Մեր կողմերում օգոստոսը մոռի ամենալավ ժամանակն է։ Ինչքա՜ն մոռ, հաղարջ կա մեր անտառներո՜ւմ... Ամեն մր| բացատ, մեծ թե փոքր, լիքն է մոռի թփերով։ Բայց ամենից շուտ հասնում է Բնձորա մոռը, որովհետև տեղը տաք է, արևոտ։ Բնձորը, սակայն, մեր գյուղից բավական հեռու է։ Այնտեղից մոռ բերելու համար մերոնք երեկոյան գնում են, գիշերը մնում Բնձորա անտառում, որ առավոտը, արևածագից առաջ, սկսեն մոռի քաղը, որպեսզի կարողանան ճաշից հետո վերադառնալ։ Մի անգամ, ահա, ընկերներս ինձ տարան Բնձոր, որ գիշերը մնանք և առավոտը վաղ մոռ քաղենք։ Ես շատ անգամ էի եղել անտառում, բայց առաջին անգամն էր, որ պիտի գիշերեի այնտեղ։ Ես առհասարակ անտառ շատ եմ սիրում։ Սիրում եմ նրա զովը, նրա խշշոցը, նրա փոթորիկը և նրա վեհ լռությունը։ Ոչ մի տեղ, գուցե, մարդ այնքան ազատ չի շնչում, որքան անտառում։ Հինգ ընկեր էինք, հինգս էլ դպրոցի աշակերտներ, հինգս էլ մի դասարանից։ Ամենից տարիքովը մեր մեջ Վահանանց Վանին էր, որ միշտ գիշերակաց մոռի էր գնում իր հոր կամ ուրիշ տղաների հետ, այնպես որ լավ ծանոթ էր տեղին, գիտեր՝ որտեղ պիտի գիշերել, որտեղ է լավ մոռը։ Տեղ հասանք թե չէ՝ մութն ընկավ։ Իսկ երբ հաց կերանք, Վանին ասաց. — Հիմա մեռելի պես կքնենք՝ էնքան բեզարած ենք։ Վրաներս գցելու համար վերցրել էինք ամեն մինս մի բան՝ հին պիջակ, վերարկու, մեզար։ Գիշերելու համար փնտրեցինք և բոխիների տակ գտանք մի հարթ, կանաչապատ տեղ ու ծածկելու շորներիս կեսը տակներս, կեսը վրաներս գցելով, պառկեցինք։ Թեև Վանին գուշակեց, թե մեռելի պես կքնենք, բայց իմ քունը բոլորովին չտարավ։ Ընկերներս, իսկապես, իսկույն քնեցին, և ամենից շուտ՝ Վանին, իսկ ես ամենևին քնել չկարողացա։ Չգիտեմ՝ անսովոր լինելուց, թե վախից քունս փախավ։ Ու պառկած ականջ էի դնում անտառի ձայներին։ Լսել էի, որ անտառում ամեն տեսակ գազաններ են լինում, և երկյուղից ականջս ձենի էի պահում։ Խոնավ էր ու շատ զով։ Ծառերի կատարներով քամի էր անցնում, և անտառն ամբողջ սվսվում, փսփսում էր. թվում էր՝ տերևները մեկը մյուսին ինչ-որ գաղտնիք էին հայտնում. մեկը կարծես ասում էր՝ “ասա՜, ասա՜”, մյուսն զգուշացնում էր՝ “սը՜սս... սը՜սս... կլսե՜ն, կլսե՜ն”, ու մեկ էլ լռում էին. հանկարծ, թվում էր՝ ականջ են դնում ինչ-որ ձայների, սպասում են ինչ-որ կարգադրության, որ հետո ավելի եռանդով սկսեն իրենց գործը։ Երբ անտառը լռում էր, տարօրինակ ձայներ էին լսվում. մի տեղ քնած թռչունի մեկը ճչում էր հանկարծ, թևերը թափահարում ու հանկարծ լռում. մի ուրիշ կողմից լսվում էր մի խուլ մռնչյուն կամ խորդյուն... հետո ինչ-որ ծանր հառաչանք ու թույլ տնքոց։ Այդ բոլորը ոչինչ, մինչև անգամ հետաքրքրական էր, բայց ինձ վախեցրեց հանկարծ մի ուրիշ ձայն. մեկ էլ չգիտես անտառի որ կողմից մի բառաչ լսվեց, և ապա անտառը լցվեց մի տարօրինակ ճռճռոցով. թվաց՝ ծառերը, թափված չոր ցախերը կոտրատվում են ինչ-որ մեկի ոտների տակ և անտառը լցնում ճարճատյունով : Թվում էր՝ ահռելի մի հսկա է վազում անտառով և իր ճանապարհին ջարդում ամեն ինչ։ Ես պառկած տեղս կուչ եկա վախից, բնազդաբար մոտեցա ընկերներիս ու զարթնեցրի Վանուն։ — Վանի, Վանի, էս ո՞վ է վազում անտառում։ Նա վեր կացավ և քնաթաթախ ականջ դրեց։
Հազիվ այդ ճռճռոցը լռել էր, հանկարծ լսվեց երեխայի լացի ձայն. — Ո՜ւյ, ո՜ւյ, ո՜ւյ... “Ո՞վ է տեսնես այդ երեխային բերել այստեղ, թե՞ մոռացել են, թողել անտեր”։ Մինչ մտածում էի, երեխայի լացը կրկնվեց նորից, այս անգամ ավելի սաստիկ ու աղեկտուր։ Եվ հանկարծ լացն ընդհատվեց, ու լսվեց մի բարձր քրքիջ. — Հա՜, հա՜, հա՜... Սարսափ անցավ մարմնովս՝ այնքան ահարկու էր այդ ծիծաղը առաջվա սրտապատառ լացից հետո։ Վախից հրեցի Վանուն. — Վա՜նի, Վա՜նի, վեր հլա, էն ո՞վ է ծիծաղում.. Վանին քնաթաթախ գլուխը բարձրացրեց նորից։ — Էն ո՞վ է, Վանի, երեխա՞ է, թե՝ մարդ... Վանին քմծիծաղ տվեց. — Չէ մի. քոռ բու է, էլի,— ասաց դարձյալ հանգիստ ու անտարբեր։ I — Ի՞նչ գիտես։ — Խի՞ չգիտեմ։ Ամեն գիշեր էդպես է անում, էլի... — Համ լաց է լինում, համ ծիծաղո՞ւմ... — Բա, իհարկե։ Քնի, քնի... Ասաց Վանին ու շուռ եկավ մյուս կողմի վրա։ Քիչ հետո գլխիս վրայով, ծառերի միջով մի թևավոր անցավ շատ ցածից, ու, փոքր անց, նրա գնացած կողմը լսվեց մի քնած թռչունի վախեցած ճիչ ու ծղրտոց, ապա ամեն ինչ լռեց։ Եվ միառժամանակ այնպիսի լռություն էր, որ սրտիս ձայնը լսում էի։ Այդ էլ անցավ. հետո չգիտեմ որքան էի քնել, մեկ էլ աչքերս բաց արի թեթև թփթփոցից. ինձ թվաց՝ մեկը կանգ առավ մեր գլխավերևը, ծառերի հետև։ Ես աչքերս փակեցի, որ բան չտեսնեմ, բայց միաժամանակ ուզում էի իմանալ, թե ով եկավ կանգ առավ... Վերջապես, երբ աչքերս նորից բացեցի, ուղիղ իմ դիմաց, մի քսան քայլ հեռու, նկատեցի մի զույգ պսպղուն աչքեր... Իմ բախտից լույսը բացվում էր. ավելի ուշադիր նայելով՝ տեսա բերանը բաց, լեզուն կախ գցած մի մոխրագույն շուն, որ կանգնել նայում էր մեր կողմը։ Դրան տեսնելով, սրտապնդվեցի, նստեցի պառկած տեղս ու կանչեցի. — Քուչի, քուչի, քուչի... Շունը մոտ չեկավ, լեզուն քաշեց, մեջքն ուռեցրեց, վզի մազերը ցցեց ու նայեց անհանգիստ։ Ինձ թվաց՝ վախեցած շուն է, քաշվում է մոտենալ, այդ պատճառով ձայնիս առանձին սիրալիրություն տվի. — Քուչի, քուչի, քուչի... Շունն