Ինձ հետ լինի, թե առանց ինձ, իմ բալի՛կս, կմեծանաս,
Իմ օգնությամբ, թե առանց ինձ, դու երբևէ կհասկանաս,
Թե ոնց պիտի ապրել կյանքում, թե ոնց պիտի նայել կյանքին,
Թե աշխարհում ինչն է էժան, թե աշխարհում ինչն է անգին:
Ինքս էլ խրատ կարդացողին ո՛չ հարգում եմ, ո՛չ հանդուրժում,
Տափակ թե սուր քարոզներից ինքս էլ եմ միշտ, տղա՛ս, խորշում:
Ու թե հիմա, իմ բալի՛կս, ես քո գլխին ճառ եմ կարդում,
Ապա միայն նրա համար, որ շատ հաճախ կյանքում մարդու
Եթե իր մեծ բաժինն ունի ժամանակը, ինքը դարը,
Բայց և այնպես քիչ չի ազդում նաև ընտրած ճանապարհը:
Գուցե քեզ հետ նույնը լինի, որ պատել է հաճախ ինձ է՛լ.
Հաճախ շուրջս աչք ածելով, այն մարդկանց եմ ես նախանձել,
Որոնց կյանքը հեշտ է անցնում – ասես կյա՜նք չէ, այլ խճուղի`
Անխոչընդո՜տ և անարգելք, քանոնի պես հա՜րթ ու ուղիղ.
Դպրոց, հետո ինչ-որ մի ԲՈՒՀ, մի ազդեցիկ զանգահարող,–
Եվ տաք տեղն է ապահովված...
Այդպես ապրել դու չե՜ս կարող:
Չէի ուզի, որ քո կյանքը հարթ խճուղու նման լիներ:
Դու մի՛ անցիր ասֆալտ ճամփով, գերադասի՛ր ճամփա շինել:
*
Դու սիրո հետ միշտ հաշտ ապրիր, բայց խույս մի՛ տա տառապանքից.
Նա սրբում է աչքը փոշուց, նա մաքրում է հոգին ժանգից:
Տառապանքից չեն մեռնում, չէ՛, այլ ավելի են պնդանում,–
Ապաքինված սիրտը հետո գալիք ցավը հեշտ է տանում:
Ա՜խ, մի՛ նվա: Հայրդ երբեք չի հանդուրժում նվացողին...
Շատ ավելի լավ է, տղա՛ս, դառն արցունքով աչքըդ ցողիր
Ու քո ճամփան շարունակիր: Թո՛ղ որ լինի նա քարքարոտ,
Բայց քո հոգում եթե լինի բարո՛ւ, լավի՛, սիրո՛ կարոտ,
Դու չե՜ս հոգնի, դու կքայլես. կբարձրանաս դու սարն ի վեր:
Դրա համար ոգի է պետք, դրա համար պետք չեն թևեր:
*
Ազնի՛վ եղիր ամեն ինչում – ո՞վ է կայնքում սովից մեռել:
Ճշտի համար աքսոր չկա – ստի հանդեպ ինչու լռել:
Իսկ մեր շուրջը դեռ կան մարդիկ, որ երբ պետք է, մեջք են ծռում,
Երբ որ պետք է, հռհռում են, պե՞տք է` ժպտո՛ւմ, պե՞տք է` լռո՛ւմ,
Պե՞տք է` իրենց մատն են տնկում... Դու մի՛ եղիր կյանքում տհաս`
Դու հասկացի՛ր հենց այս գլխից, մի՛ մոռացիր երբեք, տղա՛ս.
Ազնըվությունն այն է միայն, որ չի փոխվում` ոնց էլ խուռ տաս,–
Նա մի ճերմակ երես ունի, ոչ թե յոթ-ութ գունեղ աստառ...
*
Մի՛ տրտնջա: Դու հիշո՞ւմ ես. «Ձախորդ օրեր... կուգան-կերթան»...
Մի՛ տրտնջա: Եթե լավից ետ ես ընկել` ինքդ հասիր...
Մի՛ տրտնջա, բայց և կյանքը գրքի նման դու մի՛ կարդա,
Գրքի նման` քեզնից հեռու, ինչ-որ օտար մարդկանց մասին...
Հպա՛րտ եղիր, բայց ոչ գոռոզ (դատարկ մարդն է գոռոզանում,
Հայրդ խելոք ու տխմարին դրանով էր զանազանում):
Հորդ նման հպա՛րտ զգա, որ ոչ մեկի տուն չես քանդել,
Ոչ մի ազնիվ խոսք չես կտրել, ոչ մի ազնիվ միտք չես բանտել,
Որ շիտակ ես քայլել կյանքում և լռել ես եթե հաճախ,
Ապա միայն նրա համար, որ առևտուրը մանարծախ
Հաճախ միայն զիզի-բիզի զանգուլակ է նետել շուկա,
Իսկ դու զուրկ ես զիզի-բիզուց, կեղծ դրամ էլ մոտըդ չկա...
*Դու փոքր ես դեռ, դեռ չգիտես, թե ոնց պիտի կյանքին նայել:
Դու փոքր ես դեռ: Երբ մեծանաս, դառնաս արդեն հասուն ջահել,
Խորհուրդներն իմ և՛ հնացած, և՛ ավելորդ թվան գուցե –
Կյանքում այնժամ էլ չլինեն նման բացեր, նման խոցեր:
Է՛հ, տա Աստված: Ես էլ կյանքում ուրիշ ոչինչ չեմ երազում
(Կույրը, տղա՛ս, ինչպես գիտես, երկու աչք է միայն ուզում):
Խորհուրդներն իմ թող հնանան... Ծաղիկն է լոկ այդպես մեռնում,
Երբ ամռանը ծառի վրա հասուն միրգ է արդեն դառնում:
Հանուն գալիք վառ խարույկի ես պատրաստ եմ այսօր ծխալ,
Հանուն վաղվա ճշմատության թող որ այսօր լինեմ սխալ...
Комментарии
Отправить комментарий