ՄԵՐ ԼԵԶՈՒՆ

http://www.gisher.ru/hamo-sahyan-t1908.html


ՄԵՐ ԼԵԶՈՒՆ 


Մեր լեզուն մեր խիղճն է դա,
Սուրբ հացը մեր սեղանի,
Մեր հոգու կանչն է արդար 
Ու համը մեր բերանի:

Մեր լեզուն ծուխն է մեր տան,
Մեր կշիռն աշխարհի մեջ,
Նա աղն է մեր ինքնության,
Էության խորհուրդը մեր:

Մեր լեզուն արյունն է մեր,
Արյունից ավելի թանկ,
Մեր բուրմունքն ու գույնն է մեր,
Մեր լեզուն մենք ենք որ կանք:

Նա պիտի մեր առաջին 
Ու վերջին սերը լինի,
Ի՞նչ ունենք էլ աշխարհում,
Որ այսքան մերը լինի:

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ

Քեզանով է պայթել հունդը մեր գոյության, 
Քեզանով ենք դարձել տուն ու երկիր, 
Շառաչել ես դու հին հողում Արարատյան 
Մինչև հնչյունը քո դարձել է գիր։ 
Դու ոգին ես եղել մեր եղեգան փողի, 
Ոգու կանչն ես եղել մեր պայքարող… 
Կարող Էինք ապրել անգամ առանց հողի, 
Բայց առանց քեզ ապրել չէինք կարող։ 
Քեզանով են խոսել սեպուհներն ու արքան։ 
Շինականն է խոսել հոգնած ու հեգ՝ 
Չեղյալ իր աատծո, իր սրտի և անգամ 
Իր տանջանքի լծորդ լծկանի հետ։ 
Դու մեր անցած բոլոր ուղիներում մթար, 
Եվ զրահ ես եղել և զորավիգ, 
Մարմնավորել ես դու մեր գաղափարն արդար, 
Դարձել Ցասման Մհեր, Թլոր Դավիթ։ 
Մերթ հնչել ես որպես կռվի կանչող շեփոր, 
Մերթ հառաչել ուրպես սիրտը ցավոտ, 
Հեքիաթներ ես հյուսել, առասպել ու էպոս, 
Ողբերգության մատյան, ասք ու աղոթք։ 
Մերթ բուրել ես որպես վարղավառի ծաղիկ, 
Ճախարակի թելն ես մերթ ոլորել, 
Հայրեններ են դարձել շարական ու տաղիկ, 
Անտունիներ անտուն և հորովել... 
Մաքրությունն ես առել արեգական շողի, 
Լուսավորել ես մեր վերելքն անվերջ, 
Արձագանքն ես եղել մեր մարտական փողի 
Ավարայրից մինչև Թաման ու Կերչ։ 
Դու հնչում ես ահա որպես երգ ու երգում 
Շրթունքների վրա իմ սերնդի, 
Եղբայրական բոլոր լեզուների երթում 
Սրտի խոսքն ես խոսում հողագնդի։ 
Հինավուրց ու նորոգ դու իմ հայոց լեզու, 
Դու ավելի փարթամ պիտի ծաղկես, 
Երբ մեր երազն անգամ հայերեն է հյուսվում, 
էլ կարո՞ղ ենք ապրել մենք առանց քեզ։ 
Ոչ մի մրրիկ ու հողմ մեզնից քեզ չի պոկի, 
Եվ քեզ չի խափանի ոչ մի աղետ, 
Մեր գոյության արև, մեր ինքնության ոգի 
Հավիտենից ի վեր և առհավետ

Комментарии