանքն են արտահայտել այն մասին, թե ինչպես հայերը կարողացան երկու օրվա գրոհով ազատագրել այդ անառիկ բերդաքաղաքը, որը 3 կողմից պաշտպանված է լեռներով ու անդունդներով, և միայն անձնազոհ մարդիկ կարող էին փորձել գրավել այն: Շուշիի ազատագրման գործողությունը մշակվել ու ղեկավարվել է հայ տաղանդավոր ռազմական մասնագետների և ազատագրական պայքարի հերոսների կողմից` լեգենդար գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոսի) ղեկավարությամբ: Գործողությանը նախապես տրվել է ՀԱՐՍԱՆԻՔ ԼԵՌՆԵՐՈՒՄ անվանումը: Հայ մարտիկները, գրոհելով միաժամանակ 4 ուղղություններով` աչքի են ընկել կազմակերպվածությամբ, բացառիկ խիզախությամբ ու վճռականությամբ և մայիսի 9-ին ամբողջովին ազատագրել են հայոց հինավուրց բերդաքաղաքը: Ադրբեջանցիներն իրենց հիմնական զինապահեստ էին դարձրել հայկական քրիստոնեական Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին` վստահ լինելով, որ հայերը ոչ մի դեպքում չեն ռմբակոծի սուրբ եկեղեցին: Բարեբախտաբար և հավանաբար Աստծո կամոք, ադրբեջանցիները, խուճապահար փախուստի ժամանակ, չհասցրեցին պայթեցնել եկեղեցին: Շուշիի ազատագրման շնորհիվ դադարեցվեցին Ստեփանակերտի և շրջակա բնակավայրերի ռմբակոծումները, բեկում մտցվեց պատերազմում, և Արցախը նվաճեց փաստացի անկախություն: Հայ ժողովուրդը մշտապես կնշի մայիսի 9-ը որպես կրկնակի տոն` Հաղթանակի օր Հայրենական Մեծ պատերազմում և Շուշիում: Այժմ քաղաքի բնակչությունը մոտ 3500 է: Հայրենանվեր ձեռնարկումների շնորհիվ Շուշին աստիճանաբար վերականգվում է, վերագործարկվում են արտադրական ձեռնարկություններ, գործում են կրթական, մշակութային օջախներ: Շուշիում են ծնվել բազմաթիվ նշանավոր հայեր` գրողներ Մուրացանը, Լեոն, պետական գործիչ, Հայաստանի առաջին հանրապետության նշանավոր ազգային-պետական գործիչ Արամ Մանուկյանը, Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանը, դերասաններ Վաղարշ Վաղարշյանը, Գուրգեն Գաբրիելյանը և ուրիշներ: Շուշիում գործում է երկրագիտական թանգարան, պատկերասրահ, քաղաքում կարելի է տեսնել Շուշիի ազատագրմանը մասնակցած տանկը (ՏԱՆԿ-ՀՈՒՇԱՐՁԱՆ), Հայաստանի և Արցախի հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանը, ազատամարտիկների հիշատակի խաչքարը: Շուշիի զարդը Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին է: Քաղաքի հուշարձանների մեջ առանձնանում է նաև 1847 թվականին կառուցված Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին: Այն հայտնի է նաև Կանաչ Ժամ անունով, քանի որ եկեղեցու գմբեթը ներկված է կանաչ գույնով: Շուշիի տեսարժան վայրերից են նաև Մեղրեցոց եկեղեցու ավերակները, ամրոցի պարիսպի մնացորդներն ու աշտարակները, մահմեդական հուշարձաններից` Վերին և Ներքին մզկիթները և այլն: Շուշիում է գտնվում Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի հոգևոր կենտրոնը: Մինչև 1990-ականները Հայաստան այցելող սփյուռքահայերի, ինչպես նաև բոլոր հայերի համար Հայրենիքում, ի թիվս հազարավոր հուշարձանների ու կոթողների, կար երկու հիմնական սրբավայր, ուր նրանք ավանդաբար և հոգու կանչով պարտադիր այցելում էին: Այդ սրբավայրերն են Հայ Առաքելական եկեղեցու կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և Մեծ Եղեռնի հուշահամալիր թանգարանը Երևանում: Այժմ այդ ցուցակում ավելացել է երրորդ սրբավայրը` Շուշին:

Комментарии