Թարգմանչաց տոն



  

   
 Թարգմանչաց տոնը Հայաստանի Հանրապետությունում սահմանված (2001 թ-ից) պետական տոն է՝ նվիրված հայ գրերի գյուտին, թարգմանչաց շարժմանը և մշակույթի նշանավոր գործիչներին, իսկ Հայ առաքելական եկեղեցին Աստվածաշունչն առաջինը հայերեն թարգմանողներին` որպես առանձնահատուկ շնորհով օժտվածների, դեռևս վաղ միջնադարում դասել է եկեղեցու սրբերի շարքը և սահմանել հատուկ՝ Սրբոց թարգմանչաց տոն:
    Թարգմանչաց տոնը նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը: Տոնակատարությունը պաշտոնապես բացվում է Օշականում՝ Հայոց այբուբենին նվիրված հուշարձանի մոտ: Երևանում, Գառնիում և այլ վայրերում կազմակերպվում են շքեղ տոնախմբություններ: Տոնի առթիվ լավագույն թարգմանիչներին (հայ և օտարազգի) շնորհվում է Հայաստանի գրողների միության Եղիշե Չարենցի անվան մրցանակ: 2005 թ-ից կազմակերպվում է թարգմանիչների ամենամյա միջազգային գիտաժողով:
  Թարգմանչաց շարժումը ծավալվել է հայ գրերի ստեղծումից անմիջապես հետո՝ 405 թ-ին, որի նպատակը երկիրը հունական ազդեցությունից ազատելն էր՝ հայոց դպրոցներ հիմնելու, քրիստոնեական կարևոր գրքերը և այլ երկեր հայերեն թարգմանելու, եկեղեցական ծեսերը հայկականացնելու, ինքնուրույն հայալեզու դպրություն սկզբնավորելու միջոցով: Շարժումը նաև պետական շահեր էր հետապնդում. հայոց գրերի ստեղծմամբ Արշակունիների թուլացած գահի պաշտոնական գրագրությունը հունարենից և ասորերենից պետք է անցներ հայերենի, իսկ հայալեզու դպրոցն ու գրականությունը հայալեզու եկեղեցու միջոցով պետք է նեցուկ դառնային հայոց պետականության ու ժողովրդի ինքնության պահպանմանը: Վռամշապուհ արքայի աջակցությամբ թարգմանչաց շարժումը գլխավորել են Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Պարթևն ու նրանց աշակերտները՝ Մովսես Խորենացին, Եղիշեն, Կորյունը, Եզնիկ Կողբացին, Դավիթ Անհաղթը, Հովսեփ Պաղնացին, Ղևոնդ Վանանդեցին, Մամբրե Վերծանողը, Ղազար Փարպեցին և ուրիշներ:
   Առաջինը թարգմանվել է Աստվածաշունչը և այնքան կատարյալ, որ ֆրանսիացի գիտնական Լա Կրոզը (1661–1719 թթ.) այն համարել է «Թարգմանությունների թագուհի»: Առաջին նախադասությունը, որ թարգմանվել ու գրվել է հայերեն՝ «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարո», Սողոմոն Իմաստունի «Գիրք առակաց»-ից է: V դարում հունարենից և ասորերենից թարգմանվել են բազմաթիվ երկեր՝ Աթանաս Աղեքսանդրացու, Բարսեղ Կեսարացու, Կյուրեղ Երուսաղեմացու, Եփրեմ Ասորու, Հովհան Ոսկեբերանի, Գրիգոր Նազիանզացու, Պորփյուրոսի, Արիստոտելի, Պլատոնի և ուրիշների գործերից: Հետագայում այդ հեղինակներից մի քանիսի՝ Փիլոն Աղեքսանդրացու, Բարդուղիմեոս Բոլոնիացու, Պետրոս Արագոնացու և ուրիշների որոշ երկեր պահպանվել են միայն հայերեն թարգմանություններով. հունարեն և լատիներեն բնագրերը կորել են:
   V դարի թարգմանական գրականությունը հիմք է ստեղծել հայ ինքնուրույն՝ մեկնողական, աստվածաբանական, դավանաբանական, իմաստասիրական, պատմական և այլ գրականության ստեղծման համար: Թարգմանչաց շարժման կարևոր նվաճումներից էր նաև Հայաստանի տարբեր վայրերում հայկական դպրոցների ստեղծումը, որոնք դարձան հայ գրականության և մշակույթի հետագա զարգացման, հայ ժողովրդի ինքնության պահպանման հիմքը:
   Թարգմանչաց տոնը Հայ եկեղեցին նշում է տարին 2 անգամ. հունիսի վերջին կամ հուլիսի սկզբին Օշականում՝ Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի տոնը, իսկ հոկտեմբերին՝ Մեսրոպ Մաշտոցի ու նրա սաների առաջին թարգմանություններով սկզբնավորված հայ դպրության ու մշակույթի տոնը:
    Տարբեր ժամանակներում հայ թարգմանիչներին ձոնվել են ներբողներ, բանաստեղծություններ, հոգևոր և ժողովրդական երգեր: Թարգմանչաց շարժմանը և թարգմանիչներին է նվիրված Վարդան Արևելցու «Որք զարդարեցին» շարականը, որտեղ գովերգվում է թարգմանիչների ազգանվեր գործը: Հայոց մեջ տարածված են Սբ Թարգմանչաց անունով վանքեր, եկեղեցիներ, կրթական կենտրոններ (ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի ենթաշրջանի Այգեշատ գյուղի Սբ Թարգմանչաց եկեղեցին, Կոստանդնուպոլսի Թարգմանչաց վարժարանը և այլն):


Комментарии