Սուրբ Հարություն կամ Զատիկ



                    Սուրբ Հարություն կամ Զատիկ



Սուրբ Զատիկը Հայ առաքելական եկեղեցու հինգ Տաղավար տոներից մեկն է և ամենախոշորը` նվիրված  Հիսուս Քրիստոսի Հարությանը: Եկեղեցին Հիսուսի Հարությունը տոնում է որպես Զատիկ, քանի որ նա համարվում է հավիտենական այն զոհը կամ պատարագը, որի միջոցով մարդն ստանում է մեղքերի թողություն, ապա` կյանք և հարություն: Պողոս առաքյալը Հիսուսին հենց այդպես էլ կոչում է` Զատիկ, «…քանզի Քրիստոս` մեր զատիկը, մորթվեց…»:
Զատիկ բառը ստուգաբանվում է որպես զատում, բաժանում` խորհրդանշելով մեղքերի ազատում և վերադարձ դեպի Աստված:
Զատկի նախընթաց երեկոյան եկեղեցում կատարվում է Ճրագալույց և ավարտվում է Մեծ Պահքի շրջանը: Զատկի օրը, վաղ առավոտյան սկսվում է ժամերգությունը, որի ավարտին ընթերցվում են հատվածներ չորս Ավետարաններից, երգվում շարականներ, կատարվում է անդաստան, ապա սկսվում է Պատարագը: Հիսուս Քրիստոսի հարություն առնելը բոլոր քրիստոնյաների համար նույնքան կարևոր է,որքան ծնունդը: Այդ իսկ պատճառով Սուրբ Ծննդյան և Հարության տոները կատարվում են մեծ հանդիսավորությամբ ու ժողովրդական տոնախմբությամբ:
Զատկի տոնը Հայաստանում նշվում է մեծ խանդավառությամբ՝ եկեղեցական տոնին համապատասխան: Ընդունված է, որ այդ օրը պետք է առատ լինեն նաև սեղանները չամչով, եփած փլավով, ներկված հավկիթներով, ձկով, բանջարեղենով, տարբեր կերակրատեսակներով, որոնցից յուրաքանչյուրն ունի իր խորհուրդը: Ըմպելիքներից ընդունված է խմել կարմիր գինի: Այդ օրվա սեղանի զարդը Զատկի կարմիր ձուն է,որը խորհրդանշում է խաչի վրա մարդկանց մեղքերի թողության համար Հիսուսի թափած արյունը:
Զատկի տոնին ընդունված է միմյանց շնորհավորել` «Քրիստոս հարյավ ի մեռելոց» բառերով և ի պատասխան ասել`«օրհնյալ է հարությունը Քրիստոսի»: Սուրբ Հարության տոնին նաև մատաղ են անում: Եփված մատաղը բաժանվում է կիրակի օրը`զատկական պատարագից հետո: Այն տրվում է հատկապես աղքատներին ու կարիքավորներին: Զատիկը նաև տնօրհնեքի օր է: Օրհնվում է տան բարիքը,և տարվա լիությունը ապահովվում է: Հաջորդ օրը`երկուշաբթի,Զատկի մեռելոցն է: Բոլորը,բացի նորահարսներից,այցելում են գերեզմանատուն`իրենց հետ տանելով զատկական կերակուրներ:

Комментарии