Համո Սահյան



                    Համո Սահյան 

                                                                1914 – 1993

                                                          Կենսագրություն
Բանաստեղծ Համո Սահյանը (Հմայակ Սահակի Գրիգորյան) ծնվել է Սիսիանի շրջանի (այժմ՝ Սյունիքի մարզ) Լոր գյուղում: 1937 թ. ավարտել է Բաքվի երկամյա հայկական ուսուցչական ինստիտուտը: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: Աշխատել է մի շարք թերթերում և ամսագրերում, որոնց թվում Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում, «Կոմունիստ» և «Ավանգարդ» թերթերում, «Ոզնի» հանդեսում: 1965 – 1967 թթ. եղել է «Գրական թերթի» գլխավոր խբագիրը:
Հ. Սահյանի բանաստեղծությունները տպագրվել են դեռևս 30-ական թվականներից, սակայն նա համընդհանուր ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ, որը հատկանշվում է Հայաստան երկրի հանդեպ կարոտի հուզական բռնկումով և անմիջականությամբ:
Համո Սահյանի առաջին գիրքը` «Որոտանի եզերքին» բանաստեղծությունների ժողովածուն տպագրվել է 1946 թ.: Այստեղ դրսևորվում էր Սահյանի բանաստեղծական ընդհանուր ուղղվածությունը` սեր հայրենի բնաշխարհի ու մարդու նկատմամբ: Հաջորդ` «Առագաստ» (1947), «Սլացքի մեջ» (1950), «Ծիածանը տափաստանում» (1953), «Բարձունքի վրա» (1955), «Նաիրյան դալար բարդի» (1958) ժողովածուներում ավելի է ընդլայնվում Համո Սահյանի պոեզիայի թեմատիկ ընդգրկումը:
1972թ.  լույս է տեսնում Սահյանի «Սեզամ, բացվիր» ժողովածուն, որի համար 1975թ նա արժանանում է պետական մրցանակի: «Իրիկնահաց» (1977), «Կանաչ, կարմիր աշուն» (1980), «Դաղձի ծաղիկ» (1986) ժողովածուներով հեղինակը բերում է մարդկային դրամատիկ ապրումների ու ճակատագրի քնարերգությունը` բանաստեղծության բնապաշտական տարերքը հագեցնելով նոր, առավել անհատական, մտերմիկ բովանդակությամբ:
Համո Սահյանի ստեղծագործության մեջ մեծ թիվ են կազմում անցյալին, մանկությանը նվիրված բանաստեղծությունները, որոնք ունեն արդիական իմաստավորում, հասարակական հնչեղություն: Նա իրեն հատուկ բառամթերքով անդրադարձնելով իր զգայական աշխարհը` հասնում է լեզվաոճական ինքնատիպության ու կայունության: Նա թարգմանել է Ա. Պուշկինի, Ս. Եսենինի, Գ. Լորկայի և այլ բանաստեղծների ստեղծագործություններից:
Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային Կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով:
1998թ. հետմահու լույս է տեսնում Համո Սահյանի «Ինձ բացակա չդնեք» անտիպ բանաստեղծությունների ժողովածուն:
                                                  
                                         ՀԱՅԱՍՏԱՆ ԱՍԵԼԻՍ
Հայաստան ասելիս այտերս այրվում են
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են
Չգիտեմ ինչու է այսպես
Հայաստան ասելիս շրթունքս ճագում է
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է
Չգիտեմ ինչու է այսպես
Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես
Հայաստան ասելիս աշխարհն իմ տունն է
Հայաստան ասելիս էլ մահն ու՞մ շունն է
Կլինեմ, կմնամ այսպես


