Օսկար Ուայլդ , Եսամոլ հսկան


                                         
 Ամեն օր, դպրոցից տուն դառնալիս, երեխաները մտնում էին Հսկայի այգին խաղալու:
Դա մի մեծ ու գեղեցիկ մի այգի էր` փափուկ կանաչ խոտով: Այս ու այն տեղ խոտերի միջից երևում էին աստղանման հիասքանչ ծաղիկներ, կային և 12 ծիրանենիներ, որոնք գարնանը  մարգարտավարդագույն ծաղիկներով էին ծածկվում, իսկ  աշնանը` հարուստ բերք տալիս: Թռչնակները թառում էին ծառերին և երգում այնքան ախորժալուր, որ երեխաները , խաղերը մոռացած, նրանց էին լսում:
-         Որքան ուրախ է այստեղ,- ձայն էին տալիս նրանք միմյանց:
Բայց մի օր  Հսկան տուն վերադարձավ: Նա հյուր էր գնացել իր ընկերոջ` Կոռնուելի Մարդակերի մոտ ու 7 տար այնտեղ մնացել: Ու քանի որ խոսելիքը  սահմանափակ էր եղել, նա 7 տարում ասել էր այն ամենը, ինչ պիտռի ասեր, իսկ հետո որոշել էր սեփական ամրեցը վերադառնալ:
Երբ նա տեղ հասավ, տեսավ իր այգում խաղացող մանուկներին:
_Ինչ գործ ունեք այստեղ,- գոռաց նա զարհուրելի ձայնով ու երեխաները փախան:- Իմ այգին իմ սեփականությունն է, -գոչեց Հսկան,- և թող բոլորն իմանան, որ բացի ինձնից ոչ ոքի թույլ չեմ տա այստեղ խաղա:
Եվ նա բարձր պարիսպ կանգնեցրեց այգու 4 կողն ու ցուցանակ կախեց.
                                    Մուտքն արգելված է.
                           Օրինազանցները կպատժվեն:
Շատ եսամոլ էր այս Հսկան:












Աղքատ երեխաները այլևս խաղալու տեղ չունեին: Նրանք փորձեցին խաղալ ճանապարհին, բայց այնտեղ չափազանց փոշոտ  էր  ու քարաշատ, ու դա նրանց դա դուր չեկավ:
Այժմ, արդեն դասերից հետո, նրանք թափառում էին բարձր պարսպի շուրջն ու զրուցում հոյակապ այգու մասին. որը չէր երևում:
-Ինչքան ուրախ  էինք մենք այգում,- ասում էին նրանք միմյանց:
 Հետո եկավ գարունը , և ամենուրեք փոքրիկ բողբոջներ ու թռչնակներ հայտնվեցին: Միայն Եսամոլ Հսկայի այգում տնօրինում էր Ձմեռը: Թռչնակներն այնտեղ չէին  ուզում երգել, քանի որ մանուկներ չկային, իսկ ծառերն էլ  մոռացան  ծաղկել:
Օրերից մի օր խոտերի միջից մի գեղեցիկ ծաղիկ հանկարծ գլուխը հանեց, բայց հենց որ նկատեց ցուցանակը, այնքան վշտացավ երեխաների համար, որ իսկույն նորից թաքնվեց հողի տակ ու քուն մտավ: Միայն Ձյունն ու Սառնամանիքն էին իրենց լավ զգում:
-         Գարունը մոռացել է այգին,- գոչեցին նրանք,- ուստի մենք կլոր տարին այստեղ կապրենք:
Ձյունը խոտը  ծածկեց իր հսկա ճերմակ թիկնոցով, իսկ Սառնամանիքին արծաթազօծեց բոլոր ծառերը: Հետո նրանք իրենց մոտ հրավիրեցին Հյուսիսային Քամուն, ու նա եկավ: Մորթիներով փաթաթված, նա ամբողջ օրը ոռնում էր այգում և տեղահան անում ծխնելուզների խողովակները:
-Ինչ փառահեղ վայր է , - ասում էր Հյուսիսային Քամին,-պետք է այստեղ հրավիրել նաև Կարկուտին:
Ու Կարկուտը եկավ: Օրը երեք ժամ նա հարվածում էր ամրոցի տանիքին: Մինչև որ կոտրատեց համարյա բոլոր կղմինդրները, իսկ հետո, հնարավորին չափ արագ պտտվեց այգու շուրջբոլորը: Նրա զգեստը մոխրագույն էր, իսկ շունչը `սառույց:
   -Չեմ հասկանում ` ինչու է այսքան ուշանում Գարունը,- ասաց պատուհանի գոգին նստած եսամոլ Հսկան  ու նայեց իր սառած սպիտակ այգուն:- Հուսով եմ, եղանակը շուտով կփոխվի:
Բայց գարունն այդպես էլ չեկավ, չեկավ և ամառը: Աշունը ոսկե մրգեր բերեց բոլոր այգիներին, իսկ Հսկայի այգուն` ոչինչ:
_Նա չափազանց եսամոլ է,- ասաց աշունը:
Եվ այդպես, Հսկայի այգում  մշտապես Ձմեռն էր թագավորում, իսկ Հյուսիսային Քամին, Կարկուտը, Ձյունն ու Սառնամանիքը պարում էին ծառերի միջին:





