Խորենացու «Պատմություն Հայոց» երկը բաղկացած է 3 մասից, որոնք կոչվում են գրքեր:
Առաջին գիրքը կազմված է 32 գլխից, կրում է «Հայոց մեծերի ծննդաբանությունը» վերնագիրը և հիմնականում պանծացնում է հայոց Հայկ, Արամ, Արա Գեղեցիկ նահապետներին, Պարույր Սկայորդի, Երվանդ Սակավակյաց, Տիգրան Մեծ թագավորներին: Սյս անձիք աչքի են ընկել իրենց քաջությամբ, ազատասիրական ոգով, երկիրը շենացնելու, հայության վարկը բարձրացնելու առաքելությամբ:
Երկրորդ գիրքը կոչվում է «Միջին պատմություն մեր նախնիների», կազմված է 92 գլխից և ընդգրկում է Հայաստանում Արշակունիների թագավերության շրջանի պատմությունը` մինչև Տրդատ Մեծի գահակալությունը, երկրում քրիստոնեությունը որպես պետական կրոն ճանաչվելը:
«Մեր հայրենիքի պատմության ավարտը» խորագրով վերջին գիրքը կազմված է 68 գլխից և արտացոլում է Տրդատ արքայի մահից հետո Հայաստանի քաղաքական կյանքում աստիճանաբար տեղի ունեցած անկումը` մինչև ազգային պետականության կորուստը, ինչպես նաև հայ գրերի գյուտը, Սահակի (439թ.) ու Մեսրոպի (440թ.) վախճանը:
Այս գրքերից յուրաքանչյուրն իր հերթին բաժանվում է մանր գլուխների, որոնք ունեն իրենց վերնագրերը: Պատմությունն, այն տեսքով, ինչպես մեզ է հասել, ավարտվում է հայտնի «Ողբ»-ով: Սակայն դեռևս 10-րդ դարում պահպանվել էր Մովսես Խորենացու "Պատմություն Հայոց" երկի նախնական` լիակատար տարբերակը, որն ուներ ՉՈՐՍ գիրք: Այդ մասին վկայում է պատմիչ Թովմա Արծրունին, նշելով, որ Խորենացին իր պատմության շարադրանքը հասցրել է մինչև Հռոմեական (Բյուզանդական) Զենոն կայսեր ժամանակը (474-475թթ., ապա` 475-491թթ.): Հօգուտ ՉՈՐՐՈՐԴ ԳՐՔԻ առկայության է վկայում նաև այն հանգամանքը, որ Խորենացին գիրքը գրել է 471-482 թվականներին և, բնականաբար, չէր կարող չանդրադառնալ իր ապրած ժամանակաշրջանի երկու կարևորագույն իրադարձություններին` Հայոց 450-451թթ. և 481-484թթ. հակապարսկական ապստամբություն-պատերազմներին: Չորրորդ գրքի "անհետացման" պատճառ կարող էին դառնալ Խորենացու` հակամամիկոնյան կեցվածքը, 450-451թթ. հակապարսկական պատերազմում Վասակ Սյունու և Վարդան Մամիկոնյանի իրական դերակատարության վերաբերյալ ճշմարիտ տեղեկությունների հայտնելը, որոնք չէին համապատասխանում իր ժամանակի կղերական վերնախավի մի շատ ազդեցիկ մասի տեսակետներին: Ի դեպ, որոշակի խմբագրումների, ինչպես նաև շարադրանքի հատվածների և ամբողջական էջերի ու գլուխների կամ գրքերի կորուստների մասին է խոսում նաև Ղազար Փարպեցու "Հայոց պատմություն" երկում Մովսես Փիլիսոփայի` կղերականության կողմից հալածված լինելու վերաբերյալ տեղեկությունների կիսատ մնալը: Արձանագրված փաստ է, որ Մովսես Խորենացու մահից հետո նրա ոսկորները գերեզմանից հանվել են և գետը թափվել: Բնականաբար, նման թշնամական վերաբերմունք սպասելի էր նաև նրա գրական-գաղափարախոսական ժառանգության նկատմամբ: Ինքը Խորենացին էլ իր գրքում պարզ բողոքում է իր և իր գաղափարակիցների հանդեպ ազդեցիկ որոշ ուժերի կողմից ցուցաբերված ծայրահեղ թշնամական վերաբերմունքի մասին: Հենց միայն այն, որ Մաշտոցի աշակերտների մի ընտիր խմբի կազմում Եգիպտոս և Եվրոպա ուսանելու ուղարկված և ժամանակի լավագույն կրթությունը ստացած ու Հայրենիք վերադարձած Խորենացին ու իր գաղափարակիցները "սվիններով" ընդունվեցին Մեծ Հայքի կղերականության ազդեցիկ որոշ ուժերի կողմից, շատ բան է խոսում այդ ժամանակ հոգևորականության և երկրի վերնախավի տարբեր խմբերի միջև մղվող պայքարի մասին: Ավելին, Հայ ազգի ապագա Քերթողահայրը` Խորենացին, իր գոյությունը պահպանելու համար ստիպված էր տարիներ շարունակ (440-461թթ.) ջրաղացպանությամբ վաստակելի իր հանապազորյա հացը: Իհարկե, Խորենացու դասընկերը` Գյուտ Արահեզացին, կաթողիկոսական աթոռին հասնելուց հետո փորձեց ուղղել այդ "սխալը" և Մովսես Իմաստասերին նշանակեց Բագրևանդի ու Արշարունիքի թեմակալ-եպիսկոպոս, իսկ Մեծ Հայքի նախարարական հզորագույն տոհմերից մեկի տանուտերը` իշխան Սահակ Բագրատունին 471թ. պատվիրեց արդեն եպիսկոպոս Խորենացուն գրել անմահ "Պատմություն Հայոց" երկը, սակայն Մովսես Քերթողահոր դեմ "մութ" ուժերի պայքարը չդադարեց և հալածանքները տարբեր ձևերով շարունակվեցին` ավարտվելով Ղազար Փարպեցու հիշատակած խայտառակ հաշվեհարդարով` հետմահու "պատժով", այն է` ոսկորներն արտաշիրիմելով և գետը թափելով: Այդ ծիրում պետք է դիտարկել Խորենացու "Պատմություն Հայոց" երկի ՉՈՐՐՈՐԴ ԳՐՔԻ անհետանալը և "Պատմության" պահպանված երեք գրքերում կատարված որոշակի խմբագրում-միջամտությունները:
«Պատմություն Հայոց» երկի շարադրանքը հեղինակն սկսել է Արարչագործությամբ և մեր նահապետ Հայկի կողմից աշխարհի պատմության մեջ առաջին անգամ մղված Անկախության պատերազմով և Խոշապի ճակատամարտով (մ.թ.ա. 2492թ. օգոստոսի 11), որով ոչ միայն իր անկախությունը պահպանեց Հայկյան ազգը, այլև ազատագրվեց բռնակալ Բելի կողմից ստրկացված ամբողջ մարդկությունը: Սա մի ցնցող տեղեկություն է, որով բացվում է մեր ազգի արշալույսը: Խորենացին իր երկի շարադրանքը, ինչպես վերը նշեցինք, ավարտել է պարսկական բռնապետության դեմ 481-484 թվականներին Հայաստանում տեղի ունեցած Վահանանց ապստամբության նախապատրաստության ժամանակաշրջանում` որպես այդ պայքարի գաղափարախոսության արտահայտություն:
Комментарии
Отправить комментарий