ԱՇՈՒՆ




***                                                                                                          




Աշունը եկել հավքի փետուրի պես
Անձայն ու քնքուշ սրտիս է նստել:
 Ոսկի տերևի գույնով ճամփաս է պատել
Ու հիմա միայն դեղինն է ի տես

Իմ կանաչ աչքերին հասու դարձել:
Լսում եմ. այնտեղ՝ ինչ-որ տեղ հեռվում,
Քամին է վայրագ սառը հողմի հետ
Դեղնած տերևները ցիրուցան անում,
Արևի շողը զատում ջերմությունից,
Ու ջերմությունը՝ շողից գողացած

Իր հետ դեպի հյուսիս տանում:
Չարախինդ ժպիտը դեմքից անպակաս՝
Սպառնում է աշխարհին, մարդկանց,
Բարկանում հաճախ ու պոկում արդեն
Տերևները դեղին ծառերից կառչած:
Սլանում հեռու և նոր ուժով կրկին
Ոռնոցով լցնում դաշտերը դատարկ,
Բախվում լեռներին, ցավից սսկվում,
Հեռանում, բայց նորից ու նորից
Գալիս է զարկվում, փոշին ամպ սարքում,

Զայրանում,  ու տեսնելով որ անզոր է,
Լալիս է ու անձրև է մաղում,
Մրսած դաշտերին, սառը քարերին
Ամպից պոկված կաթիլով պատում՝
Աշուն է աշուն, քթի տակ երգում:
Իսկ Աշունը՝ ոսկով պատված,
Գահն է զարդարում տերևով դեղնած,
Հիանում իր ոսկի հանդերձով երկար,
Որ պատել է լե՜ռ ու անտառ:
Հորիզոնից անծայր ոսկի է հիմա,
Ու ոսկին այդ սահմանն է իր արքայության:
Լսվում է հանկարծ մեղեդին աշնան,
Այնպես քնքուշ է այն ու հուզիչ այնքան,
Որ քուն է բերում ծառերին հոգնած,
Ու լցնում սրտերը մեր ինչ-որ թախիծով.
Այդպես ստիպում հիանալ իրենով միայն.
«Աշուն է Աշուն՝ ոսկով պատված,
Կաթիլն անձրևի ապուց կախված»,
Լսվում է հեռվից Աշնան մեղեդին:
Թախծոտ է այն, բայց հուզմունք կա անչափ.
Շուրջս Աշունն է՝ ոսկով պատված...

***
Այսօր Աշունն է ոսկի
Գույներով պատել իմ հոգին.
Այնտեղ ինչ-որ թախիծ կա, և...
Անպատասխան առաջին սիրո
Հուշեր կան անգին...
Սրտումս Արևի վերջին
Ջերմ շողեր կան, ու...
Հույսի մի մասնիկ է
Ծվարել այնտեղ.
Գուցե Արևի վերջին շողերի հետ
Հույսն էլ հեռանա՝
Վերջին լույսն իմ...
Հիմա աշուն է ու գույներով լեցուն,
Բայց խորհրդավոր հառաչ կա
Իմ հոգում այսօր,
Դեղնած տերևների խշշյուն, ու...
Ու ես ակամա լացել եմ ուզում,
Քո անձրևի հետ, Աշո՜ւն ի՛մ ոսկի,
Օ՜ այդ դո՞ւ ես լալիս...
Լա՛, աշուն իմ, ու գուցե...
Գուցե այդժամ թեպետ և  գունեղ,
Բայց մեռած տերևդ
Նորից շունչ առնի...
Լա՛ իմ ընկեր, հոգիդ ազատիր,
Արցունքդ վանիր, որ...
Որ Արևը նորից շող հյուսի
Բնության գրկում:
Տե՜ս, ես լալիս եմ,
Այդպես ազատում հոգիս
Թախիծից քո ոսկի,
Որ արևը նորից հոգուս հյուր գա,
Հույսը մնա, չհեռանա,
Եվ նոր շնչով գարունը հյուր գա՝
Քեզ պես գունեղ, բայց կյանքի շնչով:
Տես իմ ընկեր, Աշո՛ւն իմ բարի,
Այժմ իմ հոգում գույներ կան բազում,
Բայց ոչ միայն քո ոսկին,
Այլև գարնան ծաղկունքի՝ երփներանգ....


ԱՆՏԱՌՈՒՄ
                                                                                                           


Անտառում ամպի ծվեններ կային,
Կապույտ մշուշներ կային անտառում.
Օրոր էր ասում աշունն անտառին.
Բայց դեռ անտառի քունը չէր տանում։
Շշուկներ կային անտառում այնքա՜ն
Եվ խոնավ-խոնավ բուրմունքներ կային....
Իրար փաթաթված ստվեր ու կածան,
Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքե՜ր մարդկային։
Եղյամն էր սնկի գլուխն արծաթում,
Մրսում էր կարծես վայրի նշենին,
Հանգստանում էր հողմը բացատում՝
Ականջն ամպրոպի ազդանշանին։
Եղնիկի հորթը, մամուռը դնչին,
Թռչում էր իր մոր բառաչի վրա,
Եվ որսկանը թաց խոտերի միջին
Կորած հետքերն էր որոնում նրա։
Փայտահատը հին երգն էր կրկնում
Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,
Թեղին անտարբեր ականջ էր դնում
Տապալված կաղնու խուլ հառաչանքին։
Անտառապահի տնակի առաջ
Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,
Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ
Սոճու հետ սիրով զրույց էր անում...
Անտառում խորին խորհուրդներ կային
Եվ արձագանքներ կային անտառում,
Օրոր էր ասում աշունն անտառին,
Սակայն անտառի քունը չէր տանում։
                                                          Հ.Սահյան