 Մի առավոտ, երբ Հսկան արթուն պառկած էր անկողնում, նրա ականջին գեղեցիկ մեղեդի հասավ:  Ու այնպես ախորժալուր, որ նա կարծեց , թե արքայի երաժիշտներն են անցնում: Իրականում  դա մի փոքրիկ կանեփահավ էր ճռվողում, բայց Հսկան այնքան վաղուց չէր լսել իր այգում երգող թռչնակի, որ նրան թվաց, թե աշխարհում երբեք ավելի սքանչելի բան չի լսել:
Կարկուտը դադարեց ծեծել տանիքը, իսկ Հյուսիսային Քամին այլևս չոռնաց, ու դրա փոխարեն կիսաբաց պատուհանից  անուշ բուրմունք թափանցեց ներս:
-         Վերջապես Գարունը եկավ,- ասաց Հսկան ու անկողնուց վեր թռավ:
Եվ ինչ տեսավ:
Նրա առջև հրաշալի տեսարան բացվեց: Պարսպի մեջ բացված  նեղ անցքից խուժած մանուկները թառել էին ծառերի ճյուղերին: Ամեն մի ծառի մի երեխա էր նստած:
Ու ծառերն այնքան ուրախ էին մանուկների վերադարձի համար, որ ոտից գլուխ ծաղիկ էին հագել և ձեռքերն էին օրորում նրանց գլխավերևը:
 Շուրջբոլորը թռչուններն էին ճախրում և հրճվալից  ծլվլում, իսկ ծաղիկները գլուխները կանաչ խոտերի միջից հանած, ծիծաղում էին:  Իսկապես, չքնաղ տեսարան էր:’ Միայն մի անկյունում էր`  դեռ իշխում էր Ձմեռը: Դա այգու ամենահեռավոր անկյունն էր, որտեղ մի մանչուկ էր կանգնած: Նա այնքան փոքր էր, որ չէր հասնում ծառի ճյուղի և դառն արցունք էր թափում  ու պտտվում ծառի շուրջը: Խեղճ ծառը եղյամով ու ձյունով  էր պատած, իսկ Հյուսիսային Քամին  շարունակում էր  փչել ու ոռնալ նրա գլխավերևը:
-         Մագլցիր,  մանչուկ, -ասում էր ծառը ու կքում ճյուղերը որքան կարող էր: Բայց տղան շատ էր պստիկ:
 Ու Հսկայի սիրտը հալվեց այս տեսարանից:
-         Ինչ եսամոլն եմ եղել,- մտածեց նա,- այ, թե ինչու չէր գալիս գարունը: - Ես մանչուկին կնստեցնեմ  ծառի կատարին և կքանդեմ պարիսպն ու իմ այգին խաղահրապարակ կդարձնեմ բոլոր , բոլոր երեխաների համար:
Նա իսկապես շատ էր զղջում իր վարմունքի համար:









