Հ.Հովնաթան-Գարունն այս տարի
Գարունն այս տարի
Հեղեղ կհանի,
Սարերից հողը կտանի ձորին:
Ձորից ծաղիկներ -ծիլեր կհանի,
Եվ բույրերն անուշ կառաքի սարին:
Գարունը` անցնող ամառ կունենա,
Ինչ էլ որ լինի,կունենա աշուն,
Կունենա ձմեռ ու ձյուն կունենա,
Արև կունենա և մշուշ-մշուշ...
Ս.Հարությունյան-Կարոտի երգ
Ծաղկել են ծառերը
Գարուն է արի,
Բարձրանանք սարերը,
Իմ լավ իմ բարի:
Տես, թե մեր աղբյուրը
Ինչպես է կանչում,
Ախ,ուր ես, ուր ես,
Գարնան իմ թռչուն:
Նայիր, անտառներն էլ
Կանաչ են հագել,
Առանց քեզ ամենն այս
Ինչու են ծաղկել:
Ս. Հարությունյան-Ձնծաղիկներ
Ձնծաղիկներ, ձնծաղիկներ...
Դուք էլ ինձ պես շտապել եք,
Եվ բացել եք թերթերը ձեր,
Բայց գարունը դեռ չի եկել
Գարունն էլի խաբել է ձեզ,
Ձնծաղիկներ, ձնծաղիկներ...
Ձնծաղիկներ, ձնծաղիկներ ...
Ում համար որ ծաղկել եք դուք,
Չեք տեսնելու նրան երբեք,
Մինչև նա գա, դուք կթոշնեք,
Ձնծաղիկներ, ձնծաղիկներ...
Իսկ ես այնքան եմ սպասել
Իմ գարնանը, իմ արևին,
Մինչև ձմեռ -ձյուն եմ դարձել...
Ես էլ խաբված եմ ձեզ նման,
Ձնծաղիկներ, ձնծաղիկներ...
Իմ բախտակից ձնծաղիկներ:
Վ. Գրիգորյան- Գարուն
Ջրերն հորդում են.-այդ դու ես, գարուն,
Քեզ ճանաչեցի ես քո ծիծաղից,
Վազում է գետը, երգում է առուն,
Այդ դու ես, գարուն...
Սարից ցած իջան ջրերն արծաթե
Եվ կարկաչեցին որպես ավետիք,
Ամպից ցած իջավ ջրի մի կաթիլ,
Որպես բիլ հակինթ...
Հ. Սահյան- Գարուն էր...
Գարուն էր...սիրտս գնաց,
Բարձունքից-բարձունք ընկավ,
Ոտքիս տակ, ամեն քայլիս,
Մանկության մասունք ընկավ...
Վեր թռա ինչ-որ կանչից,
Տառապած բարձիս վրա
Աչքիցս իրեն-իրեն
Մի կաթիլ արցունք ընկավ:
Վ. Հովսեփյան-Գարնան գովք
Այս ինչ սիրուն գարուն է`
Ամպը ամպին կարում է,
Շողն է ներկել հանդը մեր
Սարյակն աշխույժ պարում է:
Ծիլ ու ծաղիկ նազում են,
Ջրերն անհոգ վազում են,
Թուխ ամպերն էլ սարերին
Որոտալով ասում են.
- Ծովից ելել շարեշար,
Ընկել ենք մենք սարեսար,
Որ հանդերը ձեր դարձնենք
Կանաչ-կանաչ մի աշխարհ:
Комментарии
Отправить комментарий