                                                                 Կգամ

Եթե մինչև անգամ
Լսած լինես, թե ես այս աշխարհում չկամ,
Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ,
Ուր էլ լինեմ, կգամ:
Եթե մինչև անգամ ես կուրացած լինեմ,
Եթե մինչև անգամ լույսդ մարած լինի,
Վերջին հույսդ քամին առած-տարած լինի,
Առանց լույսի կգամ, ես այս անգամ կգամ
Մենության մեջ լացող երգիդ վրա:
Եթե մինչև անգամ
Քո հավատի հանդեպ դու մեղք արած լինես
Եվ համարած լինես, որ աշխարհում չկամ,
Եթե մինչև անգամ հողս մաղած լինես,
Եթե մինչև անգամ մտքով թաղած լինես,
Եթե մինչև անգամ ինձ վտարած լինես,
Վերհուշերիդ վերջին խոնավ քարանձավից,
Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ,
Եվ կճչաս հանկարծ տարօրինակ ցավից...
Կգամ, գլուխ-գլխի ու ձեռք-ձեռքի կտանք,
Լաց կլինենք մեռած մեղքիդ վրա:
Եթե մինչև անգամ հազար սարի ետև
Հազար կապով կապված, խաչով խաչված լինեմ,
Տքնած-տանջված լինեմ, միևնույն է, կգամ,
Ինչ էլ լինի, կգամ, չկանչես էլ, կգամ,
Եվ կբերեմ ես քեզ ուրախություն մի մեծ
Անակնկալ դարձիս իրողությամբ
Քո տան ու քո հոգու տարողությամբ,
Երազներիդ, կյանքիդ տևողությամբ:
Կգամ և կդառնամ գտած բախտի ժպիտ
Եվ հավատի ժպիտ` տառապանքից մաշված,
Արտասուքից խաշված դեմքիդ վրա:
Եթե մինչև անգամ մեջքս ծալված լինի,
Եթե մինչև անգամ ոտքս վառված լինի,
Եվ ճակատիս հազար հողմի հարված լինի,
Միևնույն է, կգամ, ուր էլ լինեմ, կգամ:
Գետնի տակից կգամ,
Մի հեռավոր, անհայտ մոլորակից կգամ,
Կգամ ու թափ կտամ
Հարդագողի փոշին շեմքիդ վրա:
                    

                                     Դուք լավն եք մարդիկ
Աշխարհում միշտ բաց են եղել
Դռներս կրնկի վրա...
Ելնողին չեմ ասել՝ արի՛,
Մտնողին չեմ ասել՝ գնա՛։
Իմ ձեռքին ինչ որ ունեցել,
Բոլորը բաշխել եմ ձրի՝
Եվ հացի պատառը վերջին,
Եվ վերջին կաթիլը ջրի։
Բաշխել եմ եղածի չափով,
Չեմ ցրել, բաշխել եմ, մարդիկ...
Երբեմն բուռ-բուռ եմ բաշխել,
Երբեմն հատիկ առ հատիկ։
Բաշխել եմ կրակ ու կորով,
Ժպիտներ, ուժ ու ժամանակ,
Թե մեկից մի բան եմ խնայել,
Իմ ցավն եմ խնայել մենակ։
Բաշխել եմ ինչ որ աշխարհում
Տրվում է միայն մեկ անգամ,
Ու որքան առատ եմ բաշխել,
Դժգոհ եք եղել դուք այնքան։
Ասել եք, խոսել, բողոքել
Եվ անգամ նախանձել, որ կամ,
Կոչել եք դժկամ ու դժնի,
Ժլատ եք կոչել ինձ անգամ...
Առել եք և՛ բախտ, և՛ բաղձանք,
Եվ կյանքս ծվեն առ ծվեն,
Եվ ինձնից առածի տեղակ
Հոգսեր ու ցավեր եք տվել։
Որքան էլ ինձնից հեռացել,
Դուք ինձ միշտ եղել եք մոտիկ,
Մարդիկ, ինձ շատ եք չարչարել,
Բայց էլի դուք լավն եք, մարդիկ։
Բայց էլի դուք լավն եք, մարդիկ,
Ասում եմ որերորդ անգամ,
Առանց ձեզ ոչ միայն ապրել,
Ես մեռնել չեմ կարող անգամ։
                 Մեր լեզուն
Մեր լեզուն մեր խիղճն է դա,
Սուրբ հացը մեր սեղանի,
Մեր հոգու կանչն է արդար
Ու համը մեր բերանի:
Մեր լեզուն ծուխն է մեր տան,
Մեր կշիռն աշխարհի մեջ,
Նա աղն է մեր ինքնության,
Էության խորհուրդը մեր:
Մեր լեզուն արյունն է մեր,
Արյունից ավելի թանկ,
Մեր բուրմունքն ու գույնն է մեր,
Մեր լեզուն մենք ենք որ կանք:
Նա պիտի մեր առաջին
Ու վերջին սերը լինի,
Ի՞նչ ունենք էլ աշխարհում,
Որ այսքան մերը լինի:


