ՊԱՏՎԱԿԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ

 ՊԱՏՎԱԿԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՄԱՍԻՆ




Գյումրեցի արձակագիր Պատվական Ղուկասյանը թեև այսօր ֆիզիկապես չկա, սակայն իր գրական ժառանգությունն ապահովում է նրա հոգևոր ներկայությունը: Իր ստեղծագործություններում հեղինակը բարձրաձայնում է մարդկային ու հայկական այն արժեքների մասին, որոնք 1970 – 80-ական թվականներին հաճախ ոտնահարվում էին: Արձակագիր Պատվական Ղուկասյանի 75-ամյակի առթիվ Գրողների միության Գյումրիի բաժանմունքում կայացել է նրա մասին պատմող ֆիլմի շնորհանդեսը: Արձակագիր Պատվական Ղուկասյանի 75-րդ տարեդարձի կապակցությամբ գյումրեցի գրողները կազմակերպել էին փոքրիկ միջոցառում և նրա կյանքի ու ստեղծագործության մասին պատմող ֆիլմի ցուցադրում, որին ներկա էր նաև արձակագրի որդին: Արձակագիրը կյանքից հեռացել է 21 տարի առաջ` զոհ գնալով 1988թ. երկրաշարժին: Կյանքի վերջին տարիներին եղել է Գրողների միության Լենինականի բաժանմունքի պատասխանատու քարտուղարը: Հարազատների ու ընկերների հիշողություններում նա մնացել է որպես կատակասեր անձնավորություն:

                                                            ***
Արմեն Ղուկասյան , ավագ որդին .”Մայրս ինձ դաս էր տալիս: Շատ խիստ էր: Իմ հանդեպ` հատկապես: Մի անգամ խալաթ չբերելու համար դասից դուրս հանեց եւ ուղարկեց խալաթի հետեւից: Հայրս սիրում էր պառկած աշխատել: Անկողնում էր գրում: Մտա ներս, հարցրեց` ինչու ես եկել: Ասացի` մեր քիմիայի դասատուն խփեց ու ասաց, թե ինչու խալաթս չեմ բերել: Ակնոցը դրեց, նայեց ինձ ու ասաց` Էհ, ասեիր` մայրս չի լվացել:”

                                                           ***
Իր ստեղծագործական կյանքի ընթացքում Պատվական Ղուկասյանն ընթերցողին հասցրել է ներկայանալ չորս գրքով, որոնցում կերտել է բարի, արդար հայի կերպարը: Նրա հերոսներն ապրում են հետպատերազմյան տարիներին` կրելով կյանքի կրկնապատկված դժվարությունները: Հեղինակի մտերիմները հիշում են, որ ժամանակի գրականագետները բարձր էին գնահատում նրա մատուցման ոճն ու ճաշակը: Նրա մի ստեղծագործություն ուսանող ընկերներից մեկը բեմադրել է ԲՈւՀ-ում` զարմանք պատճառելով դասախոսներին:

                                                           ***
Ստեփան Միքայելյան , մանկագիր .”Ինքը գրել էր ՙԹե ինչպես սատանան մարդ դարձավ՚ գործը: Իր ընկերը պիեսի էր վերածել: Դասախոսները զարմացել էին, հարցրել, թե ում գործն է, չլինի Շեքսպիրի քիչ հայտնի գործերից է: Ասել էր` չէ, իմ ընկերն է հեղինակը:”

                                                            ***
Լեւոն Անանյան , ՀՀ Գրողների միության նախագահ .”Էն հոգեւոր ու հայեցի արժեքները, որ 70 – 80-ական թվականներին հաճախ ոտնահարվում էին, իբրեւ գրող Պատվական Ղուկասյանն անտարբեր չէր այդ արժեքների քարոզման առումով:”

                                                           ***
Արմեն Ղուկասյան , ավագ որդին .”Գեղեցիկ, ճիշտ մարդու, հայ մարդու կերպարն է իր ստեղծագործություններում: հիմնականում հետպատերազմյան ծանր ժամանակները վերապրած սերունդն է ներկայացված այնտեղ:”

                                                           ***
Գրողները Պատվական Ղուկասյանի գործերը բարձր են գնահատում մեկ տեսանկյունից եւս: Այնտեղ պահպանվել է անցած դարի 70 – 80-ական թվականների լենինականցին` իր վարք ու բարքով, աշխարհայացքով եւ Լենինականը` իր այդ ժամանակվա կոլորիտով ու կենցաղով:

Комментарии