ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ


Հովհաննես Շիրազը(Օնիկ Կարապետյան) ծնվել է Կումայրիում (նախկինում` Գյումրի):
Ամբողջ կյանքում նրա համար անմոռաց մնացին գյումրեցի Թադևոսի (հոր) և կարսեցի Աստղիկի (մոր) հետ կապված տպավորությունները: Թադևոսն Ախուրյանի ափին մի հին ու խարխուլ տնակ ուներ, ուր անց էր կացնում աշխատավոր գյուղացու իր կյանքը, գոհություն հայտնելով աստծուն և՛ տվածի, և չտվածի համար:

Կգար հայրս Շիրակի հովերի հետ, իրիկվա,
Կշողշողար բահն ուսին, սարից ելնող լուսնի պես...

Բայց ահա սպանվում է հայրը, իր իսկ խրճիթի շեմին, թուրքական արշավանքի ժամանակ: Սկսվում է մանուկ Օնիկի տխուր մանկությունը, որն անցնում է գյուղից-գյուղ, բանջարանոցից-բանջարանոց, մինչև որ ծվարում է Ալեքսանդրապոլի որբանոցում:
«Որբանոցից շատերն էին փախչում,― պատմում է Շիրազն ինքնակենսագրականում,― մեծ մասը դեպի շուկա, իսկ ես` դեպի Արփաչայի հովիտները` փնտրելու հայրիկիս բոստանը: Եվ մի վայրկյան ծաղիկների ու կակաչների մեջ մոռանում էի, որ որբ եմ»:
Անհանգիստ ու կրակոտ խառնվածքը, սակայն, փողոց է նետում նաև Օնիկին, ուր վխտում էին անապաստան երեխաները: «Ջուր տամ, պաղ ջուր, պուլպուլակի սառը ջուր»,- կանչելով թափառում էր նա, բայց իր իսկ խոստովանությամբ, միշտ ձախողակ ու անհաջող:
Բայց ահա այդ ձախողակ օրերի մեջ փայլում է «ճակատագրական մի սուրբ վայրկյան»: Փողոցով անցնում է սև հացի բոքոնը ձեռքին մի խեղճ կին: Սոված Օնիկը փորձում է փախցնել հացը, բայց կինը բռնում է նրան ու ... սեղմում կրծքին: Այդ նրա մայրն էր` Աստղիկը, որ վերջապես գտել էր կորած որդուն: Նա փաղաքշելով ու «գիժ ջան, գիժ» կրկնելով տուն է տանում որդուն, որը հին ու կիսափուլ խրճիթ էր: Մոր խոսքը օրենք էր Օնիկի համար, իսկ նա խորհուրդ է տալիս` «Արհեստ սովորիր... արհեստն է մարդուն ոսկե բիլազուկ»:
Արհեստներով հարուստ քաղաք Գյումրիում Շիրազն սկզբում դառնում է կոշկակարի աշակերտ, ապա զբաղվում այլ արհեստներով, բայց ոչ մի զբաղմունք դուր չի գալիս նրան: Դպրոցում էլ նա լավ սովորողներից չէր: Միայն հայոց լեզուն էր, որ հարազատ էր նրան: Այստեղ էլ երևում էր նրա բնածին տաղանդը: Հասակակիցներից ստանալով «խելառ» մականունը, պատանին սկսում է անընդհատ հանգեր հորինել, բառեր կառուցել, բանաստեղծություններ գրել: Գրում է ձեռքն ընկած պատառոտված թղթերի, ինչ-որ տեղից ճարած թղթե անձեռոցիկների վրա: Այդ օրերին Գյումրիում իր գրական մայրամուտն էր ապրում Ատրպետը, որին էլ ապագա գրողը ծանոթացնում է իր բանաստեղծական գաղտնիքներին: Ատրպետը դառնում է Շիրազի առաջին քննադատը և առաջինն էլ կռահում, որ ծնվող բանաստեղծը օժտված է շքեղ տվյալներով:
1930 թ. պատանի Շիրազի բանաստեղծությունները տպագրվում են տեքստիլ գործարանի թերթում: Այդ գործարանում նա աշխատում էր որպես ջուլհակ: Բայց Շիրազի երազանքը «Բանվորի» էջերն էին: Հեռու չէր նաև այդ օրը: Իսկ հետո, ժամանակի գրական երիտասարդության հովանավոր Վահրամ Ալազանի շնորհիվ երիտասարդ բանաստեղծի անունը շրջում է Երևանում:
Հովհ. Շիրազը սովորել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետում, այնուհետև` Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացներում:
1984 թ., երբ այլևս չկար Շիրազը, գրականագետ Սուրեն Աղաբաբյանը գրում է.
«...Ամեն օր, նույն ժամին հայտնվում էր Աբովյան, Ամիրյան, Տերյան փողոցների խաչմերուկներում` գլխին հավաքելով իր տաղանդի երկրպագուներին: Սրանք ասես թե հաղորդակցվում էին Նոյի վաղնջական ժամանակներից, Ավարայրի ռազմադաշտերից, Անիի բերդապարիսպներից, հայոց պատմության քառուղիներից մեր օրերը հասած հրաշագործ առասպելական հերոսի հետ: Այլևս չի երևալու ազգային ըղձասացի արծվենի կերպարանքը, այլևս բազմությունները չեն լսելու նրա կենդանի, սրամիտ, պատկերավոր խոսքը, այլևս Հովհաննես Շիրազը անցել է հավերժության գիրկը` անմահների համար սահմանված հավերժության օրենքով»:
Հովհաննես Շիրազը պաշտում էր երեխաներին: Նա նրանց համար մինչև ափերը լցված բարության ծով էր:

Երբ գրկում եմ բալիկներիս,
Ձեզ եմ գրկում հայ բալիկներ,
Երբ գրկում եմ ձագուկներիս,
Ձեզ եմ գրկում հայ գալիքներ:
Կուզեմ դառնան տիեզերքիս
Աստղերը ձեզ խաղալիքներ:

Комментарии