Միրհավ


Աշուն էր, պայծառ աշուն...
Օդը մաքուր էր, արցունքի պես ջինջ։ Կապտավուն սարերին այնքան մոտ, այնքան պարզ էին երևում, որ հեռվից կարելի էր համրել նրանց մաքուր լանջերի բոլոր ձորակները, կարմրին տվող մասրենու թփերը։
Աշուն էր՝ տերևաթափով, արևի նվազ ջերմությամբ, դառնաշունչ քամիով, որ ծառերի ճղներից պոկում էր դեղնած տերևները, խմբերով քշում, տանում հեռու ձորերը։ Նույնիսկ քարափի հաստաբուն կաղնին խոնարհվում էր քամու առաջ։ Ամայի ձորերում, դեղնակարմիր անտառի և հնձած արտերի վրա իջել էր մի պայծառ տխրություն։ Ջինջ օդի սառնության մեջ զգացվում էր առաջին ձյունի շունչը։
Այգում երիտասարդ կեռասենիները մրսում էին, քամուց խշշում։ Սիմինդրի երկար տերևները թրերի նման քսվում էին իրար, պողպատի ձայն հանում։ Կարծես ձիավորներ էին արշավում իրար դեմ, և սիմինդրի տերևը, որպես բեկված սուսեր, ընկնում էր քամու առաջ։
Արևի տակ ժպտում էր վերջին արևածաղիկը և օրորում դեղին գլուխը։
Դիլան դային նստել էր հնձանի պատի տակ, ընկուզենու չոր կոճղին։ Նա սովորություն ուներ ուշ աշնանը վերջին անգամ այգին մտնելու, դուռ ու ցանկապատ ամրացնելու և հնձանը փակելու, որպեսզի ձմռան ցուրտ գիշերներին գայլ ու գազան չպատսպարվեն ներսը։

Комментарии