Բանաստեղծություններ մոր մասին
Շուշանիկ Կուրղինյան
Առաջին սեր
Մայրիկ...տանջվում եմ
Վառ արշալույսին
Սև-սաթ գիշերում
Քունս չի տանում...
Մայրիկ,լուսինն ինձ
Հանգիստ չի տալիս,
Տես,չար աստղերն են
Դիմացս գալիս...
Մայրիկ, ականջիս
Հովն է փսփսում,
Շոյում երեսս
Ինչ-որ բան ասում...
Մայրիկ, վտակը
Աչքով է անում
Ալիքով ասես
Իր գիրկը տանում...
Ախ,մայրիկ,մայրիկ,
Կուրծքս է ճնշվում,
Վառ հուզմունքներից
Սիրտս է մաշում...
Մայիկ,ասա ինձ,
Ինչու եմ տանջվում,
Ես ինչ եմ ուզում,
Ես ում եմ սիրում...
Վահան Տերյան
Կարծես թե դարձել եմ ես տուն
Բոլորն առաջվանն են կրկին,
Նորից դու հին տեղը նստում,
Շարժում ես իլիկը մեր հին.
Մանում ու հեքիաթ ես ասում,
Մանում ես անվերջ ու արագ.
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռքերդ մաշված ու բարակ:
Նայում եմ,մինչև որ անզոր
Գլուխս ծնկիդ է թեքվում.
Նորից ես մանուկ եմ այսօր,
Դրախտ է նորից իմ հոգում:
Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,
Հեքիաթդ անվերջ օրորում,
Իլիկդ խոսում է անուշ...
Վարսենիկ Աղասյան
Մոր սրտի պես
Մոր սրտի պես սիրող սիրտ
Չեմ հավատում,որ լինի,
Անբիծ հայացք ու ժպիտ
Չեմ հավատում,որ լինի:
Մոր գրկի պես ջերմ ու տաք,
Արեգակն էլ շող չունի,
Անբիծ համբույր երկնի տակ
Մոր համբույրն է քնքշենի:
Նրա ցավի պես տանջող
Ցավ չգիտեմ աշխարհում,
Նրա լացի պես մաշող
Լաց չեմ տեսել իմ օրում:
Որքան էլ նա տառապի
Երջանիկ է ու սիրող,
Որքան որ օրը ամպի
Բալից կառնի լույսի շող:
Մոր սրտի պես սիրող սիրտ
Չեմ հավատում,որ լինի,
Անբիծ հայացք ու ժպիտ
Չեմ հավատում,որ լինի:
Վահրամ Ալազան
Մորս պատկերը
Ոնց գիշերվա մշուշում
Ծովում սուզված լուսին սառ,
Ոնց ամպերում մթնած սար
Մորս պատկերն եմ հիշում:
Նրա հայացքն է մաշում
Դեռ իմ սիրտը վիրավոր,
Աչքերը լի խոր ցավով`
Նրա դեմքը տրտմաշուք:
Թպրտացող ու մարող`
Նրա հայացքը` կանթեղ,
Նրա սիրո հուրն անթեղ,
Իմ կարոտը պաշարող:
Վահան Գրիգորյան
Կարոտի գիշեր
Ախ այս գիշեր ձյուն է եկել,
Նստել բարձրիկ մեր սարերին,
Մայրս անքուն լաց է եղել,
Շալը առած կոր ուսերին:
Իջել է ցած սարից քամին,
Թակել դուռը,բացել երդիկ,
Հիշել է նա իր Վահանին
Հեռավոր մի մեծ երկիր:
Այսօր որքան ձյուն է եկել,
Կարոտիս պես մաքուր ու խոր,
Մայր իմ, քեզ պես գիրկն է առել
Ինձ այս երկիրը հեռավոր:
Խաչիկ Դաշտենց
Մայր իմ, ով ես եղել դու
Մայր իմ, ով ես եղել դու
Քեզ եմ կանչում,անուշ մայր,
Քնքշություններ ու բարձեր
Սփոփանքներ թովչական,
Ով խորտակեց արդյոք քեզ
Այս աշխարհում ինձ համար,
Ով կործանեց քեզ,ոսկյա
տիեզերք իմ մայրական:
Աշոտ Գրաշի
Քո ձեռքերը,մայր
Գնամ սարը,վարդեր բերեմ,
Որ գրկիդ մեջ վարդեր բուրեն,
Քո ձեռքերը ես համբուրեմ,
Քո ձեռքերը անուշ են,մայր:
Քո ձեռքերն են ինձ բարուրել,
Քո ձեռքերն են ինձ օրորել,
Քո ձեռքերն են ինձ գուրգուրել,
Քո ձեռքերը անուշ են,մայր:
Քո ձեռքերը`դալար ճյուղեր,
Քո ձեռքերը`գարնան հավքեր,
Քո ձեռքերը`կյանքի երգեր,
Ով է ասում, թե հուշ են,մայր:
Աղավնի
Մայրիկիս
...Միայն հողի հետ կարող եմ չափել
Սիրտը մայրական հավերժ բարեգութ,
Հավերժ սիրառատ և հավերժ անսուտ,
Միայն հողի հետ կարող եմ չափել:
Ու եթե անսուտ այս հողի վրա
Հազար ձևերով կյանքն է բողբոջում,
Այդ նրանից է,որ ծոցում նրա
Հավերժ կենդանի մոր սիրտն է ննջում:
Հարություն Հովնաթան
Մայրս
Երբ որ մայրս էր լալիս,
Լալիս էր սիրտը ամպի,
Ասես անձրև էր գալիս,
Երբ որ մայրս էր լալիս:
Ծառից ընկնում էր տերև,
Ծիլը ելնում էր վերև,
Խաղաղվում էր չար քամի,
Մորս սուրբ լացի ժամին:
Մորս բառը արցունք էր.
Արցունքն իմ մոր`բարձունք էր,
Որ անաղմուկ կիջներ վար,
Երբ որ մայրիկս կուլար:
Արցունքի մեջ մայրիկիս
Չարն ու բարին հաշտ էին,
Մաքրվում էր աշխարհը
Արցունքի մեջ մայրիկիս:
Комментарии
Отправить комментарий