Հայոց եկեղեցին և Հայկական հարցը


                Հայոց Եկեղեցին 19-րդ դարում

19-րդ դարասկիզբը Հայոց եկեղեցու համար առանձնացավ պետական կյանքում տեղի ունեցած բուռն փոփոխություններով. Հայաստանի մի զգալի մասը՝ Արևելյան Հայաստանը, ազատվելով Թուրքիա-Պարսկական լծից, ընկավ Ցարական Ռուսաստանի գերիշխանության տակ։ Հայ Եկեղեցին և հայ ժողովուրդը, խանդավառված քրիստոնյա Ռուսաստանի կազմի մեջ անցնելով՝ մեծապես օժանդակեցին Ռուսաստանին՝ թշնամու դեմ պայքարի հարցում։ Հայ ժողովրդին ներկայանալով որպես հավատակից ազատարար՝ Ռուսաստանը մեծ կարևորություն էր հատկացնում եկեղեցական խնդիրներին և Հայոց Եկեղեցուն՝ գիտակցելով, որ պետականության կորստից հետո հայ ամբողջականության շահերի ու տրամադրությունների արտահայտիչը Հայ Առաքելական Եկեղեցին է։ Ըստ այդմ Ռուսաստանը փորձում էր փոքրացնել Հայ Եկեղեցու քաղաքական դերը երկրի ներսում, օգտագործել Ամենայն Հայոց Կաթողիկոսության հեղինակությունը Ռուսաստանում և դրանից դուրս բնակվող հայերի վրա ազդեցություն տարածելու համար։ Ռուսաստանը իրավունք էր վերապահել իրեն մինչև անգամ վավերացնելու Կաթողիկոսի ընտրությունը։ Ավելին՝ 1836թ. Ռուսական կառավարությունը հրապարակեց պետության և Հայոց եկեղեցու հարաբերությունները կանոնակարգող «Պոլոժենիե» փաստաթուղթը, որը ծայրահեղորեն նվազեցնում էր Հայոց եկեղեցու հեղինակությունը, զրկում նրան կալվածքներից, դպրոցներից և ունեցվածքից։ Սա առաջ բերեց հայ ժողովրդի և Հայոց Եկեղեցու վրդովմունքը, սակայն մինչև 1917թ. «Պոլոժենիեն» չդադարեց գործելուց։ Չնայած Հայոց Եկեղեցու առաջ ծառացած խնդիրներին՝ Հայոց Եկեղեցին շարունակում էր պահպանել իր գոյությունը՝ միաժամանակ որոշակի դրական արդյունքներ արձանագրելով հոգևոր-մշակութային կյանքում։ Միմյանց հաջորդած Եփրեմ Ա Ձորագեղցի (1809-1830թթ.), Հովհաննես Ը Կարբեցի (1831-1842թթ.) և Ներսես Ե Աշտարակեցի (1843-1857թթ) կաթողիկոսների շարքում ամենից աչքի ընկնողը եղավ Ներսես Աշտարակեցին, ով ակտիվ գործունեություն էր ծավալել նույնիսկ մինչև կաթողիկոս դառնալը՝ քաջալերողն ու նպաստողը լինելով 1804-1813թթ, 1826-1828թթ. Ռուս-Պարսկական պատերազմների։ Աշտարակեցու ջանքերով հիմանդրվեց Ռուսաստանի Նոր-Նախիջևանի, Աստրախանի թեմը, Թիֆլիսում բացվեց հանրահայտ Ներսիսյան դպրոցը (1824թ.)։ Կաթողիկոս դառնալուց հետո Աշտարակեցին ձեռնամուխ եղավ եկեղեցական կյանքի շենացմանն ու կրթամշակութային աշխատանքների։ Արդյունաշատ եղավ նաև Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի (1866-1882թթ) կաթողիկոսի աթոռակալությունը. Էջմիածնում հիմնվեց տարածաշրջանի առաջին Բարձրագույն Ուսումնական հաստատությունը՝ Գևորգյան ճեմարանը (1874թ), բացվեցին Մայր Աթոռի թանգարանը, տպարանը, թղթի արտադրամասը, սկսվեց հրատարակվել Հայոց Եկեղեցու առաջին պաշտոնաթերթը՝ «Արարատ» ամսագիրը(1868թ)։ Այս շրջանի հայտնի հոգևոր գործիչներից էր նաև Մկրտիչ Ա Խրիմյանը (Խրիմյան Հայրիկ, 1892-1907), ով մինչև կաթողիկոսանալը վարել է ոչ միայն հոգևոր, այլև հասարակական գործունեություն։ Զբաղեցնելով պատասխանատու բարձր պաշտոններ (ընդհուպ Կ.Պոլսի պատրիարքի պաշտոնը)՝ Խրիմյանը միաժամանակ զբաղվում էր հրատարակչական և գրական գործունեությամբ։ Որպես հայկական պատվիրակության ղեկավար՝ մասնակցել է 1878թ. Բեռլինի Կոնգրեսին, ուր քննարկման էր դրված Հայկական հարցը։ Խրիմյանի կաթողիկոսության օրոք՝ 1903թ. Ցարական կառավարությունը նոր օրենք առաջ քաշեց, որի համաձայն բռնագրավվում էր ողջ եկեղեցական գույքը, փակվում էին հայկական դպրոցները։ Խրիմյանը ակտիվորեն հակառակվեց այդ օրենքին՝ նամակով դիմելով ցարին և պատվիրեց թեմերին չհնազանդվել այդ օրենքին։ Շուտով այս օրենքը դադարեց գոյություն ունենալուց։ Բարդ էր Հայոց եկեղեցու վիճակը նաև Արևմտյան Հայաստանում։ Ռուս-Թուրքական պատերազմից (1828-1829թթ) հետո Եվրոպական երկրների ճնշմամբ Օսմանյան թուրքիայում հիմնվեցին բողոքական և կաթոլիկ համայնքներ, ովքեր սկսեցին ակտիվ և ագրեսիվ գործունեություն ծավալել՝ ջանալով թուլացնել առանց այդ էլ հյուծված Հայոց Եկեղեցին։ Այսուամենայնիվ հայոց պատրիարքը շարունակում էր մնալ իր բարձր դիրքի վրա, իսկ Թուրքական կառավարությունը փորձում էր մշտապես միջամտել նրա ընտրության և գործունեության հարցում։ Առանց պատրիարքի չէին լուծվում ազգային-եկեղեցական և համայնքային խնդիրները, պատրիարքը միջնորդ էր պետության և Սուրբ Էջմիածնի միջև։ Հարցը «կարգավորելու» համար 1860թ. կառավարությունը առաջ քաշեց Ազգային Սահմանադրությունը, որը գոյություն ունեցավ մինչև 1880-ական թվականները։ Համաձայն դրա՝ Օսմանյան Կայսրության հայ համայնքի և բնակչության ղեկավարումը կատարվում էր 2 խորհուրդների՝ հոգևոր խորհրդի (14 եպիսկոպոսներ կաթողիկոսի գլխավորությամբ) և աշխարհիկ խորհրդի (20 երեցփոխաններ՝ ընտրված 400 հոգու կողմից) միջոցով։ 1895-1896թթ. սկիզբ առան հայերի զանգվածային ջարդերը, որոնք կանխելու դեմ ջանք չէին խնայում ժամանակի պատրիարքներ Մկրտիչ եպիսկոպոս Խրիմյանը, Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանը և մյուսները։

Комментарии