                        Իսկ ինձ ասում են՝ թե խելոք մնա
Oվկիանոսները ելնում են ափից
Եվ պատառոտում իրենց անխնա...
Խելագարվել է կյանքը տագնապից,
Իսկ ինձ ասում են ՝ թե խելոք մնա:
Խաղաղ օրերը գնում են ձեռից,
Ի՞նչ է լինելու, մարդ ի՞նչ իմանա:
Խելագարվել է աշխարհն իմ խելքից ,
Իսկ ինձ ասում են՝ թե խելոք մնա
Խելագարվել են ցորեն ու բողբոջ,
Խուտուտ տաս՝ քարի ուշքը կգնա,
Խելագարվել է տիեզերքն ամբողջ,
Իսկ ինձ ասում են ՝ թե խելոք մնա:
Խելագարվել է տիեզերքն ամբողջ,
Աչքերը չռել իմ հոգու վրա...
Ես իմ մոխրի մեջ վառվում եմ անբոց ,
Իսկ ինձ ասում են՝ թե խելոք մնա:
Ես իմ մոխրի մեջ վառվում եմ անբոց,
Խելագարվածներ մոտիկ ու հեռու:
Բայց կյանքս անցավ......Եվ հազար ափսոս,
Որ հնար չունեմ խելագարվելու:
    
                                       ԱՇԽԱՐՀԸ ՆՈՒՅՆՆ ԷՐ ՄՆԱԼՈՒ
Եթե աշխարհը նույնն էր մնալու,
Եթե քո ջանքից
Նրա բեռը չէր թեթևանալու,
Էլ ո՞վ էր ասում,
Որ այնքան ծանր հոգսերը նրա
Առնեիր քո թույլ ուսերի վրա։
Եթե քո առաջ դուռ էր փակելու
Եվ չէր դնելու ականջը լանջիդ,
Եվ գլուխ չուներ՝ արձագանքելու
Ամեն մի կանչիդ.
Էլ ինչո՞ւ էիր այդքան թրթռում,
Էլ ինչո՞ւ էիր դու քեզ քրքրում,
Էլ ինչո՞ւ էիր ականջդ սրում,
Որ նրա ամեն շշուկը բռնես,
Որ նրա ամեն խորհուրդն ըմբռնես,
Նրա հետ ընկնես, նրա հետ թռնես,
Մեռնես, համբառնես...
Էլ ինչո՞ւ էիր,
Բոբիկ ոտներդ մաշում քարերին,
Փորձում անհնարն ու անկարելին,
Եթե աշխարհը նույնն էր մնալու,
Եվ ինչ-որ չափով
Չէին մաշվելու հոգսերը նրա։
Բայց էլի, սիրտ իմ,
Շնորհակալ եմ ես հազար անգամ,
Որ գոնե ինքդ բեռ չմնացիր
Աշխարհի հոգնած ուսերի վրա
                                                    Ես կուզեի
Ես կուզեի քեզ հետ կիսել
Վերջին պատառն իմ հցի,
Ես կուզեի քեզ հետ կիսել
Վերջին արցունքն իմ լացի:
Ես կուզեի քեզ հետ կիսել
Սրտիս բեկորը վերջին,
Ես կուզեի՝ քո գրկի մեջ
Մթներ իմ օրը վերջին...
Ես կուզեի՝ ինչ որ ունեմ
Իբրև նվեր տայի քեզ,
Ես կուզեի...Բայց ի՞նչ անեմ,
Եթե հանկարծ դու չուզես:

                                 ՉԵՍ ԱՍԻ ՈՉ ՄԻ ԲԱՌՈՎ
Ա՜խ, նորից «Բարի ճամփա»,
Ա՜խ նորից «Մնաս բարով»...
Մի տեսակ տագնապ կա, որ
Չես ասի ոչ մի բառով:
Գնում ես, չես էլ ասում,
Թե մեկ էլ երբ ես գալու,
Եկար էլ, ի՞նչ իմանամ
Ո՞ւմ մոտ ես մեղքդ լալու:
Ներիր ինձ, դու իմ բարի,
Իմ խելոք և իմ համառ,
Հարկադիր այս ծիծաղի
Եվ թաքուն լացի համար:
Գնում ես, էլ ի՞նչ ասեմ,
Սովոր եմ, կդիմանամ
Թող կուրծքս մի քիչ ցավի,
Որ սրտիս տեղն իմանամ:
Մի տեսակ տագնապ կա, որ
Չես ասի ոչ մի բառով,
Ա՜խ, նորից «Բարի ճամփա»,
Ա՜խ նորից «Մնաս բարով»..



