Անանյան Վախթանգ - Անձրև

       Սիրում  եմ  անձրևը,երբ  նոսր  վարագույրներով  կախվում  է  սևագորշ  ամպերից  և  տիեզերական  ցնցուղի  նման  իր  տարափի  տակ  առնում  հանդ  ու  անդաստան:
        Սիրում  եմ  շռնդալի  անձրևը՝  ջրառա'տ,ծանր,որ  աղմկալի  հարվածում  է   տանիքներին  ու  ջրհորդաններով   գահավիժում    ցած ,  և որին   սաղարթախիտ  ծառերը, միայն վայրկյաններ  դիմադրելուց  հետո  ,  թևաթափ  ու  խոնարհ   հնազանդվում  են լուռ:Հանկարծահաս  հորդ  անձրևը,  անակնկալ  տեղատարափը,որ հեղեղում է արար աշխարհ և շեկ առվակներով իջնում մեր լեռների լանջերից:                                                                  Սիրում եմ անձրևը ամառվա երկարատև երաշտին,երբ թոշնած բույսերը ուշքի են գալիս և վերակենդանացող արարածների նման <<օխայ>> են քրթմնջում հրճվանքով:                                     Սիրում եմ և գարնանամտի անձրևը,որին ուղեկցում են ամպերի առաջին որոտներն ու հրեղեն կայծակները,որոնք կարծես գարնան առաջին համբավաբերներն են,նրա հաղթական մուտքն ազդարարողները:                                                                                                                               Սիրում եմ անձրևը իր բոլոր ձևերով,իր բոլոր արտահայտություններով: Սիրում եմ  և՛ գարնան ուրախ անձրևը,որ անթիվ կյանքեր է արթնացնում երկրի վրա, և՛ աշնան մելամաղձոտ ու տևական անձրևը,որ թախիծ է բերում ու տխուր հուշեր:                                               Երբ սկսվում է անձրևը,ես դուրս եմ գալիս ու քայլում բաց երկնքի տակ: Թող թափվի՛ բոլոր կյանքերին կյանք տվող երկնային հեղուկը:    
     ...Ասում  են  ,ես  անձրևի  տակ եմ  ծնվել և  , երբ  աշխարհ եկա՝առաջին  ձայները,  որ լսեցի՝   ամպի  գոռոցն  էր  և անձրևի  շռնդալի  թմբկահարությունը:
        Գոռգոռում  են  ամպերը ,  կայծակը  խփում  է  դիմացի  ժայռին, և  ահաբեկված  մայրս  այդ  պահին  աշխարհ  է  բերում  ինձ ՝   հազար  տեղից  կարկատած  մեր  վրանում:
       Դա   օգոստոսն  էր , բայց  այնպես  ցուրտ  էր  մեր  սարերում,  որ  շներն  անգամ  դողում  էին  իրենց  բներում:
     Առանց  մորս  համաձայնությունը  հարցնելու ,  շալը   կապել  են  նրա  մեջքից, ինձ   խանձարուրով   գցել  մեջը:Իմ  բոբիկ   մայրը  լեռան  լանջով  բարձունքից  քայլել  է  դեպի   հովիտը:Քայլել է  դեպի  տաքը,  դեպի  արևը՝  իր  վերջին   զավակին  գազազած  տարերքից  փրկելու  համար...
        Ահը  սրտում  իջել  է  մայրս  լեռերից  ՝  իր  մեջքին  զգալով  այն  փոքրիկ  արարածի  գոյությունը,իջել  է  ամպերի  միջից:Պետք  է  որ  մայրս  թաքուն  բերկրանք  զգար  իր  սրտի  տակ  ,  բարի  արևից  ջերմացած  այն  հովիտն  իջնելիս:Բայց  և   երկյուղ  է  ունեցել  իր  սրտում  մինջև  ոսկորները  թրջված  այդ  գեղջկուհին, երկյուղ  ինձ  համար:
       Ես  տրոփում  էի  նրա  նիհար  մեջքին  ,  և  նա  զգում  էր  ,որ  դեռևս  կենդանի  եմ:
          Կես  դար  է  անցել  այդ  օրերից :Դու  վաղուց  ննջում  ես  հողի  տակ ,աղոտ  եմ  հիշում  քո  սուրբ  պատկերը,վաղամեռ  մայր  իմ:Բայց  հիմա  էլ  պարզ  ու  հստակ  տեսնում  եմ  քեզ՝ ցուպը  ձեռքիդ ,  ոտաբոբիկ,քոչվոր  թրքուհու  նման  բեռդ  թիկունքիցդ  կապած  ՝ մեր  ամպոտ  սարերից  հովիտն  ես   իջնում:
             Կայծակից  ու   որոտից  փախցնում  էիր  ինձ ՝քո  վերջին  պտուղը:
         

Комментарии