Հրանտ Մաթևոսյան




Հրանտ Մաթևոսյան /1935 – 2002թթ./

Հրանտ Մաթևոսյանը ծնվել է 1935թ. Լոռիում, Ալավերդու շրջանի Ահնիձոր գյուղում։ Սովորել է գյուղի դպրոցում: Բարձրագույն կրթությունը ստացել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում։ Ավելի ուշ ավարտել է Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացները։ Սովորելուն զուգընթաց աշխատել է տպարաններում և խմբագրություններում։ Գրական գործունեությունը սկսել է 60–ական թվականներից։
Առաջին տպագիր գործը «Ահնիձոր» ակնարկն էր, որը մեծ աղմուկ բարձրացրեց։ Ոմանց ակնարկի տպագրության համար նույնիսկ պատժեցին: Այդ ակնարկում Մաթևոսյանը նկարագրում էր ժամանակակից գյուղի և գյուղացու ծանր վիճակը։ Ընթերցողների կողմից ակնարկը շատ լավ ընդունվեց։ Մաթևոսյանի հետագա ամբողջ ստեղծագործությունը կապված է գյուղի հետ։ Ժամանակակից աշխարհի խնդիրները նրա գործերում արտացոլվեցին գյուղական կյանքի պատկերների միջոցով, որովհետև այդ տարիներին գյուղը առհասարակ դարձավ հասարակական ուշադրության կիզակետերից մեկը։
1960-ական թվականները գրական վեճերի և որոնումների տարիներ էին։ Դրանք առանձնապես արդյունավետ եղան արձակում: Նոր սերնդի արձակագիրները, որոնց մեջ էր նաև Մաթևոսյանը, որոնում էին կյանքի պատկերման նոր եղանակներ, ուշադրություն էին դարձնում կյանքի այն կողմերին, որոնք դուրս էին մնացել գրականության ուշադրությունից։ Գրականություն եկավ նոր տիպի հերոս, որը շատ էր մտածում, շատ էր քրքրում իր և ուրիշների կյանքը՝ փորձելով հասկանալ կյանքի դժվարին ու դրամատիկ ոլորանները։ Արձակի այս շարժման մեջ Մաթևոսյանը մեծ ներդրում ունեցավ։ Նա գրում էր համեմատաբար քիչ, բայց նրա վիպակներն ու պատմվածքները հասարակական լայն արձագանք էին գտնում ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում և նախկին Խորհրդային Միության այլ հանրապետություններում։
«Մենք ենք, մեր սարերը» վիպակում նա պատկերում է գյուղի հովիվների առօրյան, և այստեղ արդեն ուժեղ է բողոքը այն պայմանների դեմ, որոնք աղավաղում են գյուղացիների կյանքը, թույլ չեն տալիս նրանց ապրել պարզ, բնական օրենքներով։ Այս խնդիրն ավելի է սրվում նրա հաջորդ գործում՝ «Աշնան արև» վիպակում։ Նրա գյուղացի հերոսները հաճախ դժվար բնավորություն ունեցող մարդիկ են, որոնք իրենք դժվար են ապրում և դժվարացնում են իրենց կողքի մարդկանց, իրենց հարազատների կյանքը։ Բայց նրանք ծանր աշխատանքի մարդիկ են, նրանց աշխատանքով է երկիրը շենանում։ Այդպիսին է նրա «Աշնան արև» վիպակի հերոսուհի Աղունը, որի կյանքում դառն օրերը շատ շատ են եղել, ուրախ օրերը շատ քիչ. բայց նա համառ է, չի կոտրվում և առաջ է տանում իր դժվար գործը՝ մեծացնում է իր երեխաներին, ստեղծում է իր տնտեսությունը և արհամարանքով նայում այն մարդկանց, որոնք թույլ են ու նվնվան։ Առհասարակ, աշխատանքի հանդեպ վերաբերմուքը դառնում է այն չափանիշը, որով ստուգվում են նրա հերոսների մարդկային արժանիքները։ Նրա գործերում չեն սիրում այն մարդկանց, որոնք լքում են քայքայվող գյուղը և փախչում քաղաք՝ թեթև կյանք փնտրելու, անտեր թողնելով իրենց հայրական տունը, դարերի իրենց ժառանգությունը։ Ամեն մեկը այս կյանքում պետք է տանի իր բեռը, կողքի մարդու կյանքը ավելի չծանրացնելու, մարդկանց օգնելու և արժանապատիվ գոյությունը ապահովելու:
Մաթևոսյանի ամենահայտնի գործերից մեկը «Տերը» վիպակն է։ Նրա հերոսը ևս գյուղացի է, գյուղի անտառապահը, որը կապված է իր գյուղին ու բնությանը և շատ է ուզում, որ գյուղը չլքվի, չվերանա, իսկ անտառը չթալանվի։ Նա իրեն տեր է համարում։ Նա պայքարում է բոլոր նրանց դեմ, ովքեր գյուղին ու բնությանը մոտենում են գիշատիչների պես, թալանելու և հարստանալու համար միայն։ Բայց դրանք շատ են, իսկ Ռոստոմը՝ տերը, մենակկապես 20–րդ դարի մարդ է, թեև գյուղացի ու առերևույթ հեռու քաղաքակրթությունից։ Եվ Մաթևոսյանի խոսքը հենց համապատասխանում է այդ մարդու հոգեբանությանը։ Մյուս կողմից, այդ ոճը դժվարացնում է Մաթևոսյանի որոշ գործերի ընթերցանուը։
Մաթևոսյանը միակն է հայ արձակագիրներից, որը ստացավ նախկին ԽՍՀՄ-ի պետական մրցանակ։ Նրա գործերը թարգմանված են նաև աշխարհի տարբեր լեզուներով։
Հրանտ Մաթևոսյանը մահացել է 2002 թվականին:
 






Комментарии