Հայաստանի անկախության հռչակագիրը


                                

 

  1990թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանն ընդունեց «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին», որով Հայաստանի անկախացման գործընթացի սկիզբը դրվեց։
   Հռչակագրի քաղաքական բաժնում նշվում էր, որ ՀԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն (Հայաստան)։ Այսպիսով, Հայաստանի պատմության մեջ սկսվում էր երրորդ հանրապետության շրջանը։ Կարևոր է նշել, որ թեև Խորհրդային Հայաստանը դեռևս ԽՍՀՄ կազմում էր և չէր օգտվում իրական պետական անկախությունից, սակայն այդ շրջանում ձեռք բերված հաջողությունների հիմքի վրա էր, որ հնարավոր եղավ կյանքի կոչել երրորդ հանրապետությունը։
     Հռչակագրի հատուկ հոդվածով ընդունվում էր հանրապետության օրենքների գերակայությունը ԽՍՀՄ օրենքների նկատմամբ։ Եթե ԽՍՀՄ տվյալ օրենքը հավանություն չէր ստանում Հայաստանի Գերագույն խորհրդի կողմից, ապա այն չէր կարող գործել հանրապետությունում։ Պետական դրոշ հաստատվեց եռագույնը՝ կարմիր, կապույտ, նարնջագույն, որն առաջին հանրապետության դրոշն էր։ Այնուհետև ընդունվեց նոր պետականության մյուս խորհրդանիշը՝ զինանշանը, որը նույնպես առաջին հանրապետության խորհրդանիշն էր։ Հայաստանը պետք է վարեր ակտիվ արտաքին քաղաքականություն, ունենար իր դիվանագիտական ներկայացուցչությունները տարբեր երկրներում։
   Փաստաթղթի տնտեսական բաժնում նշվում էր, որ Հայաստանի տարածքում հողը, նրա ընդերքը, ձեռնարկությունները համարվում են հայ ժողովրդի սեփականությունը։ Երկրի տնտեսության հիմքում պետք է ընկած լինեն մասնավոր սեփականատիրական և ազատ շուկայական հարաբերությունները։ ՀՀ-ն պետք է ունենար սեփական դրամական համակարգ։
   Մշակութային բաժնում հատուկ ուշադրություն էր հատկացվում հայերենի, իբրև պետական լեզվի, կիրառման հարցին։ Հանրապետությունում ներքին ամբողջ գործավարությունը պետք է կատարվեր միայն հայերենով։
   Հռչակագիրն արտոնում էր մարդու իրավունքների հարգում, խղճի, կուսակցությունների, ժողովների, մամուլի ազատություն։ Վերականգնվում էին Հայ առաքելական եկեղեցու իրավունքները։
   Մինչև նոր սահմանադրության ընդունումը հռչակագիրը ծառայելու էր իբրև ծրագրային փաստաթուղթ։

      1990 թ. Անկախության հռչակագրից հետո ՀՀ Գերագույն խորհրդի որոշումով 1991 թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի տարածքում անցկացվեց հանրաքվե: Հայաստանի Հանրապետության բնակչությունը պատասխանեց հետևյալ հարցին. «Համաձայն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ, ժողովրդավարական հանրապետություն` ԽՍՀՄ կազմից դուրս»: Հայ ժողովուրդը միասնաբար, ավելի, քան 99% ձայների մեծամասնությամբ «այո» ասաց անկախությանը: Եվ սեպտեմբերի 23-ին ՀՀ Գերագուն խորհուրդը, ամփոփելով հանրաքվեի արդյունքները, Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն:
    Հայ ժողովրդի կյանքում նոր ուղի բացվեց` անկախության ուղին:
   Գերագույն խորհրդի կողմից անկախության հռչակումից հետո տասնյակ պետություններ ճանաչեցին Հայաստանի Հանրապետությունը: Առաջինը Լիտվան է, որ ՀՀ-ն ճանաչել է դեռ մինչև անկախության հռչակումը` 1991 թ. օգոստոսի14-ին: Ապա 1991 թ. ընթացքում ևս 47 պետություն ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը.
   Այժմ Հայաստանի Հանրապետությունը կայացած ու անկախ պետություն է:
   Շնորհավորում ենք բոլորին Անկախության տոնի կապակցությամբ ու մաղթում, որ  ներկա և  հաջորդ սերունդները  ապրեն օր օրի զարգացող ու հզոր Հայաստանում:
          

Комментарии