                                 ԵՎ ՉԻՄԱՑԱՆՔ ԹԵ ԻՆՉՈ՞Ի
Ես չիմացա թե ի՞նչու,
Դու չիմացար թե ի՞նչպես
Պատահեցին մեկ-մեկու
Մեր երազներնառանց մեզ։
Պատահեցին մեկ-մեկու
Ու կանչեցին ինձ ու քեզ,
Ես չիմացա թե ի՞նչպես,
Դու չիմացար թե ի՞նչու։
Դու չիմացար թե ի՞նչպես,
Ես չիմացա թե ի՞նչու
Բուրմունք փռեց ծաղկի պես
Դաշնությունը մեր հոգու։
Ես էությամբ դարձա դու,
Դու էությամբ դարձար ես,
Ես չիմացա թե ինչպե՞ս,
Դու չիմացար թե ի՞նչու։
Խառնվեցին երկու «ես»
Ու դարձան մեկ՝ «ես ու դու»,
Դու չիմացար թե ի՞նչպես,
Ես չիմացա թե ի՞նչու։
Բայց չներեց բախտը մեզ,
Ես դարձաես, դու էլ՝ դու,
Դու չիմացար թե ի՞նչու,
Ես չիմացա թե ի՞նչպես։
Ու բախվեցինք մեկմեկու,
Ու հեռացանք մշտապես,
Եվ չիմացանք թե ի՞նչու,
Եվ չիմացանք թե ի՞նչպես։



                          ՉՀԻՇԵԻ ՔԵԶ
Հեռանայի, հեռանայի,
Մոռանալով մոռանայի,
Չհիշեի քեզ:
Ծովն ընկնեի խելքիս ձեռից,
Ակունքներից և ափերից
Փախած գետի պես:
Եվ ջրերում դառն ու անհուն
Կորցնեի տոհմ ու անուն,
Ու կորչեի ես...
Թեկուզ բախտից գոհանայի,
Բայց ինձ ծովից գողանայի,
Նորից տայի քեզ:
                                               ԵՍ ԱՅՆ ԵՄ ԵՂԵԼ
Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ,
Չեմ հասել երբեք քո որոնածին,
Քո որոնածը աննյութեղեն էր,
Իսկ ես` հողեղեն, հողոտ, հողածին:
Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ,
Իմացիր որ էլ երեսով չտաս,
Հանդիպման օրից ես ինձ նեղել եմ,
Որ դու աշխարում նեղություն չզգաս:
Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ,
Լռել եմ, տարել, ներել, համբերել...
Եվ թե պատահմամբ ճանփաս շեղել եմ,
Քայլերս դարձյալ քեզ մոտ են բերել:
Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ,
Չեմ հասել երբեք քո որոնածին.
Քո որոնածը աննյութեղեն էր,
Իսկ ես` հողեղեն, հողոտ, հողածին:
                                                Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ                        
Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:
Ախր ուրիշ տեղ հայրեններ չկան,
Ախր ուրիշ տեղ հորովել չկա,
Ախր ուրիշ տեղ սեփական մոխրում
Սեփական հոգին խորովել չկա,
Ախր ուրիշ տեղ
Սեփական բախտից խռովել չկա:
Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:
Ախր ուրիշ տեղ
Հողի մեջ այսքան օրհնություն չկա,
Այսքան վաստակած հոգնություն չկա,
Ախր ուրիշ տեղ ձյունի մեջ` արև,
Եվ արևի մեջ այսքան ձյուն չկա:
Ախր ուրիշ տեղ տեղահան եղած,
Եկած` ուսերով Արագած սարի
Ուսերին հենված Սասնա տուն չկա:
Ախր ուրիշ տեղ
Ամեն մի քարից, առվից, ակոսից
Իմ աչքերով իմ աչքերին նայող
Մանկություն չկա...
Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ,
Ախր ես ինչպե՞ս ապրեմ առանց ինձ:
                                        ՀՈԳՆԵԼ ԵՄ ԱՐԴԵՆ
Հոգնել եմ արդեն հանդարտ հոսելուց,
Իմ մտքերի հետ մթնում խոսելուց,
Սեթևեթ խոսքից, սեթևեթ սիրուց
Հոգնել եմ արդեն։
Հոգնել եմ թաքուն ալեկոծվելուց,
Առ ու ծախի մեջ այսքան փորձվելուց,
Կշտամբանքներով ռմբակոծվելուց
Հոգնել եմ արդեն։
Հոգնել եմ արդեն զուր թափառելուց,
Սուտ կուռքերի դեմ մոմեր վառելուց,
Ամեն պարողի ծափահարելուց
Հոգնել եմ արդեն։
Հոգնել եմ ամեն հովից թեքվելուց,
Հոգուս մեջ հոգուս ցավը հեգնելուց,
Ինքս իմ ստվերից ահաբեկվելուց
Հոգնել եմ արդեն։
Հոգնել եմ հոգնած մարդկանց օգնելուց,
Կրկնված երգերն անվերջ կրկնելուց,
Հոգնել եմ նաև այսքան հոգնելուց,
Հոգնել եմ, հոգնել։



Комментарии