Անանյան Վախթանգ


                                       Անանյան Վախթանգ
 Գրող, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Պետական մրցանակի դափնեկիր Վախթանգ Անանյանը որսորդական պատմվածքի սկզբնավորողն է հայ գրականության մեջ:
                                                                                                                                                           Վախթանգ Անանյանը սովորել է Դիլիջանի ծխական դպրոցում, ապա զբաղվել ինքնակրթությամբ: 1926 թ-ին տեղափոխվել է Երևան, 1930–35 թթ-ին աշխատել է «Մաճկալ», «Սոցիալիստական գյուղատնտեսություն», «Կոլխոզնիկ» թերթերի խմբագրություններում: Նրա առաջին վիպակը՝ «Կրակե օղակի մեջ», լույս է տեսել 1930 թ-ին: Անանյանը «Որս» (1934 թ.) ժողովածուում վառ գույներով և ռեալիստական պատկերներով է նկարագրել հայկական բնաշխարհը: 1947–66 թթ-ին լույս են տեսել նրա որսորդական պատմվածքների 6 պրակները: Անանյանն առավել ճանաչվել է «Սևանի ափին» (1951 թ.) արկածային վիպակով, որն աչքի է ընկնում մարդասիրական, հայրենասիրական շնչով, բնության վառ պատկերներով, համոզիչ կերպարներով: Վիպակը թարգմանվել է ավելի քան 10 լեզվով: Մանկական գրականության լավագույն նմուշներից է նաև Անանյանի «Հովազաձորի գերիները» (1956 թ.) վիպակը, որը «Սևանի ափին» վիպակի հետ մանկական լավագույն գրքի համամիութենական մրցանակաբաշխությունում արժանացել է «Լավագույն գիրք» մրցանակի: Անանյանը գրել է նաև «Հայաստանի կենդանական աշխարհը» (1961–67 թթ.) քառահատոր աշխատությունը, որն ունի գիտաճանաչողական մեծ արժեք: Նրա «Սևանի ափին» և «Հովազաձորի գերիները» վիպակների հիման վրա Հայֆիլմը նկարահանել է <<Սևանա  լճի գաղտնիքը>> (1954 թ.) և «Հովազաձորի գերիները» (1957 թ.) կինոնկարները:
                                                                                                                                                         «Վախթանգ Անանյանի երկերից փչում են մեր երկրի և հողի բույրերը: Նա չափել է անդունդների խորքը և զգացել է լեռների սլացքը, թեքվել է բոլոր ծաղիկների և բույսերի վրա: Մշտապես պահպանել է մոր ջերմության և անսահման սրտի զգացողությունը, հյուսել նրա սիրո երգը: Նա հասկանում էր բնության լեզուն և մարդու հոգին, անաղարտ հայացքով նայում մարդկանց և աշխարհին, ժողովրդական մեծ կյանքի ընթացքին»:
                                                                                                                       Հրանտ   Թամրազյան

Комментарии