Հովհաննես Թումանյան Քառյակներ


* * *
Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անհոգ մարդ, միտքըդ երկար,
կյանքըդ կարճ,
Քանի՜ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
Ի՜նչ են տարել նըրանք կյանքից, թե ինչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ։

Նոյեմբեր 1919


* * *                                                                


Լինե՜ր հեռու մի անկյուն,
Լինե՜ր մանկան արդար քուն,
Երազի մեջ երջանիկ,
Հաշտ ու խաղաղ մարդկություն։

 * * *
Փետրվարի 2     1918
Ո՜վ իմանա` ո՛ւր ընկանք,
Քանի օրվա հյուր ընկանք,
Սերն ու սիրտն էլ երբ չըկա`
Կըրա՜կ ընկանք, զո՜ւր ընկանք։

Նոյեմբերի 30    1917

 * * *
Աշնան ամպին ու զամպին,
Մոլոր նըստած իր ճըմբին,
Լոռու հանդում` մի արտուտ
Նայում է միշտ իմ ճամփին։

Փետրվար    1918


* * *
Երազումըս մի մաքի
Մոտըս եկավ հարցմունքի.
― Աստված պահի քո որդին,
Ո՞նց էր համը իմ ձագի…

Դեկտեմբերի 24    1917

* * *

Երկու շիրիմ իրար կից,
Հավերժական լուռ դըրկից,
Թախծում են պաղ ու խորհում
Թե` ի՜նչ տարան աշխարհքից։

Փետրվարի 4   1918

 * * *
Մի հավք զարկի ես մի օր.
Թըռա՜վ, գընաց վիրավոր։
Թըռչում է միշտ իմ մըտքում
Թևը արնոտ ու մոլոր։

Փետրվարի 2   1918

* * *
Կյանքըս արի հըրապարակ, ոտքի կոխան ամենքի.
Խափան, խոպան ու անպըտուղ, անցավ առանց արդյունքի։
Ի՜նչքան ծաղիկ պիտի բուսներ, որ չըբուսավ էս հողին…
Ի՜նչ պատասխան պիտի ես տամ հող ու ծաղիկ տըվողին…

Սեպտեմբերի 5   1921

* * *

Զուր եմ փախչում, ինձ խաբում,
Հազար կապ է ինձ կապում.
Ամենքի հետ ապրում եմ,
Ամենքի չափ տառապում:

Նոյեմբերի 12   1917






Комментарии