Եւ Հսկան մատների ծայրերի վրա իջավ ցած, բացեց դուռն ու այգի մտավ: Բայց երեխաները , նրան տեսնելով, այպես ահաբեկվեցին, որ ամեն մեկը մի կողմ փախավ ու կրկին եկավ Ձմեռը:  Միայն մանչուկը չփախավ, քանի որ նրա աչքերն արտասուքով էին լցված  և նա նույնիսկ չնկատեց Հսկայի մուտքը: Հսկան թիկունքից անշշուկ մոտեցավ տղային, քնքշորեն ափն առավ նրան ու նստեցրեց ծառին: Ծառն իսկույն ծաղկեց , և թռչնակները ետ դարձան ու ծլվլացին, իսկ մանչուկը  ձեռքերեը երկարեց  ու գրկեց Հսկայի վիզն ու համբուրեց նրան : Մյուս երեխաները , երբ տեսան, որ Հսկան բարի  է դարձել, ետ վազեցին, և Գարունն էլ վերադարձավ նրանց հետ:
-         Այսուհետև սա ձեր այգին է , փոքրիկներ,- ասաց Հսկան,- մի մեծ կացին առավ ու խորտակեց պարիսպը:
Կեսօրին, երբ մարդիկ շուկա էին գնում, Հսկային տեսան երեխաների հետ խաղալիս աշխարհիս ամենագեղեցիկ այգում:
Մանուկները խաղացին մինչև երեկո, իսկ հետո եկան` բարի գիշեր մաղթելու Հսկային:
-Իսկ  ուր է ձեր փոքրիկ ընկերը, որին ես ծառը բարձրացի,- հարցրեց Հսկան:նա այդ տղային բոլորից շատ էր սիրում, քանի որ մանչուկը համբուրել  էր նրան:
- Չգիտենք,- պատասխանեցին երեխաները,- նա գնացել է:
- Ասացեք նրան, որ վաղն անպայման գա,- խնդրեց Հսկան:
Բայց երեխաներն ասացին, որ չգիտեն, թե որտեղ է ապրում տղան, քանի որ նախկինում երբեք չեն տեսել  նրան: Ու Հսկան շատ վշտացավ:
Ամեն օր, դասերից հետո, մանուկները գալիս ու խաղում էին Հսկայի հետ: Իսկ փոքրիկ տղան, որին Հսկան ամենից ավելի էր սիրում, այլևս չէր երևում: Հսկան բոլոր երեխաներին էլ շատ էր սիրում, այդպես էլ լավ էր վերաբերվում, բայց և այնպես, շատ էր կարոտում իր առաջին փոքրիկ բարեկամին ու հաճախ հարցուփորձ էր անում նրա մասին:
-Որքան կուզենայի նրան կրկին տեսել, - ասում էր Հսկան:





Տարիներն անցնում էին , և Հսկան ավելի ու ավելի էր ծերանում ու թուլանում: Նա այլևս մանուկների հետ խաղալու ուժ չուներ, այնպես որ նստում էր բազկաթոռին ու նայում, թե ինչպես են խաղում երեխաներն ու հիանում էր իր այգով:
-Ես սքանչելի ծաղիկներ շատ ունեմ, -ասումէ ր նա,- բայց երեխաներն ամենասքանչելին են:
Ձմռան մի առավոտ, հագնվելիս, Հսկան դուրս նայեց պատուհանից: Այժմ արդեն նա չէր ատում Ձմեռը, քանի որ գիտեր, որ Գարունը պարզապես  քուն է մտել, իսկ ծաղիկները` հանգստանում են:
Հանկարծ Հսկան աչքերը սկսեց տրորել, նայել ու նայել, կարծես հրաշք տեսած լիներ: Եւ իսկապես, հրաշալի տեսարան էր բացվել: Այգու ամենահեռավոր անկյունում մի ծառ ամբողջովին ծաղկել էր ու ծածկվել չնաշխարհիկ սպիտակ ծաղիկներով: Ծառի  ճյուղերը ոսկուց էին և նրանցից կախված էին արծաթե մրգեր, իսկ նրանց տակ կանգնած էր տղան, ում Հսկան ամենից շատ էր սիրում:
Ուրախությունից իրեն կորցրած Հսկան ցածխ վազեց աստիճաններով  ու այգի մտավ: Նա ուղղակի խոտերի վարյով շտապեց դեպի տղան: Բայց երբ մոտեցավ, նրա դեմքը շառագունեց զայրույթից ու հարցրեց.
-Ով է  հանդգնել քեզ վիրավորել:’
Տղայի ափերի մեջ նա տեսել էր երկու մեխի հետք, երկու մեխի հետք էլ ոտքերին կար:
-Ով է հանդգնել վիրավորել քեզ,- գոչեց Հսկան,- ասա, որպեսզի առնեմ մեծ թուրս ու սպանեմ մեղավորին:
-Ոչ,- պատասխանեց մանուկը:- Չէ որ սրանք սիրո վերքեր են:
- Ով ես դու,- հարցրեց Հսկան ու մի խորհրդավորև երկյուղ պատեց նրան, և նա ծնկի իջավ մանկան առաջ:
Մանուկը ժպտաց Հսկային ու ասաց.
-         Մի օր դու ինձ թույլ տվիր խաղալ քո այգում, իսկ այսօր ես քեզ կտանեմ իմ այգին, որ կոչվում է Դրախտ:
Ու այդ օրը, երբ երեխաները ներս վազեցին այգի, նրանք Հսկային անշնչացած գտան. նա պառկած էր սպիտակ ծաղիկներով ծածկված ծառի տակ:





Комментарии