ՇՇՈՒԿ ՈԻ ՇՐՇՅՈՒՆ
Աշնան մշուշում շշուկ ու շրշյուն,
— Բարդիներն են բաց պատուհանիս տակ,—
Դու ես, որ դարձյալ թախիծով հիշում,
Կանչում ես նորից կարոտով հստակ։
Անտես ու հուշիկ իմ շուրջը շրջում,
Եվ շշնջում ես, և անուշ շրշում,
Պայծառ տրտմությամբ ինձ ես անրջում
Ու գաղտնի սիրով սիրում ու հիշում։
Ամպերը ճերմակ երամով անցան
Թռչունների պես,— լուսեղե՜ն երազ,—
Դո՛ւ ես, որ դարձյալ ժպտացիր անձայն
Քո հեռու հեռվից, անհայտ ու անհաս։
Ջրերն են անվերջ միգում հեկեկում,
— Իմ սիրտն է լալիս կարոտով անհուն,—
Թվում է, որ դու տխրությամբ անքուն
Ինձ ես որոնում աղոտ աշխարհում։
Եվ ժպտում ես ինձ, ակնարկում քնքուշ
Ու գաղտնի սիրով սիրում ու հիշում,
Եվ շշնջում ես, և շրշում անուշ,
Անտես ու հուշիկ իմ շուրջը շրջում։                           
                                                               Վ.Տերյան

Տերև

Արդեն իջնում է եղիյամը սարին,
Ցուրտ քամին արդեն քաղաք է մտնում,
Բայց համառում է մի տերև ծառին...
Արդյոք դրա մեջ նա ինչ է գտնում:
Ինչ է երազում տերևն այդ ոսկի,
Ինչ խորհուրդ ունի սոսափը նրա
Ինչու է մնում մերկացած ոստի
Թույլ ու դողդոջուն մատների վրա:
Երևի գիտե,որ կընկնի դողով,
Մամուռ կդառնա մամռած մի քարի
Եվ ուզում է,որ թեկուզ մի օրով իրենով աշնան կյանքը երկարի:
                                                                        Հ.Սահյան

Քամու համբույրը

Քամու համբույրից դողած մի տերև,
Շշուկով դիպավ իր հարևանին
Խշխշած հանկարծ իմ գլխի վերև
Եվ տարուբերվեց հինավուրց կաղնին:
Կռացավ կաղնին,նորից բարձրացավ
Ճյուղերով դիպավ ուրշ մի ծառի,
Եվ շշուկն այսպես ծառից ծառ անցավ,
Հասավ հեռավոր խորքերն անտառի:
Ալեկոծվում էր անտառը հուզված
Ու ոսկեզօծված գլուխն օրորում,
Իր մեծ գրկի մեջ քամու համբուրած 
Փոքրիկ տերևն էր կարծես որոնում:
 Խշշում էր անտառն ու տարուբերվում
Երկինք էր հասնում խշշոցը նրա...
Իսկ քանմին ուրախ սուլում էր հեռվում
Եվ ծիծաղում էր անտառի վրա

ԱՇՈՒՆ

Մեգ է, անձրև ու մշուշ
Իմ այգում մերկ,
Դառը թախիծ ու վերհուշ, —
Անվախճան երգ։
Հողմն է լալիս թփերում
Մերկ ու վտիտ.
Ցուրտ է, խավար է հեռուն
Եվ անժպիտ։
Սիրտըս թախծոտ ու խոցոտ,
Հոգիս հիվանդ, —
Ո՞վ արևոտ ու բոցոտ
Կըվառե խանդ։
Տունըս ավեր ու խավար՝
Օրըս անլույս,
Ո՞վ կըվառե ոսկեվառ
Երազ ու հույս….
                                   Վ.Տերյան


ԱՇՆԱՆ ՄԵՂԵԴԻ

Աշուն է, անձրև… Ստվերներն անձև
Դողում են դանդաղ… Պաղ, միապաղաղ
Անձրև՜ ու անձրև …
Սիրտըս տանջում Է ինչ-որ անուրախ
Անհանգստություն…
Սպասիր, լսիր, ես չեմ կամենում
Անցած լույսերից, անցած հույզերից
Տառապել կրկին.
Նայիր, ա՜խ, նայիր, ցավում է նորից
Իմ հիվանդ հոգին…
Անձրև է, աշուն… Ինչո՞ւ ես հիշում,
Հեռացած ընկեր, մոռացած ընկեր,
Ւնչո՞ւ ես հիշում.
Դու այնտեղ էիր, այն աղմկահեր
Կյանքի մշուշում…
Դու կյա՛նքն ես տեսել, դու կյա՛նքն ես հիշում —
Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լո՜ւյս…
Ես ցուրտ մշուշում.
Իմ հոգու համար չկա արշալույս —
Անձրև՜ է, աշո՜ւն…
                                       Վ.Տերյան                 

Комментарии