ականջները ցցած՝ աչքերը փայլեցնելով, շարունակում էր նայել։ — Արի, արի, — կանչեցի բարձր։ Իմ ձայնից Վանին զարթնեց։ — Էդ ո՞ւմ ես կանչում, — հարցրեց նստելով։ — Հրեն, մի շուն է եկել, — ասի ուրախ-ուրախ՝ շան կողմը մատնացույց անելով։ — Ոնց որ Բագոյանց շունն ըլի, չէ՞։ Վանին նայեց ու հանկարծ տեղից վեր թռավ։ — Տղերք, գելը, — գոռաց նա։ — Վեր կացեք... փետ, քար վերցրեք... Տղաները մի ակնթարթում վեր թռան, քար ու փայտ վերցրին և “հա՜յ-հո՜ւյ” անելով, Վանու առաջնորդությամբ ընկան գայլի հետևից։ Ես մնացի մենակ ու ամոթահար։ Ամաչեցի, որ չկարողացա գայլը տարբերել շնից, և այժմ, երբ ընկերներս հալածում էին այդ գայլին, ես վախենում էի նրանից ու, ականջս ձայնի՝ սպասում, թե ինչ է լինելու։ Տղաների “հա՜յ-հո՜ւյը” գալիս էր հեռվից, անտառի խորքից,1 ու թվում էր, թե նրանք շա՜տ հեռու են։ Ես վախենում էի՝ հանկարծ գայլը պտտվի ու նորից գա ինձ մոտ, իսկ ընկերներս խոր տեղեր ընկնեն ու ինձ կորցնեն։ Ու քանի նրանց ձայնը լսվում էր, ես դեռ փոքրիկ հույս ունեի, թե կգան։ Բայց մեկ էլ հանկարծ ձայները կտրվեցին բոլորովին... Ուրեմն շա՜տ հեռացան... Ուրեմն ինձ էլ չե՜ն գտնի... Հուսահատությունից սկսեցի կանչել բարձրաձայն. — էհե՜յ, Վանի՜... էհե՜յ... Իմ փոքրիկ ձայնը ռումբի պես դրմբում էր անտառի խորքում և արձագանքներով կրկնվում. — Հեեե՜... Իսկ տղաների կողմից ոչ մի ձայն։ Իմ հուսահատությունն ու վախը կրկնապատվեց։ Սկսեցհ| կանչել ավելի սրտապատառ ձայնով. — Վանի՜, հե՜յ, Վանի՜... էհե՜յ... Ոչ մի պատասխան։ Տեսնելով ձայն չկա՝ սկսեցի լաց լինել։ Այդ ժամանակ հանկարծ ընկերներս, Վանու առաջնորդությամբ, ծիծաղելով դուրս եկան ծառերի հետևից։ — Ամոթ չի՞, տո, լաց ես լինում, — ասաց Վանին, — հերիք չի՛ գելը շան տեղ ես դրել, հիմա էլ լաց ես լինում... — Ու սկսեցին ծաղրել, ծիծաղել։ Ես թևքով աչքերս սրբեցի և ինքս էլ ուրախությունից նրանց հետ ծիծաղեցի իմ վախի վրա։ Բայց որովհետև լուսացել էր արդեն, էլ չմնացինք այնտեղ. ամանները վերցրած գնացինք մոռուտ... Այդ օրվանից շատ տարիներ են անցել, բայց ես երբեք չեմ մոռանում այդ գիշերը, որովհետև այդ մի գիշերվա մեջ այնքա՜ն բան սովորեցի... Ես իմացա, օրինակ, որ քնած ժամանակ փոքրիկ թռչունների վրա են հարձակվում գիշերային թռչունները և տեղնուտեղը ծվատում-ուտում, որ բուն երեխայի նման լաց է լինում ու մեծ մարդու պես քրքջում, որ գայլը նման է շանը, բայց փայլուն, պսպղուն աչքեր ունի, և որ նա այնքան էլ երկյուղալի չէ, եթե ընկերովի հարձակվեն նրա վրա, ու գայլից ոչ թե պիտի վախենալ, այլ վախեցնել։ |
Комментарии
Отправить комментарий